Հայեր կան-2

02/11/2010

«Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվող, Վրաստանի քաղաքացի հանդիսացող երկու հայերը Բաթումում ճանաչված են որպես օրինապաշտ եւ օրինակելի մարդիկ»,- NEWS.am-ին ասել է Բաթումի հայ համայնքի ղեկավարներից Էդուարդ Մուսայելյանը` հավելելով, թե լրտեսության մեջ մեղադրվող Արմեն Գեւորգյանը եւ Ռուբեն Շիկոյանը միշտ հայտնի են եղել որպես կարգապահ քաղաքացիներ: «Ես ուղղակի չեմ հավատում, որ նրանք կարող էին ներգրավված լինել լրտեսության մեջ: Արմեն Գեւորգյանը, ով նախկինում ղեկավարում էր Բաթումի հայ համայնքը, պարզապես Մոսկվայում բիզնես եւ բնակարան ունի: Այնտեղ է ապրում նաեւ նրա ընտանիքը, եւ Ռուսաստանի հետ նրա կապերը շատ սերտ են»,- նշել է Մուսայելյանը: Հիշեցնենք, որ Բաթումի բնակիչներ Արմեն Գեւորգյանը եւ Ռուբեն Շիկոյանը, Վրաստանի 20 այլ քաղաքացիների հետ միասին, կասկածվում են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ: Ասլան Աբաշիձեի ժամանակ Գեւորգյանը ղեկավարել է Աջարիայի հայ համայնքը: Վրաստանի ՆԳՆ Տեղեկատվական-վերլուծական դեպարտամենտի ղեկավար Շոթա Ուտիաշվիլին ասել է, որ այս գործի մանրամասները կհայտարարվեն նոյեմբերի 5-ին կայանալիք հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ: Վրացական լրատվամիջոցների տվյալներով, ձերբակալվածները տեղեկություններ են հավաքել վրացի բարձրաստիճան պաշտոնյաների մասին: