Մայր ու որդու դաժան սցենար

04/11/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Նկարում պատկերված այս փոքրիկ տղաները, տեւական ժամանակ է, իրենց մոր` Մարիամի պատկերը տեսնում են միայն ինտերնետ-կապով` skype-ով: Այն էլ` միայն այն ժամանակ, երբ երեխաների հայրը դա թույլ է տալիս: «Մամա՛, քեզ շատ ենք կարոտել, մամա՛, բա ե՞րբ ես գալու, մամա, արի տուն…»,- մանկական միամտությամբ, լաց լինելով, բացականչում են երեխաները, կարծելով, թե իրենց դիմ դիմաց հայտնված մոր պատկերն ուր որ է կհայտնվի իրենց կողքին: Մոր ու որդիների ամեն հանդիպումից հետո երեխաներին ժամանակ է պետք սթրեսից դուրս գալու համար, քանի որ կարոտն ու հիշողությունը թարմացնում է նրանց ցավը: ԱՄՆ-ում գտնվող այս երեխաները` Համբարձումն ու Հարությունը, չեն էլ գիտակցում, որ իրենց մայրը գտնվում է օվկիանոսից այն կողմ` Հայաստանում: Չեն հասկանում, որ իրենց ու մոր միջեւ ընկած տարածությունը շատ մեծ է եւ, որ հոր կողմից մոր առջեւ երեխաների մոտ վերադառնալու արգելք է դրված: Այն, ինչ կատարվել է այս երիտասարդ կնոջ հետ, թերեւս, անմարդկային ու ամենադաժան երեւույթների շարքից է: Երկու տղաները դեռ փոքր են՝ հասկանալու համար, որ մարդկային հարաբերությունները մեր օրերում այնքան են խաթարվել, որ անգամ ամուսինները կարող են միմյանց ստորացնել, խաբել ու շանտաժի ենթարկել: Երեխաների հոր արարքն անհավասարակշիռ ու չափազանց վտանգավոր մարդու մասին է խոսում: Լսելով այս ընտանիքի հետ տեղի ունեցածը` ցանկացած մարդ կհասկանա, որ երեխաների կյանքը վտանգի տակ է, քանի որ նրանց հայրն ամեն ինչի ընդունակ, անկանխատեսելի մարդ է:

Սցենարը կրկնվում է

28-ամյա Մարիամ Արիստակեսյանը 2005թ. Հայաստանում ծանոթացել է ԱՄՆ քաղաքացի Ֆրիդրիխ Կարակաշյանի հետ, եւ նույն թվականին էլ` գրանցվել է նրանց ամուսնությունը: Տեղափոխվելով ԱՄՆ` Ֆրիդրիխն իրավաբան է վարձել` կնոջն իր մոտ կանչելու եւ օրինական փաստաթղթերը կազմակերպելու համար: Նա արդեն 20 տարուց ավելի ապրում է ԱՄՆ-ում եւ պարբերաբար այցելում է Հայաստան: Այժմ ապրում է Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում: 2007թ. մեկնելու իրավունք ստանալուց հետո Մարիամը տեղափոխվել է ԱՄՆ` ամուսնու մոտ, եւ որոշ ժամանակ անց ծնվել է նրանց առաջնեկը` Համբարձումը: «Մեր ծանոթությունը եղել է ընդհանուր ծանոթների միջավայրում: Նա բավական լավ տպավորություն էր թողնում, բացի այդ, կային մարդիկ, ովքեր իր մասին շատ դրական էին արտահայտվում: Այսինքն` միանշանակ համարել են, որ ամուսնության, ընտրության հարցում ճիշտ եմ: Եղել է մեծ սեր, եւ վայրկյան անգամ չեմ կասկածել, որ ճիշտ քայլ եմ կատարում»,- ասում է Մարիամը: Չորս տարվա համատեղ ամուսնական կյանքի ընթացքում նրանք երկու անգամ այցելել են Հայաստան, այն էլ` որդիներին կնքելու նպատակով: Մարիամն ասում է, որ այս տարի Հայաստան այցելության մասին երբեւէ խոսակցություն չի եղել՝ ֆինանսական սուղ պայմանների պատճառով. «Այսինքն` ծրագրավորված չի եղել, որ պիտի Հայաստան գանք: Ինձ համար շատ անակնկալ էր, որ նա սեպտեմբերի 8-ի ամսաթվով 2 տոմս է գնում` ասելով, թե ինտերնետի միջոցով բավական մատչելի գներով տոմս է ձեռք բերել: Ասաց` կարճաժամկետ այցելություն է, ընդամենը 12 օր: Զարմանքով ասացի` իսկ երեխանե՞րը, ես երբեք երեխաներին մենակ չեմ թողել, մանավանդ, փոքրիկս` 1 տարեկան 6 ամսական Հարությունս, կրծքի կաթով էր դեռ սնվում: Նա արհեստական կաթից հրաժարվում էր, երկուսն էլ աննկարագրելի ձեւով ինձ հետ կապված են, որովհետեւ ուրիշ խնամակալ չեն ունեցել»: Ութ հոգուց բաղկացած ընտանիքում եղել է նաեւ Մարիամի սկեսրոջ մայրը` 86-ամյա տատիկը, ով նույնպես եղել է Մարիամի խնամակալության տակ: Բոլորն աշխատել են եւ մշտապես տանը եղել, երեխաների խնամքով միայն զբաղվել է Մարիամը. «Տատիկին Կալիֆոռնիայից բերել էին Սիեթլ քաղաք, ձեւակերպվել որպես խնամակալ եւ պետությունից գումար էին ստանում նրան պահելու համար»: Ինչեւէ, երեխաներին ԱՄՆ-ում թողնելու անհանգստությանն ի պատասխան` Ֆրիդրիխը կնոջը հորդորել է, թե իր մայրն արձակուրդ ունի եւ երեխաների խնամքով կզբաղվի: Ի դեպ, թե՛ Ֆրիդրիխը, եւ թե՛ նրա մայրը խանութում աշխատել են որպես վաճառող: «Այնքան անսպասելի ու արագ ստացվեց մեր Հայաստան գալը, որ ես նույնիսկ չհասցրեցի որեւէ ծանոթի տեղեկացնել մեր գնալու մասին: Անգամ ծնողներս չգիտեին, որ գալիս ենք: Ես էլ կարծում էի, որ անակնկալ ենք անում, ամեն դեպքում հետաքրքիր կլինի»,- ասում է Մարիամը: Այդուհանդերձ, երեխաներին նույնպես Հայաստան տեղափոխելու Մարիամի բոլոր խնդրանքներն ու առաջարկները մերժվել են՝ ինչպես ամուսնու, այնպես էլ` սկեսրոջ կողմից: «Համոզում էր սկեսուրս, թե՝ կարճ ժամանակով է, կգնաս կհանգստանաս: Ասում էր` ամբողջ օրը տանն ես լինում, երեխաներին ես խնամում: Կհանգստանաս, կլիցքաթափվես, կգաս: Ես էլ առանց հետին մտքերի, վստահելով` ի վերջո համաձայնվեցի: Վերցրեցի մի փոքրիկ ճամպրուկ, որի մեջ ընդամենը 1 շաբաթվա հագուստ կարելի էր տեղավորել, ու եկանք Հայաստան»,- պատմում է Մարիամը: Սեպտեմբերի 8-ին Հայաստան` ծնողների տուն տեղափոխվելուց հետո Մարիամն ամուսնու վարքագծի մեջ բավական տարօրինակ արարքներ է նկատել: Մոտ 5-6 օր նա առավոտյան տանից դուրս է եկել եւ վերադարձել է կեսգիշերին: Սեպտեմբերի 14-ին Ֆրիդրիխն անպասելիորեն Մարիամի հասցեին մեղադրանքներ է տեղացել, թե նա վատ ծնող է, վատ է վերաբերվում երեխաներին, նրանց ծեծում է եւ որպես մայր՝ վատ օրինակ է ծառայում: «Սառեցի նրա խոսքերից, որովհետեւ երբեք երեխաներիս վրա ձեռք չեմ բարձրացրել: Շատ աբսուրդ բաներ ասաց, անիմաստ մեղադրանքներ ու պատճառաբանություններ»,- հուզված պատմում է երիտասարդ կինը: Այնուհետեւ Ֆրիդրիխը մեկնումից չորս օր շուտ Մարիամից գաղտնի տոմս է գնել եւ թռիչքից ընդամենը 1 ժամ առաջ նրան տեղեկացրել է, որ մեկնում է: «Ասում եմ` բա ե՞ս, ասում է` դու կմնաս էստեղ: Սկսեց սպառնալիքներ տեղալ, թե` հանկարծ մտքովդ չանցնի գալ ԱՄՆ: Եթե էնտեղ հայտնվես` ես Ոստիկանություն կկանչեմ, կթողնեմ քեզ փողոցում, մտածված վեճեր կսարքեմ, կզրկեմ մայրական իրավունքներից ու բռնել կտամ, քեզ վերացնել կտամ»,- պատմում է Մարիամը` նշելով, որ, այնուամենայնիվ հավատալով, որ ամուսինն ընդունակ է նման քայլերի` չի համարձակվել կտրուկ քայլերի դիմել: Մանավանդ, որ Ֆրիդրիխը մինչ այդ արդեն ունեցել է եւս մեկ ամուսնություն, եւ բաժանությունը նույն սցենարով է եղել: Վերջինս Ոստիկանություն է կանչել առաջին կնոջը ձերբակալելու համար, ինչի շարժառիթը եղել է վիճաբանություն հրահրելու արդյունքում ամուսինների` իրար վրա ձեռք բարձրացնելը: Դրանից հետո այդ կինը հրաժարվել է նրանից, եւ ամուսնալուծվել են: Բարեբախտաբար, առաջին ամուսնությունից նա երեխաներ չի ունեցել: Մարիամն ասում է. «Քանի որ նա շանտաժ անելու փորձ ուներ, հասկացա, որ ինձ պես մեկին վերացնելը նրա համար դժվար չէ, մանավանդ, որ ես ԱՄՆ-ում ոչ մեկը չունեմ, բացի իրենց ընտանիքից: Անգլերենին լավ չեմ տիրապետում, օրենքներ չգիտեմ եւ չեմ կարող ինձ պաշտպանել»: Մեկնումից առաջ Ֆրիդրիխը Մարիամի ձեռքից վերցրել է նրա բջջային հեռախոսը, համակարգիչը, որպեսզի վերջինս չկարողանա կապ հաստատել ԱՄՆ-ի իրենց ծանոթների հետ: Հայտնաբերելով, որ անձնագիրը չկա, Մարիամը հասկացել է, որ նա նաեւ իր անձնագիրն է վերցրել. «Ասաց` ինձ 10.000 դոլար կտաս` կվերադարձնեմ: Եկար վիճաբանությունից հետո վերադարձրեց ու «ոտքդ էնտեղ չտեսնեմ»` ասելով անհետացավ»: Շոկից այլայլված Մարիամը ոչինչ չի կարողացել անել ամուսնու այդ տարօրինակ արարքը կանգնեցնելու համար: Մտածել է` միգուցե որոշ ժամանակ հետո նա խաղաղվի, եւ կփորձեն հաշտության եզրեր գտնել։ «Մի տեսակ սառել, շփոթվել էի: Չէի հասկանում` շուրջս ի՞նչ է կատարվում, կարծես երազ լիներ… Նրա գործողությունները, վարքագիծն ինձ համար շոկ էր»,- պատմում է Մարիամը, ով ամուսնու մեկնումից հետո հեռախոսազանգերի միջոցով փորձել է «մարսել» կատարվածը: Ֆրիդրիխը Վաշինգտոն մեկնելուց հետո չի ցանկանում նույնիսկ հեռախոսով լսել կնոջը: Նույն սպառնալիքներն է կրկնում` «Մտքովդ չանցնի գաս, դու էս տանը տեղ չունես, կմնաս փողոցում»: Մարիամն ասում է, որ սկեսուրն ընդհանրապես չի ցանկանում իր հետ խոսել, սակայն որդու միջոցով փոխանցում է, որ երեխաներին ինքը կպահի, իսկ նրանց մայրն իրավունք չունի իրենց տանը ոտք դնել:

«Կհայտնվեմ գժանոցում կամ գերեզմանոցում»

Մոտ 2 ամիս է՝ Մարիամն ապրում է երեխաներից հեռու, Հայաստանում` ծնողների տանը: Հասկանալով, որ ամուսինն ընդունակ է մինչեւ անգամ իրեն «վերացնել», վախենում է մեկնել ԱՄՆ: «Ինձ արդեն բաժանման թղթերն է ուղարկել, որ ստորագրեմ: Համարում է, որ ես անհավասարակշիռ մայր եմ, իմ պահվածքով վատ եմ անդրադառնում երեխաների վրա, ծեծում եմ նրանց: Ես չեմ ստորագրում թղթերը, որովհետեւ դրանց մեջ մի կաթիլ ճշմարտություն չկա»,- ասում է Մարիամը` այժմ արդեն հասկանալով, որ այս ամբողջ պատմությունը նախապես ծրագրված է եղել Ֆրիդրիխի եւ նրա մոր կողմից: Ապահարզան պահանջելու փաստաթղթերը նա ստորագրել է սեպտեմբերի

30-ին, այսինքն` մեկնումից 10 օր հետո: Մայր ու որդի նախապես ծրագիր են կազմել եւ հարսին հեռացրել են երեխաներից, երկրից` շատ լավ հասկանալով նրա անպաշտպան լինելը: Մարիամի հավաստմամբ` ըստ մոր եւ որդու սցենարի, եթե նա 1 ամսվա ընթացքում չներկայանա համապատասխան մարմիններին, իր մասին տեղեկություններ չհայտնի` մեխանիկորեն կզրկվի մայրական իրավունքից, իսկ Ֆրիդրիխը կհամարվի երեխաների հիմնական խնամակալը. «Նա արդեն բոլորին, ինչպես նաեւ՝ իրավաբանին խաբել է, թե ես ինքնակամ թողել, հեռացել եմ երկրից, լքել եմ երեխաներիս»: Ըստ ԱՄՆ-ում գործող օրենքի` եթե Մարիամ Արիստակեսյանը 3-6 ամիսների ընթացքում չներկայանա Վաշինգտոնի համապատասխան մարմիններին, մասնավորապես՝ դատարան, ապա նրան կզրկեն մայրական իրավունքից, եւ երեխաների միակ խնամակալ կճանաչվի Ֆրիդրիխ Կարակաշյանը: Իսկ եթե երեխաների միակ խնամակալ ճանաչվի հայրը` Ֆրիդրիխը, ապա նրա ընտանիքը կազատվի բոլոր պետական վճարումներից, կոմունալ հարկերից: Ավելին, երեխաներին խնամելու համար պետական նպաստ կստանա. «Նրանք հաշվարկ են արել ամենաստոր ձեւով: Ես հիմա եմ գլխի ընկնում, որ երեխաներին օգտագործելու պատրվակով, պետությունից արտոնյալ կարգավիճակով փողեր ստանալու համար ինձ էս օրը գցեցին: Նրանք նույնիսկ իրենց տատիկին խնամում էին` զուտ պետությունից վճար ստանալու համար: Իրենք տուն էին վերցրել 30 տարվա մարման ժամկետով, հետեւաբար՝ ծեր տատիկին կորցնելուց հետո կարող են երեխաներիս պատրվակն օգտագործել՝ գումարը փակելու համար: Ինձ օգտագործեցին, որ երեխաներիս հաշվին կարողանան ապրել: Անմարդկային է…»,- ասում է Մարիամը: Նա վախենում է գնալ ԱՄՆ` քանի որ ամուսինն իրեն սպառնացել է վերացնել. «Եթե մեկնեմ, ապա որոշ ժամանակ գուցե բան չպատահի, բայց հետագայում Ֆրիդրիխը կարող է այնպիսի բաներ անել, որ հայտնվեմ կամ գժանոցում, կամ գերեզմանոցում»: Ամուսնական համատեղ կյանքում, ըստ Մարիամի, բռնություններ եղել են, սակայն ինքը մտածել է, որ բոլոր զույգերի հետ էլ անախորժություններ լինում են: Ֆրիդրիխի ծնողները նկատելով հարսի մարմնի եւ դեմքի կապտուկները՝ նույնիսկ չեն փորձել խառնվել նրանց ամուսնական հարաբերություններին. «Երբ կապտած եմ եղել, տանից դուրս չեմ եկել: Ինձ նման տեսքով ոչ ոք չի տեսել, քանի որ, եթե ծնունդ կամ երեկո է եղել, հրաժարվել եմ գնալ, խաբել եմ, թե` հիվանդ եմ, կամ երեխան անհանգիստ է»: Մարիամն ասում է, որ Ֆրիդրիխի վարքագծում տարօրինակություններ եղել են, բայց ինքը դրանց առանձնապես ուշադրություն չի դարձրել` համարելով, որ բնավորությունն է այդպիսին: Ժամանակ առ ժամանակ նա դեպրեսիաներ է ունեցել, մեկուսացել է եւ օրերով ցանկացել է չշփվել, մենակ մնալ: Թեեւ ընկերներ ունի, բայց Մարիամը որեւէ մեկին չի ճանաչում, քանի որ նրանք երբեւէ չեն այցելել իրենց տուն, եւ Ֆրիդրիխը երբեք իրեն չի ծանոթացրել ընկերների հետ: «Նա հոգեբանական խնդիրներ ուներ, անհավասարակշիռ, լարված, նյարդային վիճակների մեջ էր լինում պարբերաբար: Բայց նաեւ գալիս էր մի փուլ, որ ինքը հանգիստ, ուրախ էր, տանում էր զբոսանքի: Ես դրա վրա ուշադրություն չէի դարձնում: Մտածում էի` բոլոր մարդկանց մոտ տրամադրության փոփոխություններ լինում են: Լինում էին պահեր, որ նյարդային վիճակից չէր կարողանում մտքերն ի մի բերել, վերարտադրել: Կամ գոռում էր, կամ ընդհանրապես չէր շփվում»: Մարիամը նաեւ հիշում է, որ ամուսինը մշտապես ինչ-որ դեղորայք էր օգտագործում, բայց, թե ինչի համար` ճիշտը չգիտի: Նա ասել է, որ դեղատոմսով ձեռք բերած այդ դեղահաբերը հիշողությունը վերականգնելու համար է: Ֆրիդրիխի դեպրեսիաների ժամանակ մայրը մշտապես Մարիամին հորդորել է՝ նրան մենակ թողնել. «Ասում էր` թող իր սենյակում մենակ մնա, կանցնի: Ինձ ու երեխաներիս վերցնում, տանում էր զբոսանքի: Այսինքն` նրա մոտ մշտապես այդ խնդիրը եղել էր, ու մայրը գիտեր` ինչպես վարվել: Նա շատ խանդոտ, սեփականատիրական զգացում ուներ որդիների նկատմամբ: Փոքր որդին տանից հեռացավ ընկերուհու մոտ, որովհետեւ նա ընկերուհուն չէր ընդունում»: Մարիամն ինտերնետի միջոցով գտած ծանոթներից տեղեկացել է, որ մայր ու որդի հայ համայնքում լուրեր են տարածել, թե ինքը երեխաներից հրաժարվել, լքել-հեռացել է, իսկ սկեսուրը բոլորին հայտարարում է` «Ես կպահեմ, ի՞նչ ա եղել, որ»: Այժմ Մարիամը դիմում է պետական տարբեր կառույցներին` խնդրելով օգնել՝ երեխաներին վերադարձնել ու պաշտպանել, քանի որ չի բացառվում, որ Ֆրիդրիխի ընտանիքը նրանց եւս փորձի վնասել: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացրել են, որ Մարիամը պետք է մեկնի այդ երկիր եւ դիմի տեղի իրավապահ մարմիններին։ «Ես վախենում եմ, որովհետեւ այդ երկիր ոտք դնելուն պես ինձ կվերացնեն, հավատացեք, ու դրա մասին ոչ ոք չի իմանա: Նա ինձ սպանելու ձեւը կգտնի, կկորցնի ինչ-որ տեղ կամ կանի ուրիշների միջոցով, եւ ոչ ոք չի իմանա: Ես այնտեղ ոչ ոք չունեմ, իմ անվտանգությունն ապահովող որեւէ երաշխիք չկա: Եթե իմ պաշտպանության հարցում վստահ լինեի, կգնայի ու դատավարությանը կմասնակցեի, իմ փաստարկներով իմ անմեղությունը, լավ մայր լինելս կապացուցեի»,- լաց լինելով ասում է Մարիամը, ով երկքաղաքացի է, հետեւաբար՝ նաեւ որպես ՀՀ քաղաքացի՝ ՀՀ իշխանություններից է պաշտպանություն խնդրում: Նա նաեւ դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին եւ պատրաստվում է դիմել բոլոր այն կազմակերպություններին, որոնք կարող են օգնել ԱՄՆ-ում անվտանգ գտնվելու եւ իր իրավունքները պաշտպանելու հարցում: Մարիամի ամուսինը սպառնացել է` «Եթե գաս` անձնագիրդ կվերցնեմ ու հոգեբանական էնպիսի վիճակում կհայտնվես, որ տեղդ ոչ ոք չի իմանա»: «Այլեւս չեմ դիմանում առանց երեխաներիս, հասկանո՞ւմ եք: Արդեն երկու ամիս է, փոքրս կրծքի կաթով էր սնվում… Չեմ դիմանում… Մի քանի անգամ ինտերնետի միջոցով է թույլ տվել խոսել, բայց հետո ասել է` չեն ուզում հետդ խոսել, սթրես են ապրում, կամ` տանը չեն: Օգնեք ինձ, խնդրում եմ… Կարոտախտը չբուժվող է, երեխաներս կհիվանդանան, չի կարելի էսպես…»,- լաց լինելով ասում է երիտասարդ մայրը: