Քննիչ Շահգալդյանը կոծկել է սպանությունը

02/11/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մեր թերթի նախորդ համարում անդրադարձել ենք Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում կատարված երկու սպանություններին:

Հիշեցնենք, որ 2007թ. փետրվարի 21-ին իրենց հյուրընկալած թոռնիկին` 17-ամյա Հայկ Բաղդասարյանին, Ջուլիետա եւ Գեղամ Բաղդասարյանները հայտնաբերել են մահացած վիճակում: Նրա գլուխը փակված է եղել թույն պարունակող անհասկանալի քսուքով եւ սոսնձապատ պոլիէթիլենային ցելոֆանով: Վայոց Ձորի մարզի դատախազությունը գրեթե մեկ տարի քննություն կատարելուց հետո Հայկի մահը որակել է իբրեւ ինքնասպանություն, իսկ հանգուցյալի հարազատների բողոքներին ի պատասխան՝ դատախազի տեղակալ Հայկ Սարգսյանն ասել է. «Թող ձեր տղայի 17 տարին լրանա` ինչ ուզում եք արեք, գնացեք ձեր մուռը հանեք»: Հայկի հարազատները պնդում են, որ տղայի սպանությունը կազմակերպել են երեք հոգի` նույն գյուղի բնակիչ Բայանդուր Արսենյանը, նրա մորաքրոջ տղա Ռադիկ Մարգարյանը եւ Կարեն Մանուկյանը: Հասկանալով, որ տղայի սպանությունը չի բացահայտվելու եւ ինքնասպանության պիտակով փորձելու են անարգել որդու հիշատակը, Հայկի հայրը` Համլետ Բաղդասարյանը, սպանել է Կարեն Մանուկյանին եւ դատապարտվել 10 տարվա ազատազրկման: Հայկի սպանության շարժառիթն, ըստ նրա հարազատների` փողն է եղել. տեղյակ լինելով, որ Հայկի ծնողները Ռուսաստանից վերադարձել են 14.000 դոլար վաստակած` նշյալ երեք անձինք Հայկի վրա «նալոգ» են դրել: Գումարը պահված է եղել Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի բնակիչներ Գեղամ եւ Ջուլիետա Բաղդասարյանների տանը: Դեպքից որոշ ժամանակ անց Բայանդուր Արսենյանը եւ Ռադիկ Մարգարյանը Հայաստանից մեկնել են եւ մինչեւ օրս գտնվում են այլ երկրում: Վայոց Ձորի մարզի դատախազությունը հանցադեպի բացակայության պատճառով Հայկ Բաղդասարյանի սպանությունը որակելով ինքնասպանություն` քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում է կայացրել: Դատախազության ավագ քննիչ-քրեագետ Մ. Շահգալդյանի վարույթում գտնվող այս գործի նյութերը բավական ուշագրավ են այն իմաստով, որ ինքնասպանության վարկածն ապացույցներից կամ հիմնավորումներից զուրկ է: Փոխարենը, բացի սպանությունից` ձեռք բերված նյութերով կարելի է բացահայտել խուլիգանությունների մի մեծ շարք: Մասնավորապես, բացատրություն վերցնելու արձանագրությունների մեջ քրեական էլեմենտներն այնքան շատ են, որ Հայկի սպանությունը կարող էր մի շարք հանցագործությունների բացահայտման առիթ լինել: Մինչդեռ Մ. Շահգալդյանը նպատակահարմար չի գտել, օրինակ, բացահայտել Արենի գյուղի այն հանցագործ խմբին, որոնք սոսնձի միջոցով փորձում են թմրանյութ պատրաստել-տարածել եւ գործընթացի մեջ են ներքաշում պատանիներին: Նա քրգործը մերժելու որոշման մեջ բառացիորեն շարադրում է, որ գյուղում երիտասարդների շրջանում սոսնձի միջոցով թմրամոլությամբ զբաղվելը մեծ տարածում ունի: Չնայած գործով վկա Բայանդուր Արսենյանը խոստովանում է, որ այդ արարքով զբաղվել է, այդուհանդերձ Շահգալդյանը սոսնձի միջոցով թունավորված Հայկի մահվան եւ Բայանդուրի նախասիրությունների միջեւ ուղիղ կապ չի տեսնում: Շատ զարմանալի է, որ քրեագետն ընդամենը 1-2 էջանոց տեքստով փորձել է ներկայացնել մեկ տարի կատարած քննության արդյունքները` միեւնույն ժամանակ «հիմնավորել» մերժման որոշումը: Նախ նշենք, որ այդ որոշումը կարդալիս տպավորություն է ստեղծվում, որ ավագ քննիչն առհասարակ նախաքննություն կատարելու գիտելիքներին չի տիրապետում, քանի որ միայն վկաների բացատրությունները բավական են շղթայի մի օղակը մյուսին կապելու համար: Նաեւ նշել էինք, որ դեպքի վայրում տեղազննություն, հետքաբանական, բաց վիճակում հայտնաբերված կողպեքի մատնահետքաբանական փորձաքննություններ չեն կատարվել: Անհասկանալի եւ իմիջիայլոց է արված դատաբժշկական փորձաքննությունը, որտեղ անգամ չի բացատրվում թույնի բաղադրությունը կամ դրա հետեւանքները: «Փողեր են ուտում, ինչի՞ պիտի բացահայտեն»,- ասում են Հայկի տատիկն ու պապիկը: Ի դեպ, ըստ տղայի հարազատների` ավագ քննիչ-քրեագետ Մ. Շահգալդյանը Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի եղբոր տղան է, որը Վայոց Ձորի մարզում համարվում է պաշտոնավոր հորեղբոր դրածոն: Պարզ է, որ ավագ քննիչ-քրեագետը մասնագիտական հմտություններով չի փայլում: Համոզվելու համար ընդամենն անհրաժեշտ է ուսումնասիրել նրա վարույթում եղած Հ. Բաղդասարյանի գործի մի քանի էջից բաղկացած նյութերը: Բացատրություն տալու արձանագրության մեջ Բ. Արսենյանն ասել է, որ Հայկի հետ առանձնապես մտերիմ հարաբերություններ չի ունեցել, քանի որ վերջինս այնքան էլ չի շփվել գյուղի տղաների հետ. «2007թ. փետրվարի 16-ին, երեկոյան ժամը 20:00-ի սահմաններում գնացել եմ գյուղի ակումբի շենքի նկուղային հարկում գտնվող բիլյարդանոց: Այդ ժամանակ բիլյարդանոց եկավ Հայկը: Այդ օրվանից սկսած ես սկսեցի Հայկի հետ մտերմանալ, եւ մեր շփումները միշտ եղել են բիլյարդանոցում: Փետրվարի 16-ից մինչեւ 20-ը ես նրա հետ 3-4 անգամ հանդիպել եմ բիլյարդանոցում»: Հայկի տատիկը` Ջ. Բաղդասարյանը, մեզ պատմել էր, որ դեպքի նախորդ օրը` փետրվարի 20-ին, նա անսպասելիորեն հայտարարել է, թե վերադառնում է իրենց տուն` Երեւան: Իրերը վերցրել, հեռացել է, սակայն որոշ ժամանակ անց կրկին վերադարձել է պապիկի տուն: Ջ. Բաղդասարյանը Հայկի այս գործողությունը մեկնաբանում է որպես հնարավոր վտանգից փախուստ. «Նա ցանկացել էր փախնել գյուղից, որ դրանց ճնշումներից ազատվի, երեւի էնպիսի բանով են վախացրել, որ երեխուս դեմքին գույն չկար էդ օրը: Բայց, փաստորեն, դրանք իմացել էին, որ ուզում է գնալ, ճանապարհը փակել, հետ էին ուղարկել»: Ավագ քննիչ Մ. Շահգալդյանի` Բ. Արսենյանին հարցաքննելու արձանագրության մեջ` նա ասում է` «Հայկին մեկ էլ հանդիպել եմ փետրվարի 20-ին, ես գնում էի Երեւան: 17:00-18:00-ի սահմաններում տանից դուրս գալուց հետո հանդիպեցի Հայկին, ձեռքին սպորտային պայուսակ կար: Նա ասաց, որ պիտի Երեւան գնար, բայց էլ չի գնում, տանից զանգել-ասել են` էլ մի արի, պետք չի»: Բ. Արսենյանն, ինչպես նշել էինք, «Հայբուսակ» համալսարանի ստոմատոլոգիայի բաժնի ուսանող էր: Նա նշել է, որ փետրվարի 21-ին եղել է Երեւանում` համալսարանում ուսման վարձը վճարելու նպատակով, եւ պնդել է, որ այդ գումարի վճարումն է կատարել: «Հայբուսակ» համալսարանի Բժշկական ֆակուլտետի դեկան Ն. Քամալյանն իր գրությամբ տեղեկացրել է, որ «Ստոմատոլոգիա» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող Բայանդուր Արսենյանը դասերին հաճախել է փետրվարի 15-ին, 22-ին եւ նույն օրը վճարել է ուսման վարձը: Ինչպես նաեւ դասերին ներկա է եղել փետրվարի 23-ին, 26-ին եւ 27-ին»: Գրությամբ հստակ ասվում է, որ Բ. Արսենյանը դեպքի օրը` փետրվարի 21-ին, համալսարանից բացակայել է: Ջուլիետա եւ Գեղամ Բաղդասարյանները՝ հասկանալով, որ քննիչը շահագրգռված է գործը փակել, սկսել են գործով կարեւորագույն փաստերի հետաքննությամբ զբաղվել: Նրանք պարզել են, որ պոլիէթիլենային ցելոֆանի մեջ սոսնձից բացի առկա նյութը թույն է համարվում: Այն օգտագործում են ատամնաբուժության բնագավառում, բայց ելնելով դրա վտանգավորությունից` չափազանց զգուշավորությամբ: Մ. Շահգալդյանի նախաքննության ընթացքում ձեռք բերված նյութերում առհասարակ թույնի մասին տեղեկատվություն չկա: Փոխարենը՝ նա փորձաքննության է ուղարկել դեպքի վայրում հայտնաբերված թիթեղյա տարայի դեղին հեղուկը: Փորձագիտական կենտրոնն էլ պարզել է, որ դա մարդու արտաթորանք, մեզ է: Արդյո՞ք Շահգալդյանը լինելով քրեագետ՝ չի փորձել «Հայբուսակի» լաբորատորիան կամ պահեստավորման սրահը քննել` հասկանալու համար, թե այդ նյութի հետ մասնագետներն ինչպե՞ս են աշխատում, եւ ուսանողներին թույլատրվո՞ւմ է արդյոք այն կիրառել պրակտիկայում: Հարցաքննվե՞լ են արդյոք Բ. Արսենյանին դասավանդող մասնագետները, որոնք կարող էին նյութի հետ ուսանողի անմիջական շփման վերաբերյալ կարեւոր ինֆորմացիա տալ: Ազա՞տ են արդյոք ուսանողներն այդ նյութը կիրառելիս: Պարզվում է` ոչ, չեն հարցաքննվել:

Բ. Արսենյանն իր ցուցմունքներում պնդում է, որ Հայկը բավական հանգիստ վարքագծով, սիրված, հարգված մարդ է եղել եւ գյուղի տղաների հետ առանձնապես շփում չի ունեցել: Ի դեպ, Հայկի լավ վարքի մասին բազմաթիվ բնութագրեր կան՝ ինչպես դպրոցից, այնպես էլ նրան ծանոթ մարդկանց կողմից: Քննիչ Մ. Շահգալդյանը հարցաքննության ժամանակ Բ. Արսենյանին հարցրել է, թե արդյոք Հայկը իր հետ շփման ընթացքում օգտագործե՞լ է ալկոհոլային խմիչք, թմրանյութ կամ սոսինձ: Բ. Արսենյանը պատասխանել է` «Ոչ, երբեւէ նման բան չի եղել»: Ի դեպ, դատաբժշկական փորձաքննության արդյունքներով հաստատվել է, որ Հայկի օրգանիզմը նման նյութեր չի պարունակել, արյունը մաքուր է եղել: Նույն հարցը քննիչն ուղղել է նաեւ Բ. Արսենյանին, որի պատասխանը ներկայացնում ենք առանց կրճատումների. «Ալկոհոլ օգտագործել եմ առիթից առիթ, մի քանի բաժակ: Թմրանյութ ես երբեք չեմ փորձել, իսկ սոսնձից հաճույք ստանալու համար ես օգտագործել եմ մոտավորապես 2 տարի առաջ, 1-2 անգամ: Սակայն հետագայում լսելով, որ այն առողջության համար վնասակար է` ես այլեւս չեմ օգտագործել, այժմ էլ չեմ օգտագործում: Ես օգտագործել եմ «Մոմենտ» տեսակի սոսինձ: Այն ձեռք եմ բերել համագյուղացի Անուշի խանութից: Ես սոսինձ օգտագործել եմ այն լցնելով բարակ պոլիէթիլենային տոպրակի մեջ: Այն դրել եմ բերանիս եւ դրա մեջ շնչել-արտաշնչել եմ: 1-2 րոպե անց ազդում էր իմ վրա»: Չնայած այս ինքնախոստովանությանն, այնուամենայնիվ, Բ. Արսենյանի անալիզները չեն հետազոտվել` ստուգելու համար նրա բանավոր խոսքի ճշմարտացիությունը:

Անդրադառնալով սպանության մյուս կասկածյալ Ռադիկ Մարգարյանին, ով Բ. Արսենյանի մորաքրոջ տղան եւ Արտաշատի բնակիչ է, նշենք, որ համագյուղացիներից մեկը նման վկայություն է տվել. «Դեպքից առաջ նրանք Բայանդուրենց տանն էին: Ես լսել եմ խոսակցություն, որտեղ Բայանդուրն ասում է` Ռադո, պետք չի, մի՛ արեք: Դու ստեղից չես, կանես-կգնաս, մեզ կգցես կրակը»: Հայկի պապը` Գ. Բաղդասարյանը, պնդում է, որ դեպքից քիչ անց նրան տեսել են այլայլված, խուճապահար գյուղի կամրջի վրայով գնալիս: Վկաներ կան, որ Ռ. Մարգարյանը սպանության օրը թունավորվել եւ չորս օր անկողնում պառկած է եղել: Մինչդեռ հարցաքննությունների ժամանակ Ռ. Մարգարյանն ասել է, որ ինքը սպանության օրը եղել է Արտաշատում: Ուսումնասիրելով ձեռք բերված նյութերը՝ համոզվեցինք, որ այդ օրը Ռ. Մարգարյանի Արտաշատում գտնվելու մասին որեւէ ապացույց չկա: Բացի նրա ընտանիքի անդամներից՝ փետրվարի 21-ին Արտաշատում գտնվող Ռ. Մարգարյանին տեսնող չի եղել։ «Տանն ա մնացել»,- ցուցմունքների մեջ նշել են հարազատները: Գործի նյութերում հակասական եւ չպարզաբանված են Հայկի բջջային հեռախոսի ելքային եւ մուտքային հեռախոսազանգերի վերծանման տվյալները: Տատիկը` տիկին Ջուլիետան, ասում է, որ խանութում գտնվելիս երկու անգամ զանգահարել է Հայկին, սակայն նա չի պատասխանել: Հեռախոսազանգերի վերծանման ցանկում բացակայում են այդ երկու զանգերի տվյալները: Հիշեցնենք, որ Հայկի տատիկն ու պապիկը նրան մահացած վիճակում հայտնաբերել են առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում: Նրա հեռախոսին մինչեւ այդ միջադեպը մեկ հեռախոսահամարից գրանցված է եղել ութ զանգ, որի հասցեատիրոջ մասին տվյալները նույնպես բացակայում են նախաքննությամբ ձեռք բերված նյութերում:

Հայկ Բաղդասարյանի հարազատները բացառում են նրա ինքնասպանության վարկածը` Դատախազության որակումը համարելով սպանությունը չբացահայտելու արդյունք: Գեղամ եւ Ջուլիետա Բաղդասարյանները տեւական ժամանակ դիմումներով պատկան մարմիններին խնդրում են վերանայել այս գործը եւ կրկին քննություն կատարել: ՀՀ Գլխավոր դատախազին ուղղված դիմումով նրանք խնդրել են վերացնել Վայոց Ձորի մարզի դատախազության կողմից քրեական գործ հարուցելու մասին որոշումը եւ նոր երեւան եկած հանգամանքները հաշվի առնելով՝ կրկին քննություն կատարել: Այժմ այս գործով զբաղվում է Արարատի մարզի Վեդիի դատախազությունը: