Օգնում են ԵԱՀԿ-ին

30/10/2010

Հոկտեմբերի 28-ին Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների համաժողովի 19-րդ նստաշրջանում ունեցած ելույթից հետո ԵԽ ԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուն պատասխանել է պատվիրակությունների անդամների հարցերին: Ադրբեջանի պատվիրակության անդամ Աբուլֆազ Բաբաեւը Մովլութ Չավուշօղլուին հարցրել է, թե ի՞նչ ներդրում կարող է ունենալ ԵԽ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների համաժողովը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: ԵԽ ԽՎ նախագահը հայտարարել է, թե կազմակերպության դերը վարվող բանակցություններին, դիվանագետներին աջակցելն է, հատկապես երկու երկրների ԵԽ ԽՎ պատվիրակությունների մակարդակով երկխոսության զարգացումն է: «Բնական է, այդ տեսակ հարցերը մեր կազմակերպության հիմնական գործառույթը չեն: Սակայն, չնայած դրան, մենք կարող ենք աջակցել երկու երկրների պատվիրակությունների բանակցություններին: Ինչպես հայտնի է, 2005թ. ԵԽ ԽՎ-ն ԼՂ հակամարտության վերաբերյալ հատուկ բանաձեւ էր ընդունել, որի համաձայն՝ ԵԽ ԽՎ Բյուրոյին առաջարկվել է ԼՂ վերաբերյալ հատուկ հանձնաժողով ստեղծել: Այդ գործով հիմնականում զբաղվում է ԵԱՀԿ ՄԽ-ն, եւ մենք, բնականաբար, չենք կարող խառնվել այդ հարցին: Հակամարտության կարգավորմանն օգնելու համար մեր նպատակն է՝ սոսկ խթանել երկխոսությունը երկու կողմերի պատվիրակությունների միջեւ: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում այդ հակամարտության ժամանակ առաջացած հումանիտար հարցերին: Ռուս-վրացական պատերազմից հետո անմեղ տուժածների կյանքի բարելավման նպատակով մենք ԵԽ ԽՎ-ում այդպիսի հանդիպումներ անցկացրեցինք նաեւ այդ երկրների պատվիրակությունների միջեւ: Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտությանը, մեր գործունեությունը մենք հիմնականում կառուցում ենք անհայտ կորածների, փախստականների եւ բռնի տեղահանվածների խնդիրների հիման վրա: Համաժողովը նույնպես կարող է զբաղվել այդ գործով, եւ ես կարծում եմ, որ լինելով ԵԽ հիմնական կազմակերպությունը` նա պետք է դրանով զբաղվի»,- ասել է Մովլութ Չավուշօղլուն։