Պատգամավորների եւ գործադիր ու դատական իշխանությունների պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելու մասին օրինագծի հեղինակները` ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանն ու կոալիցիոն կուսակցություններից օրինագծի համահեղինակները խորհրդարանից ետ են կանչում այդ նախագիծը: «Որովհետեւ այն քաղաքական սպեկուլյացիայի առարկա է դարձել»,- պարզաբանել է Ա.Մինասյանը: Նրա խոսքերով՝ կառավարության հետ նախապես համաձայնեցված եւ կառավարության առաջարկով իրենց ներկայացրած այդ նախագիծն այսօր դարձել է քաղաքական շահարկումների եւ շոուների առարկա: «Նրանց ամենեւին բարձրացումը չէր հետաքրքրում, այլ ընդամենը քաղաքական ակցիա իրականացնելը, որի արդյունքում՝ ցույց տալը, որ կառավարությունը որքան ավելի շատ է շահագրգռված ՀՀ քաղաքացիների առօրյա հոգսերով»,- ավելացրել է պատգամավորը: