Մեր թերթի նախորդ համարներում անդրադարձել ենք Արարատի մարզի Արտաշատ քաղաքում կատարված սպանությանն ու դրան հաջորդած իրադարձություններին: Հիշեցնենք, որ Արտաշատի բնակիչ Արտակ Մանասերյանը սպանելով մորաքրոջը` Ռոզա Մարտիրոսյանին, ցանկացել էր տիրանալ նրա ունեցվածքին:
Ա. Մանասերյանի մայրը` Մարգարիտա Մարտիրոսյանն, այդ ընթացքում եղբորորդուն` Նշան Հարությունյանին, խնդրել էր օգնել ունեցվածքից որոշ բաներ վաճառելու եւ որդու բանկային վարկերը մարելու հարցում: Այնուհետեւ Ն. Հարությունյանը Մ. Մարտիրոսյանի խնդրանքով նրա ջերմոցի համար գնորդ է գտել եւ աջակցել է բանկից վերցրած տոկոսները մարելու, ինչպես նաեւ ոսկե իրերը ետ ստանալու հարցում: Հորաքրոջն օգնելու հետ մեկտեղ՝ Ն. Հարությունյանը Ա. Մանասերյանի դատավարության ժամանակ հանդես է եկել որպես սպանված Ռ. Մարտիրոսյանի իրավահաջորդ: Այս հանգամանքն առիթ է հանդիսացել, որպեսզի Մ. Մարտիրոսյանը շանտաժի միջոցով վերջինիցս վրեժ լուծի: Մենք մանրամասն ներկայացրել ենք Արարատի մարզի Մասիսի Դատախազության կազմած քրեական գործը, որտեղ որեւէ ապացույց չկա Ն. Հարությունյանին խարդախություն կատարելու մեղադրանք առաջադրելու վերաբերյալ: Մ. Մարտիրոսյանը Ն. Հարությունյանից (որպես իրավահաջորդ հանդես գալու արդյունքում), որդուն խիստ պատիժ սահմանելու համար վրեժխնդրությունից դիմել է Դատախազություն` տեղեկացնելով, թե իբր վերջինս տնտեսությունից որոշ մաս վաճառելու ընթացքում իրենից մեծ գումար է հափշտակել: Համաձայն 2009թ. հուլիսին Արարատի մարզի դատախազի տեղակալ, արդարադատության 1-ին դասի խորհրդական Հ. Հակոբյանի ստորագրությամբ կազմված մեղադրական եզրակացության` Ն. Հարությունյանը մեղադրվել է խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի` 4մլն 520.000 դրամ գումար հափշտակելու մեջ: Ավագ քննիչ Մ. Անդրեասյանը մեղադրական եզրակացության մեջ նշել է. «Ն. Հարությունյանը խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով խարդախությամբ Մ. Մարտիրոսյանից առանձնապես խոշոր չափերի 4.520.000 դրամ ընդհանուր արժեքով գույք հափշտակելով, կատարել է հանցագործություն, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով»: Իսկ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը Ն. Հարությունյանին դատապարտել է 5 տարվա ազատազրկման: «Սեւան» քրեակատարողական հիմնարկում կալանքը կրող Ն. Հարությունյանը, տեւական ժամանակ է` ահազանգում է խմբագրություն` խնդրելով ուսումնասիրել իր գործի ինչպես նախաքննական, այնպես էլ դատավարական արձանագրությունների մանրամասները, քանի որ դրանք կազմված են կեղծիքի հիման վրա: Նա նաեւ չի դադարում դիմումներ գրել պետական համապատասխան կառույցներին` ներկայացնելով այս գործի հետ կապված դատավորների կողմից կաշառք վերցնելու վերաբերյալ կոնկրետ փաստերը: Մենք նաեւ հրապարակել ենք այն դատավորների անունները, ովքեր այս գործով կոռուպցիա պարունակող գործունեություն են ծավալել, սակայն որեւէ արձագանք առայժմ չենք ստացել:
Երեկ խմբագրություն էր եկել Արարատի մարզի Արտաշատի բնակիչ Մարգարիտա Մարտիրոսյանի հարսը` Հռիփսիմե Կարապետյանը, ով խնդրում էր մամուլի միջոցով տպագրել իր վկայությունն այն մասին, որ սկեսուրը` Մ. Մարտիրոսյանն, իրականում Ն. Հարությունյանի «գլխին սարքել» է: Հ. Կարապետյանը վստահեցնում է, որ սկեսուրն ու ամուսինը` սպանության համար դատապարտված Ա. Մանասերյանը, սպառնացել են ճշմարտությունն ասելու, վկայություն տալու դեպքում իր նկատմամբ քայլեր ձեռնարկել: «Հասկանո՞ւմ եք, անմեղ մարդ է դատվել, էլ չեմ կարող այսպես ապրել: Գիշերները չեմ կարողանում քնել, ուզում եմ ճշմարտությունն ասել, որովհետեւ էս ծանր բեռով ապրել չի լինում: Նշանն անմեղ է, նա ոչ մի լումա չի յուրացրել, որովհետեւ Մարգարիտան` սկեսուրս, շանտաժի է դիմել: Նա, բոլորին կաշառելով, մարդկանց դատում, նստացնում է»,- ասում էր Հ. Կարապետյանը: Նրա հավաստմամբ` ամուսինն ու սկեսուրը 2007թ. առանց իրեն տեղեկացնելու, գաղտնի կերպով իր ոսկեղենը բանկում գրավ են դրել: Իր ստորագրությունները կեղծելով՝ դրա դիմաց մեծ գումար են վերցրել: «Իրենք ժամկետանց վարկեր ունեին, դրա համար այլեւս վարկ չէին տրամադրում: Իմ անունով վարկ չկար, ինձ օգտագործել էին, առանց իմ իմացության, փաստաթղթերի կեղծիքով բանկում ոսկեղենս գրավ էին դրել: Ոսկեղենի դիմաց ընդհանուր առմամբ 750.000 դրամի չափով գումար էին վերցրել»: Նշան Հարությունյանի հետ բանկային հաշիվները մաքրելուց հետո Մ. Մարտիրոսյանը հայտարարել էր, թե ոսկեղենը բանկից վերցնելու դիմաց Ն. Հարությունյանը վերցրել է 1մլն 800.000 դրամ եւ հափշտակել գումարը: Հ. Կարապետյանը վստահեցնում է, որ սկեսուրը սուտ է խոսում, քանի որ իր ոսկյա զարդերն այդքան գումար չեն կազմել, իսկ այլ ոսկյա իր իրենք չեն ունեցել: «Այդ մեկ միլիոնը բացարձակապես գոյություն չունի, նա շանտաժի է ենթարկել Նշանին, իսկ իրավապահ մարմինները նպաստել են, որ անմեղ մարդ դատվի: Այսինքն` փաստերի ուսումնասիրություն չի կատարվել, որովհետեւ իմ ոսկեղենն այդքան գումար չէր կազմում, որը բանկից վերցնելով՝ Նշանը կարող էր յուրացնել: Ես դիտավորյալ ականջ չեմ դրել, պատահական լսել եմ, թե ինչպես իր հարազատներից մեկին` Սուրենին, կանչել-սովորեցնում էր, թե ինչպես նա քննիչի մոտ, դատարանում ասի, որ այդ մեկ միլիոնն ինքը տվել է Նշանին: Սկեսուրս քննիչին եւ դատարանում էլ ներկայացրել է, որ իբր մենք ունեցել ենք մեծ թվով անասուններ, որոնք վաճառելուց հետո գումարը կրկին Նշանը խաբեությամբ վերցրել է: Այն, ինչ գրվել է մեղադրական եզրակացության մեջ եւ հետագայում դատարաններում պաշտպանվել է` սուտ է: Մենք այն թվով, ինչ թվով ներկայացվել է` այդքան անասուն չենք ունեցել: Գրված է՝ խոզ, բայց մենք ընդհանրապես խոզ չենք ունեցել, իսկ կովերի մի մասն ամուսինս է սպանությունից առաջ անձամբ մորթել»: Հ. Կարապետյանը նշեց նաեւ, որ այն փաստաթղթերը, տեղեկանքները, որոնց հիման վրա կազմվել է Ն. Հարությունյանի մեղադրանքը, իր մեջ հանցագործություն է պարունակում, քանի որ դրանցում կեղծ տեղեկանքներ կան, մասնավորապես` թաղային լիազորի տված տեղեկանքը: Նա հայտարարում է, որ սկեսուրը բազմաթիվ կեղծիքներ է կատարել, ինչի մանրամասներն ինքը պատրաստ է ներկայացնել իրավապահ մարմիններին: «Իրենք վախենում էին, որ ես ողջ ճշմարտությունը կպատմեմ, ու ինձ սպառնում էին չխոսել, բայց էլ չեմ կարող: Ամուսնուս կատարած սպանությունից հետո նրանց կողքին ոչ մի հարազատ չի եղել: Սկեսուրս ստիպում էր Ոստիկանությունում կեղծ ցուցմունքներ տալ, իսկ ամուսինս ասում էր` մաման ոնց կասի՝ էդպես էլ կանես: Միայն Նշանն է օգնել, աջակցել, բայց հիմա դատապարտված է մի բանի համար, որը չի արել: Անմեղ մարդ է դատապարտվել, ուզում եմ ճշմարտությունը բացահայտվի: Չեմ կարող էսպես ապրել»,- ասում է Հ. Կարապետյանը, ով յոթ տարվա համատեղ կյանքի ընթացքում համոզվել է, որ սկեսուրն ու ամուսինն ամեն ինչի ընդունակ են: