Ոստիկանության Չարենցավանի բաժնում մահացած 24-ամյա Վահան Խալաֆյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի երեկվա նիստի ժամանակ հայտարարել է, թե Խալաֆյանը ինքնասպանություն չի գործել, նրան սպանել է գործով ամբաստանյալ Մորես Հայրապետյանը: Պաշտոնական վարկածով, Ոստիկանության Չարենցավանի բաժնում Վ. Խալաֆյանի ինքնասպանության, իսկ հարազատների պնդմամբ` սպանության պահին Հայրապետյանը տվյալ բաժնի օպեր-լիազոր էր: Զեյնալյանը պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ ասել է, որ իր պնդումը հիմնավոր է, եւ մեկ ապացույց կա. ըստ մեղադրական եզրակացության՝ ամենածանր` պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանքը չընդունող եւ ամբաստանյալ Աշոտ Հարությունյանը, որը նախկինում եղել է Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը, դատարանում իր ցուցմունքում նշել է, թե դանակ է տեսել Մորես Հայրապետյանի ձեռքին: Հիշեցնենք, որ իրեղեն ապացույց համարվող դանակի վրա որեւէ մատնահետք չի հայտնաբերվել: Ի դեպ, Մ. Հայրապետյանն այս գործով առաջին կալանավորվածն էր: Ավելի ուշ նա ազատվել է կալանքից: Նշենք, որ մեղադրող կողմը Մ. Հայրապետյանի համար պահանջել է 2 տարվա պայմանական ազատազրկում, իսկ Ա. Հարությունյանի համար` 8 տարվա ազատազրկում: