Առանց Հայաստանի

02/11/2010

Վրաստանում Gallup հետազոտական կենտրոնի անցկացրած հարցման մասնակիցների 92%-ը վստահ է, որ առավել բարեկամական հարաբերություններ իրենց երկիրը հաստատել է ԱՄՆ-ի հետ: Այն իրականացվել է ամերիկյան կառավարության պատվերով, սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 7-ը` 1500 հոգու շրջանում:

ԱՄՆ-ից հետո դրական վերաբերմունքի առումով 2-րդ տեղում Վրաստանի համար Ադրբեջանն է, ապա հաջորդում են Ուկրաինան, ԵՄ-ն եւ Թուրքիան: Հայաստանը այդ ցուցակում տեղ չի գտել: Ամենից վատ հարաբերությունները, հարցվածների 83%-ի կարծիքով, Վրաստանն ունի ՌԴ-ի հետ: Վրաստանում ճնշող մեծամասնության վերաբերմունքն այդ երկրի նկատմամբ դրական չէ, սակայն, միեւնույն ժամանակ, հարցվածների 84%-ն ափսոսում է ՌԴ-ի հետ լարված հարաբերություններ ունենալու համար: Gallup-ը պարզել է նաեւ, թե ինչպես են Վրաստանի քաղաքացիները վերաբերվում երկրում ընթացող քաղաքական գործընթացներին եւ ինչ կարծիք ունեն եվրոպական եւ եվրաատլանտյան կառույցներին Վրաստանի ինտեգրման հարցում: Հարցման համաձայն, վրաստանցիների 74%-ը դրական է վերաբերվում երկրի` ՆԱՏՕ-ի անդամ դառնալու ձգտումներին, իսկ 14%-ը դա համարել է անհեռանկար եւ անիմաստ նախաձեռնություն: ԵՄ-ին անդամակցելուն կողմ է արտահայտվել հարցվածների 23%-ը: Ինչ վերաբերում է երկրի ներքին կյանքին վրացիների վերաբերմունքին` Gallup-ի անցկացրած հարցումները ցույց են տալիս, որ Մ. Սահակաշվիլիին 2013թ. իր նախագահական ժամկետի ավարտից հետո վարչապետի պաշտոնում կցանկանար տեսնել հարցվածների կեսից ավելին` 56%-ը: Հարցումը փաստում է, որ Վրաստանի քաղաքացիների մեծ մասը դժգոհ է երկրի տնտեսական վիճակից: Ի պատասխան հարցի, թե որ ոլորտում կառավարությունը պետք է բարեփոխումներ իրականացնի, հարցվածների 45%-ը նշել է տնտեսական ոլորտը, 23%-ի կարծիքով` բարեփոխումների կարիք ունի առողջապահության ոլորտը, իսկ 12%-ը կարծում է, որ առաջին հերթին բարեփոխումներ անհրաժեշտ են կրթության ոլորտում: Երկրի իշխանությունների ամենամեծ հաջողությունը հարցվածների 19%-ը համարել է էներգահամակարգի վերականգնումը, 12%-ը` ճանապարհների կառուցումն ու բարեկարգումը, 9%-ը` կրիմինալ իրավիճակի բարելավումը, 7%-ը` ենթակառուցվածքների կատարելագործումը, իսկ 6%-ը` իրավապահ մարմինների եւ Ոստիկանության ժամանակակից համակարգի ստեղծումը: Հարցին` «Վերջին մեկ տարվա ընթացքում կաշառք տվե՞լ եք», հարցվածների 98%-ը բացասական է պատասխանել: