Խաղող՝ վկայականի դիմաց

30/10/2010

Մոտ երկու ամիս է` հանրապետությունում սկսվել է խաղողի մթերման գործընթացը, որն, ինչպես գրեթե ամեն տարի, այս անգամ եւս կատարվում է գյուղացիներին բառի բուն իմաստով հարստահարելու ճանապարհով: Չնայած նախապես հայտարարվել էր, որ 1 կգ խաղողը մթերվելու է նվազագույնը 120 դրամով, սակայն մեծ թվով գյուղացիներ ստիպված են եղել իրենց բերքը գործարաններին կամ այլ մթերողներին հանձնել ընդամենը 40-50 դրամով: Բանն այն է, որ մթերողների հետ պայմանագրեր չունեցող գյուղացիներն ուղղակի անելանելի կացության մեջ են հայտնվում. նրանք ստիպված են խաղողը հանձնել 40-50 դրամով, այլապես այն լավագույն դեպքում կարող են օգտագործել որպես անասնակեր: Իսկ «ամենահետաքրքիրը» հենց պայմանագրերին վերաբերող հարցն է, որը խաղողի վազի նման «պարուրվում» է առաջիկա քաղաքական զարգացումներին: Ինչպես մեր թղթակցի հետ զրույցում պատմել են Արարատի մարզի բազմաթիվ բնակիչներ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող գինու եւ խաղողի կոմբինատի համար մթերում իրականացնող կետերը գյուղացիներից խաղողը նորմալ գնով ընդունելու համար նրանց առաջարկում-պահանջում են կամ անձամբ անդամագրվել ԲՀԿ-ին, կամ ներկայացնել ընտանիքի անդամներից որեւէ մեկի անունը: Ոմանք համաձայնում են, ոմանք էլ` արդեն համաձայնվածներին են վաճառում 1 կգ-ն 50 դրամով, որպեսզի արդեն կուսակցական դարձած գյուղացին այն կուսակցական մթերակետին հանձնի 120-130 դրամով: Բնականաբար, ԲՀԿ-ից այս լուրերը կհերքեն` դրանք որակելով՝ որպես ստոր հերյուրանքներ: Բացառված չէ, որ «նորաստեղծ» ավանդույթի համաձայն, ասենք, ԲՀԿ անդամ գյուղացիները` երիտկուսակցականների օրինակին հետեւելով` բողոքի ցույց կազմակերպեն մեր խմբագրության շենքի առջեւ: Հաշվի առնելով կուսակցաշինության կարեւորությունը եւ ընտրություններից առաջ միջոցների սղությունը, ցույցի հնարավոր մասնակիցներին ու հատկապես նրանց նորաձեւ առաջնորդներին խորհուրդ ենք տալիս ակցիային մասնակցել համեմատաբար դիմացկուն կոշիկներով, քանի որ մեր խմբագրության շենքի ողջ տարածքում շինարարություն է ընթանում: