Անդամագրվել են ԲՀԿ-ին

02/11/2010 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Հոկտեմբերի 29-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամագրվեցին Կրթության միջազգային ակադեմիայի մաս կազմող մի շարք բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի 100-ից ավելի ներկայացուցիչներ (ակադեմիայի տնօրենների խորհրդի նախագահը «Հայբուսակ» համալսարանի դեկան Անահիտ Հարությունյանն է): Իսկ վերջերս ԲՀԿ-ին էին միացել նաեւ մի շարք մշակութային խմբեր:

Տեղի ունեցածը, պարզվում է, կարող է ճակատագրական լինել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի կարիերայի համար: Բնականաբար, այս փաստը չի կարող չնյարդայնացնել նաեւ իշխող Հանրապետական կուսակցությանը, որը, մեր տեղեկություններով` առաջիկայում գործադիր նիստ է հրավիրելու, եւ ի թիվս այլ հարցերի՝ նաեւ այս խնդիրն է քննարկվելու: Բանն այն է, որ նախարար Հասմիկ Պողոսյանը նույնիսկ տեղյակ էլ չի եղել, թե իր ենթակայության տակ գործող պետական համույթներն ու անսամբլները քաղաքական ինչ սյուրպրիզ են պատրաստել իր համար (ի դեպ, մշակույթի ոլորտի գործիչների շրջանում, պարզվում է, Հ. Պողոսյանը հայտնի է նաեւ՝ որպես «Շանելի Հասո», քանի որ նախարար դառնալուց հետո նա սկսել է հիմնականում «Շանել» բրենդից օգտվել): Նա այնքան է կտրված իր ոլորտից, որ այդ մասին իմացել է շարքային քաղաքացու պես` հեռուստառեպորտաժներից: Ասում են` Հ. Պողոսյանը կատարվածից ցայտնոտային վիճակում է հայտնվել, եւ արդեն մի քանի օր է` փորձում է տարբեր մարդկանց մոտ արդարանալ, որ ինքը տեղյակ չի եղել, թե իր թիկունքում ինչեր են կատարվում: Տիկին Պողոսյանը զանգահարել է նաեւ ԲՀԿ-ին միացած համույթների եւ անսամբլների ղեկավարներին, մշակույթի գործիչներին, նրանց մեղադրել է իրեն «քցելու» մեջ` ասելով. «Դուք հասկանո՞ւմ եք, որ իմ դեմ եք դուրս եկել, էս ի՞նչ եք անում…»: Ավելին, մշակույթի ոլորտի այս գործիչները նաեւ հարցադրում են արել իրենց այդ քայլից դժգոհող նախարարին. «Իսկ ԲՀԿ-ն իշխանություն չի՞, կոալիցիայի անդամ չի՞, եթե չէ` ասեք իմանանք»: Նշենք, որ ԲՀԿ-ին է անդամագրվել «Սայաթ-Նովա» պետական գուսանական խմբի ղեկավար Հրաչիկ Նազարյանը (ով նաեւ իր ելույթում ասել է. «Թող որեւէ մեկը փորձի ինձ ասի, թե ինչի՞ ես մտել ԲՀԿ»), Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Հակոբ Սիմոնյանը, Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի գեղ. ղեկավար Ժիրայր Ալթունյանը, «Տկզար» անսամբլի ղեկավար Արմինե Միրզոյանը, Հայաստանի ակադեմիական երգչախմբի տնօրեն Արթուր Մխիթարյանն ու Ժողովրդական նվագարանների անսամբլի տնօրեն Գրիգոր Կուզինյանը, Խորեոգրաֆիայի պետական թատրոնի տնօրեն Գայանե Կարապետյանը, «Բարեկամություն» անսամբլի տնօրեն Տիգրան Մխոյանը: Հանդիպման եւ կլոր սեղանի ընթացքում նրանք ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին են ներկայացրել իրենց դժգոհությունները` մշակույթի բնագավառի մարդկանց ամենօրյա տքնաջան աշխատանքի ու դրա դիմաց` չափազանց ցածր աշխատավարձերի հարցի, մշակույթում տիրող սոցիալական ծանր իրավիճակի շուրջ: Ժողովին մասնակցել է նաեւ Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի տնօրեն, ՀՀԿ-ական Աշոտ Տիգրանյանը (ըստ լուրերի` նրա որդին եւս անդամագրվել է ԲՀԿ-ին): Թվում է, թե այս մի քանի անձի կուսակցականացումը չպետք է մտահոգության առիթ դառնա, սակայն խնդիրը նրանում է, որ Հայաստանում, որպես կանոն, եթե ինչ-որ մի կառույցի, թեկուզ խմբակի ղեկավար դառնում է այս կամ այն կուսակցության անդամ, ապա նրա շարքային անդամների 90 տոկոսն անմիջապես վարակվում է տվյալ քաղաքական ուժի «գաղափարախոսությամբ» ու մտնում է այդ շարքերը: Իսկ ՀՀԿ-ում ոչ թե կոնկրետ այս փաստով են մտահոգ, այլ՝ որ հենց պետության ենթակայության տակ գտնվողներն են որոշել նման քայլի դիմել: Սակայն, մեր աղբյուրների հավաստմամբ` վերոնշյալ անսամբլների ու խմբերի ղեկավարների կուսակցականացմանը նպաստել է ոչ միայն իշխանությունների անտարբերությունն իրենց նկատմամբ, այլեւ հատկապես այն, որ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը երկար ժամանակ չի արձագանքել իրենց հետ հանդիպում կազմակերպելու բազմաթիվ խնդրանքներին, որտեղ նրանք ցանկացել են բարձրաձայնել իրենց ոլորտին առնչվող խնդիրների մասին (ընդ որում, մշակույթի գործիչներից շատերն են այս կապակցությամբ իրենց հրապարակային ելույթներում արտահայտվել, որ նախարարուհու հետ հանդիպելը, որեւէ հարց քննարկելը բարդ խնդիր է): Այսինքն` տեսնելով, որ անտեսված լինելուց բացի՝ իրենք նաեւ արհամարհված են, որոշել են սեփական նախաձեռնություններով հանդես գալ ու նախարարին փաստի առջեւ կանգնեցնել: Ու, փաստորեն, դա նրանց հաջողվեց, քանի որ Հ. Պողոսյանի մերձավոր շրջանակների փոխանցմամբ` Պողոսյանը խուճապահար վիճակում է եւ ամեն վայրկյան սպասում է իր պաշտոնանկության մասին հրամանին: Երեկ մեզ հետ հեռախոսազրույցում Ժիրայր Ալթունյանը հրաժարվեց պատասխանել, թե ինչո՞ւ է նման որոշում կայացրել` ասելով. «Ձեր հարցը թողնում եմ անպատասխան»: Իսկ «Սայաթ-Նովա» գուսանական խմբի ղեկավար Հրաչիկ Նազարյանն էլ ասաց. «Ով կանգնի մշակույթի կողքին ու օգնի` մենք նրա կողքին կլինենք: Այդպես է ընդհանրապես` ով կանգնում է մշակույթի կողքին, մշակույթի գործիչները կանգնում են նրա կողքին: Այդպես են մտածում մշակույթի բոլոր գործիչները»: