Խախտել են 165 անգամ

02/11/2010

«Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում կիրակի օրը վիրավորվել է ադրբեջանցի զինվոր Ֆարուխ Զեյնալովը»,- այդ մասին երեկ գրել է ադրբեջանական 1news.az գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունը: Ադրբեջանի ՊՆ-ն պնդում է, որ հրադադարի ռեժիմը խախտել է հայկական կողմը` գնդակոծելով ադրբեջանական դիրքերը: Ըստ ադրբեջանական ՊՆ-ի, «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների շարունակման պատճառով Ադրբեջանի զինված ուժերին հրահանգվել է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը, իսկ հակառակորդը ռազմաճակատի գծում իրավիճակը բարդացնելու նպատակով շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը»: «Հայաստանը պետք է հասկանա, որ չի կարելի չարաշահել կրակի դադարեցման երկկողմ պայմանավորվածությունը, եւ եթե հայկական կողմը չկատարի այդ պայմանավորվածությունը, ադրբեջանական կողմը ստիպված կլինի պատասխան կրակ բացել»,- նշված է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում, որը Ղարաբաղի ՊՆ-ն որակել է՝ որպես «միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակային ապատեղեկատվություն»: Շաբաթ օրն իր կայքէջում տեղադրված հաղորդագրությունում Ղարաբաղի պաշտպանական գերատեսչությունը տեղեկացնում է, որ անցած 7 օրերին շփման գծում օպերատիվ իրադրությունը շատ լարված է եղել: «Հոկտեմբերի 24-30-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են ավելի քան 165 անգամ: Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել շփման գոտու Հադրութի եւ Մարտակերտի պաշտպանական ուղղություններում, որոնց արդյունքում հակառակորդի դավադիր գնդակից հոկտեմբերի 26-ի ժամը 16-ն անց 45-ի սահմաններում` հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում զոհվել է Հարութ Գրիգորյանը»,- ասված է հաղորդագրությունում: «Հատկանշական է, որ դարանակալ թշնամու սադրիչ գործողությունը տեղի է ունեցել շփման գծում ԵԱՀԿ առաքելության մոնիտորինգի անցկացումից ընդամենը ժամեր անց, ինչը եւս մեկ անգամ վկայում է իրադրության ապակայունացմանն ուղղված պաշտոնական Բաքվի ոչ կառուցողական մոտեցման մասին,- հայտարարել է Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը` ավելացնելով,- Ինչ վերաբերում է հակառակորդի կողմից պարբերաբար իրականացվող սադրանքների չեզոքացմանն ուղղված Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի գործողություններին, ապա դրանք կրում են համակարգված եւ նպատակային բնույթ, ինչը հնարավորություն է տալիս ոչ միայն անհրաժեշտության դեպքում ճնշելու ադրբեջանական դիրքապահների ագրեսիվությունը, այլեւ առաջնային գծում մշտապես լինել թելադրողի դերում»: