«Մինչ լիարժեք առաջ ընթանալը դեռ երկար ճանապարհ կա անցնելու»,- այս կարծիքին է աշխարհահռչակ «Mckinsey & Company» ընկերության գլխավոր տնօրեն Դոմինիկ Բարտոնը։ Նախորդ շաբաթ նա գտնվում էր Հայաստանում եւ մասնակցում էր Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի երրորդ համաժողովին։ Դոմինիկ Բարտոնի ղեկավարած ընկերությունն ունի 96 գրասենյակներ աշխարհի 50 երկրներում եւ տարբեր ոլորտների զարգացման շուրջ խորհրդատվություններ է ներկայացնում աշխարհի մի շարք առաջատար ձեռնարկությունների եւ կառավարությունների: Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը նշել է, որ «Mckinsey&Company»-ն արդեն իսկ իրականացրել է հետազոտություններ` Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի իրականացվելիք առողջապահական, զբոսաշրջային բիզնես ծրագրերի վերաբերյալ։ Մասնավորապես, «Տաթեւի վերածնունդ» ծրագիրը կազմվել է հենց Դ. Բարտոնի ղեկավարած ընկերության խորհրդատվության եւ հետազոտությունների հիման վրա: Բարտոնի կարծիքով, այս պահի դրությամբ Հայաստանի վարկանիշը մրցունակության տեսանկյունից բարձր չէ. գլոբալ մրցունակության ֆորումի գնահատականների համաձայն՝ մեր երկիրը գտնվում է վարկանիշային 97-րդ տեղում: Սակայն, միեւնույն ժամանակ, նա շեշտել է, որ երկրում առկա է Հայաստանը մրցունակ դարձնելու ներուժն ու ցանկությունը: «Հայաստանն ակտիվ գործողություններ է իրականացնում այս ուղղությամբ: Բացի դրանից, Հայաստանն ունի շատ որակյալ աշխատուժ. որակյալ մասնագետները տարբեր ոլորտներում շատ ավելի մեծ մաս են կազմում` համեմատած այլ երկրների հասարակությունների հետ, ինչը զարգացման ամենամեծ գրավականներից է»,- ասել է նա։ Հակառակ մեզանում ընդունված կարծիքի՝ Բարտոնը նշել է, որ Հայաստանը իր աշխարհագրական դիրքով համաշխարհային տնտեսության մեջ բավականին շահեկան վիճակում է, եւ դա համարել է մեր երկրի մրցունակության բարձրացման կարեւոր բաղադրիչներից մեկը։ «Երկար ճանապարհ կա անցնելու, որից հետո Հայաստանն առաջ կընթանա»,- ասել է նա։ Բարտոնը համոզված է, որ մեր երկրում անհրաժեշտ է փոխել շեշտադրումները, քանի որ Հայաստանը կախված է ներկրվող հումքից. «Հնարավոր է, Հայաստանը պետք է զարգացնի ՏՏ ոլորտը, որպեսզի նրան դուրս չմղեն սպառողական շուկաներից»։ Դոմինիկ Բարտոնին ընդունել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա հույս է հայտնել, որ համաշխարհային տնտեսության մեջ իր մասնագիտական գործունեությամբ մեծ համբավ վայելող ընկերության ներկայացուցչի մասնակցությունը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի համաժողովին, չափազանց օգտակար կլինի ինչպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների, այնպես էլ Հայաստանի գործարար համայնքի համար: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի տնտեսության զարգացման, հեռանկարային ծրագրերի իրագործման տեսանկյունից կարեւոր է ուսումնասիրել աշխարհի առաջավոր փորձը, ուսանելի դարձնել հաջողությունների հասած ընկերությունների օրինակը: