1
Արեւելահակություն
Եվրոպան որպես օտարածին բույս, աճել է Ասիայի վիթխարի մարմնի վրա: Նա միշտ էլ սնվել է նրա հյութերով: Եթե լայնորեն բացենք Հին Աշխարհի կիսագնդերը, Եվրոպան պատկերանում է որպես Ասիայի քարքարոտ անպարագրելի ամայուտներում աճած կանաչ ու հյութալի կակտուս: Ամենայն կենարար հոսանքները` կրոնը եւ արվեստը, նա խմում էր նրա ավելցուկից:
Հունաստանը հասակ է առնում փոքրասիական թագավորությունների հագեցած կյանքից, ինքնադրսեւորվում է վանող ուժերով, գիտակցում է իրեն պարսիկների դեմ պայքարով, նրա ծաղիկը լայնորեն բացվում է հնդկական չամպուկիի հանգույն, մակեդոնական կայծակի լույսի ներքո, որն ակնթարթորեն լուսավորում է Ասիայի հեքիաթային գիշերը: Հռոմը լոտոսի պես լողում է ողողված ու սատարված Ասիայի վիթխարի ջրերով, որոնք հետագայում կծածկեն նրան: Ժողովուրդների գաղթից հետո Արեւելքը հեղեղում է Միջերկրական ծովը: Եվրոպայի դալար երեք սնուցող արմատները` Պիրենեյանը, Ապենինյանը եւ Բալկանյանը, ընկղմվում են իսլամի կենարար հեղուկի մեջ, եւ վիրավորված ու վայրենացած Եվրոպան նրանց միջոցով վերստին լցվում է կենաց ուժերով:
Եվ այդ ժամանակվանից ի վեր մինչեւ վերջին տարիները մուսուլմանական Արեւելքը միջանկյալ միջավայր է ծառայում Եվրոպայի եւ այն ծայրագույն Ասիայի միջեւ, որի հետ մենք սկսեցինք անմիջականորեն դեմ առ դեմ կանգնել միայն վերջին օրերս: Պատմական Արեւելքը Եվրոպայի համար մահմեդական Արեւելքն է` Լեւանտը: Նրան հարած Եվրոպայի զգայարանները, ինչպիսիք են Բյուզանդիան, Վենետիկը, Ճենովան, Ֆանագուստան, ներկված են առանձնահատուկ ոսկեթույր բրոնզափառով, որը հուզում է եվրոպացու հոգին: Ցամաքող 19-րդ դարում Լեւանտի նկատմամբ եվրոպական արվեստի վերաբերմունքը դրսեւորվեց արեւելահակության մեջ:
Արեւելասիրությունը ռոմանտիզմի մասնակի դրսեւորումներից մեկն էր: Արվեստում «արեւելասիրության» ծնունդը նշանավորում է այն պատմական պահը, երբ Արեւելքի հետ Արեւմուտքի օրգանական կապը խզվում է: Արեւելասիրությունը կողքանց, կողմնակի դիտորդի աչքով, դեպի Արեւելք ուղղված հայացք է:
Եվրոպան մոռանում է իր որդիական առնչությունը Ասիայի հետ: Մանկիկին մորը կապող պորտալարը կտրվել է: Բույսն այլեւս չի զգում կարիքն արմատների, որոնց վրա ինքն է աճել: Արեւելահակությունը դրսեւորվեց ռոմանտիկների մեջ, թեեւ նրա տարրերը, ինչպես եւ ռոմանտիզմի տարրերը, արդեն ակնհայտ էին 18-րդ դարում: Նվաճողը, ճամփորդը, արկածներ որոնողը Բայրոնի ժամանակվանից սկսում են դառնալ զբոսաշրջիկներ, հետաքրքրվող ու ներողամիտ դիտորդներ, սիրային միջադեպերի եւ հազվագյուտ հոտավետ բաների հավաքորդներ: Ռոմանտիկները (ավաղ) եղել են Արեւելքի գրեթե առաջին զբոսաշրջիկները, որոնք ուղեւորվել են տեսնելու նրա տեսարժանությունները: Արեւելասիրության զարգացման մեջ գեղանկարչությունը եւ իրականությունն ընթանում են զուգահեռաբար, գրեթե միաձուլվելով, բանաստեղծներն Արեւելքը պատկերելու համար դառնում են գեղանկարիչներ, գեղանկարիչները` բանաստեղծներ: Ամենքն ասում են, որ Արեւելքի հետ արվեստի օրգանական կապը խզվեց: Փոխանակ արեւելյան ստեղծագործության մեթոդներն ընդունելու, նրանք տեսնում են գեղապատկերային սյուժեների եւ թեմաների ցրոնքը: Դելակրուան, Դեկանը, Ֆրոմանտենը իրենց զուտ արեւելյան վարպետությունն են կիրառում Արեւելքի զգայացունց բնապատկերները, natures mortes-ները վրձնելու համար, զենքի եւ հանդերձանքի ու ավել կամ պակաս չափով վարպետորեն համակցված մանեկենների, երբեմն էլ՝ բնորդների վրա հագցված զգեստների թանգարան, դրանում է նրանց ողջ արեւելահակությունը: Այդ գեղանկարիչները կանգնած են եվրոպական վարպետության տարբեր աստիճանների վրա, սակայն Արեւելքի նկատմամբ նրանց վերաբերմունքը քիչ է տարբերվում: Նրանք կարող են տալ լավ, երբեմն՝ նույնիսկ հանճարեղ «գեղանկարչության պատառներ», բայց դրանցում չկան իրենց նախահայրենիքի կենդանի ջրերից ըմպող արմատներ:
Դրանում է արեւելահակության բնածին անզորությունը: Նա երբեք չի եղել կենդանի շիթ, նա մահացածության ախտանիշ է եղել:
2
Իսլամի մշակույթը
Մուսուլմանական Արեւելքի կյանքի ձեւերը բոլոր ժամանակներում էլ եվրոպացիների համար անդիմադրելիորեն հրապուրիչ են եղել, թերեւս այն պատճառով, որ իսլամի մշակույթի հայտնի կողմերը միշտ էլ իր համար մնացել են անհասանելի եւ իռացիոնալ: Եվրոպացու համար անհասանելի առաջին բանը` Ղուրանի հմայքը եւ ուժն է: Շոպենհաուերն ասում էր. «Դա կեղտոտ գիրք է, ես երկու անգամ կարդացել եմ այն եւ նրանում ոչ մի արժեքավոր միտք չեմ գտել: Ահա եվրոպական ոգուն բնորոշ բառեր:
Ակներեւ է, որ Արեւելքի ոգեշնչած Ղուրանի գեղեցկությունը ոչ թե մտքի, այլ ինչ-որ ներքին կամքի մեջ է, արեւելյան հոգու կառուցվածքի վրա անդիմադրելիորեն ներգործող, նրան խանդավառող եւ եվրոպացու հոգու վրայով սահող եւ չառինքնող երաժշտական յուրահատուկ ռիթմերի մեջ է:
Եվրոպացու ստեղծագործությունը տարածվում է երկու աշխարհի` ֆիզիկական աշխարհի (այսինքն՝ նյութը եւ նրա հարաբերակցությունը, մեխանիկական գիտական հետազոտությունը) եւ հոգու աշխարհի վրա (այսինքն՝ գաղափարների եւ դրանց համակցման բնագավառը): Այդ երկու աշխարհները միշտ էլ գտնվում են անկայուն հավասարակշռության, պայքարի եւ հակասության վիճակում: Դրանց անհամատեղելիությունը եւ անհաշտվողականությունը ծնում են գործունեության այն տենդը, որով համակված է Արեւմուտքը: Նրանց կապակցող երրորդ օղակը` զգացմունքի եւ զգայականության բնագավառում կատարվող ստեղծագործությունը, եվրոպացու հոգում քիչ է զարգացած: Այդ մարզում եվրոպացին ստեղծագործության շնորհք չունի: Նա միայն ընկալում է եւ դիտարկում: Լավագույն դեպքում նա դիմում է մեղքի թմրադեղին: Իսլամը, չիմանալով առանձին վերցրած ոչ առաջին, ոչ էլ երրորդ օղակները, գիտի միայն երկրորդը` զգացմունքը, եւ ավելի, քան որեւէ այլ մշակույթ, ստեղծագործությանը տիրապետում է զգայականության բնագավառում: Ինչպես ֆիզիկական, այնպես էլ գաղափարական աշխարհի ճանաչումը նրան մատչելի է միայն այդ նկատառումով: Այստեղից է բխում նրա մշակույթի հանդարտությունը, կենաց բոլոր ասպարեզները եւ մանրամասնությունները ներթափանցող գեղարվեստական ստեղծագործության լարվածությունը, թարմացնող զգացմունքների հրաշալի հրավառությունները:
Իր հոգում անընդմեջ հրավառ եւ չսպիացող վերք կրող եվրոպացու համար Արեւելքը ներկայանում է երկրային դրախտի հանգույն` կերպափոխվելով «հազար ու մեկ գիշերվա» ձեւերում: Այդ նշանակում է, որ նա դադարում է նրանում այն դժվարին բոցը գիտակցելուց, որն ամեն մի եվրոպացի ի ծնե կրում է իր մեջ: Նա նրանում զգում է իր կորուսյալ ամբողջականությունը, թեպետ չի գիտակցում այն, եւ գիտակցելով՝ չի ափսոսում տալ իր թեւավոր հակասականության փոխարեն…
Ստեղծագործությանը տիրելով միայն զգացմունքների բնագավառում՝ Արեւելքը գիտի արվեստի եւ կյանքի լիակատար միաձուլումը: Այդտեղ չկան առանձին անհատականությունների առ երկինք միտված զգայացունց թռիչքներ, սակայն գոյի ողջ կառուցվածքը հեղեղված է կրոնական ու հասարակական զգացմունքից անբաժան գեղեցկության թափանցիկ հեղուկով:
Կյանքի զգայականության ներդաշնությունների վրա կառուցված այդ համաչափությունը, որն անհասկանալի է եվրոպացու տրամաբանական գիտակցությանը, եվրոպացու, որը նրա վրա նայում է վերից վար, բայց նա հեռալուր եւ խորհրդավոր խոսում է նրա հոգու չգիտակցված մարզերի հետ:
Շարունակելի