Հայ Ազգային կոնգրեսի անդամ Դավիթ Շահնազարյանի կանխատեսմամբ` դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովում ԼՂ խնդրի վերաբերյալ չի ընդունվի ճանապարհային քարտեզ, որովհետեւ դա նշանակում է՝ կարգավորման հստակ ժամանակացույց ու ծրագիր:
Ըստ նրա` Աստանայում, ամենայն հավանականությամբ, կլինի հայտարարություն, որով կնշվեն Մադրիդյան սկզբունքների այն կետերը, որոնց շուրջ կողմերն ունեն համաձայնություն: Իսկ եթե Հայաստանի շահերին դեմ որեւէ ձեւակերպում հայտնվի ԵԱՀԿ որոշումներում, ապա, ըստ Շահնազարյանի, Հայաստանը չի կարողանալու դրա դեմ պայքարել։ «ՀՀ իշխանություններն այնքան ցածր իմունիտետ ունեն, որ ռիսկ չեն անի վետոների պատերազմ սկսել, չեն կարող իրենց կամքը պատրադրել ԵԱՀԿ գագաթաժողովին»,- նկատել է Շահնազարյանը: Նա անդրադարձել է նաեւ Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպմանը` ասելով, թե լավ է, որ ընդունված հռչակագիրն ունի հումանիտար ուղղվածություն, սակայն այն ունի նաեւ շատ լուրջ եւ Հայաստանի ու Արցախի համար քաղաքական ու միջազգային իրավունքի տեսակետից վտանգավոր բովանդակություն. «Նախագահների մակարդակով ստորագրվել է մի փաստաթուղթ, որով Հայաստանը ընդունել է, որ ինքը գտնվել եւ գտնվում է Ադրբեջանի հետ պատերազմի մեջ: Ցավոք, դա ըստ այս փաստաթղթի, դժվար է վիճարկել: Ընդ որում` երրորդ կողմ չկա: Եթե երկու պետություններ պայմանավորվածության են գալիս ռազմագերիների փոխանակման մասին, դրանից բխում է, որ նրանց միջեւ կա պատերազմ»,- ասել է նա` հավելելով, որ «ռազմագերի» եզրը միջազգային իրավունքով հստակ սահմանված է եւ վերաբերում է միայն պատերազմող երկրներին: «Առաջին անգամ է դա տեղի ունենում: Եվ սրանից հետո այն չնչին հնարավորությունները, որոնք մնացել էին, որ Ղարաբաղին կարելի է երբեւէ վերադարձնել բանակցային սեղանի շուրջ, արդեն գոյություն չունեն: Մի քանի ամիս առաջ եռանախագահող երկրների հայտարարություններում արդեն հայտնվեց, ավելին, ամրագրվեց «օկուպացված տարածքներ» խոսքը, իսկ Աստրախանից հետո արդեն ակնհայտ է դառնում, թե ով է օկուպացնող կողմը»,- ասել է Դ. Շահնազարյանը: Նաեւ ավելացրել է. «Այս փաստաթղթով Ադրբեջանը ստացել է շատ լուրջ ձեռքբերում, եւ այն, որ Ադրբեջանն ու Թուրքիան դեռ լռում են, դա ոչինչ չի նշանակում: Ադրբեջանը ունեցավ ավելի մեծ ձեռքբերում, ավելին, քան նախկինում միջազգային ասպարեզում ստացած ձեռքբերումները»: Իսկ ինչ վերաբերում է հայ-թուրքական գործընթացին, ապա Դ. Շահնազարյանի դիտարկմամբ` Հայաստանի իշխանությունները պետք է ընդունեն, որ լուրջ սխալ են գործել եւ չեն հասկացել, որ սահմանի բացման հարցը լուծվելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Նրա խոսքով, թուրքերին կարելի է մեղադրել ամեն ինչում, բացի անկեղծությունից, քանի որ նրանք հենց սկզբից հայտարարել են, որ սահմանը կբացվի միայն ԼՂ հարցում առաջընթաց արձանագրվելու դեպքում. «Հայ-թուրքական շփումներ հիմա էլ կան, բայց դժվար է ասել, թե դրանք մինչեւ ուր կարող են հասնել»: Ի դեպ, ըստ ՀԱԿ անդամի` Հայաստանի կողմից ԼՂ անկախության ճանաչման մասին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած օրինագիծը սխալ հաշվարկված քայլ է: Ըստ նրա` ԼՂ-ի անկախության ճանաչումն այս պահին օգուտ չի բերի, հակառակը` չափազանց մեծ վնաս կպատճառի: Դ. Շահնազարյանի խոսքով` նման քայլը լուրջ վնաս կհասցնի Մինսկի խմբի շրջանակում ընթացող գործընթացին, ինչը Ադրբեջանի ցանկությունն է: «Առիթից օգտվելով` «Ժառանգությանը» կոչ եմ անում հարցը չհասցնել քվեարկության»,- հորդորել է ՀԱԿ ներկայացուցիչը: Իսկ ինչ վերաբերում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի այն դիտարկմանը, թե ՀԱԿ-ն, աշխատելու փոխարեն, անընդհատ խոսում է խոչընդոտների մասին, ապա Դ. Շահնազարյանն ասել է. «Գալուստ Սահակյանը թող գնա մտածի քաղբանտարկյալների մասին, ՀԱԿ-ը գիտի իր գործը, անում է իր գործը եւ այն հասցնելու է հաղթական ավարտի»: