Իշխանությունները փորձելու են պահել նույն եթերը

30/10/2010 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

– Որպես փորձագետ, ի՞նչ եք կարծում, կարելի՞ է որեւէ դրական ակնկալիք ունենալ հեռահաճախականությունների համար արդեն իսկ հայտարարված մրցույթից, որի արդյունքները հրապարակվելու են դեկտեմբեր ամսին:

– 25 մրցույթ է հայտարարված, որոնցից միայն 4-ի դեպքում է, որ մրցակցություն կա. մեկում մրցակցում են «Երեւան» եւ ԱԼՄ հեռուստաընկերությունները, մյուսում` «Ա1+»-ը եւ «Արմնյուզը»: Կա նաեւ մրցակցություն Գյումրիում հեռարձակվող «Գալա» եւ «Ցայգ» հեռուստաընկերությունների միջեւ: Իրականում մրցույթների ելքը կանխորոշված է եղել դեռեւս այն ժամանակ, երբ համապատասխան օրենքում փոփոխություններ էին կատարում` գրելով, թե պետական շահագործման թվային ցանցի միջոցով ինչ տիպի հեռուստաընկերություններ պիտի առաջիկայում հեռարձակվեն: Այդ ժամանակ, այսպես ասած` «պասիանսը» արդեն բացված էր, եւ պարզ էր, թե որ հեռուստաընկերությունները պետք է լինեն: «Ա1+»-ը եկավ խառնելու իրենց` մայրաքաղաքային «պասիանսը», որը սպասված էր, «Ա1+»-ը պետք է հայտ ներկայացներ: 8 տարի եթերից զրկված հեռուստաընկերություն է, պոպուլյար է, որի պահանջը հասարակությունը զգում է: Իշխանություններն էլ գիտեին, որ պիտի գար ու պիտի մասնակցեր այդ մրցույթին եւ ինտրիգ է մտցնելու այդ մրցույթի մեջ: Շատ երջանիկ կլինեին, եթե «Ա1+»-ը հայտ չներկայացներ, ձեռքերը հանգիստ կդնեին գլխների տակ` իմանալով, թե որ հեռուստաընկերությունները պիտի մասնակցեին: Հիմա ի՞նչ ակնկալել. դաշտում, ըստ էության, բան չի փոխվելու: Այսինքն` մնում են եւ մնալու են նույն խաղացողները: Չեմ ուզում կանխատեսումներ անել, թե համար 11 թվագրված մրցույթում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն ում կշնորհի հաղթանակը` «Արմնյուզի՞ն», թե՞ «Ա1+»-ին: Բայց, ըստ իս` հաղթանակը իրենց կարծիքով՝ հիմնավոր հիմնավորումներով շնորհելու են «Արմնյուզին», եւ դաշտում ոչինչ չի փոխվելու: Մենք դարձյալ ունենալու ենք նույն հեռուստաընկերությունները, եւ որքան էլ հիմա մեծ-մեծ խոստումներ տան, ըստ էության, մնալու են նույն տիպի հեռուստաընկերություններ: Խոսքը վերաբերում է հասարակական-քաղաքական ուղղվածության հաղորդումներին` լրատվական, հասարակական-քաղաքական: Որովհետեւ, անկեղծ ասած, ինձ` որպես փորձագետի, ժամանցային մասն այնքան էլ չի հետաքրքրում: Ես համարում եմ, որ այդ հաղորդումները հեռուստաեթերում այն մասն են, որն իրենց փող աշխատելու հնարավորություն է տալիս: Աստված իրենց հետ, թող աշխատեն այդ փողը, բայց հասարակական-քաղաքական հաղորդումներում թող լինեն անկողմնակալ, բազմակարծ, լրատվությունը թող լինի անաչառ, օբյեկտիվ եւ արտացոլի այն ամենը, ինչ կատարվում է: Պարզագույն օրինակներով մենք կարող ենք տեսնել, որ այսօր հեռուստաընկերությունը չի արտացոլում իրականությունը: Օրինակ, հոկտեմբերի 19-ին Երեւանում բացված ԵԽ ֆորումը: Ես հիվանդ պառկած եմ, փորձում եմ հեռուստատեսությամբ տեղեկություններ ստանալ, թե ինչ է կատարվում: Տեսնում եմ ֆորումը, բայց մի քանի օր հետո, երբ թերթեր կարդալու հնարավորություն ունեցա, տեսա, որ ֆորումի ժամանակ դրսում պիկետ է եղել, որի մասին հեռուստաընկերությունները ոչինչ չեն ասել: Մինչդեռ նորմալ երկրի նորմալ հեռուստաընկերությունների համար սա եւս ինֆորմացիա է եւ ավելի՛ կարեւոր ինֆորմացիա: Սա անկողմնակալ տեղեկատվություն է, որը մեր եթերում չես տեսնի: Իսկ թերթերն ու ինտերնետային կայքերը դեռեւս այն լսարանը չունեն, որպեսզի հասարակությունն ամբողջական պատկերացում ստանա երկրում կատարվող իրադարձությունների մասին: Եվ բնական է, որ հասարակության այն խավը, որը դիտում է լուրեր, բայց ինտերնետից օգտվելու կամ թերթ կարդալու հնարավորություն չունի, նրա մոտ տպավորություն է ստեղծվում, որ մենք ապրում ենք հրաշալի երկրում:

– Ի դեպ, եթե նախկինում անկախ հեռուստաընկերություններին կապուղի չտրամադրելուն իշխանությունների գործելաոճը բացատրվում էր հասարակությանն անաչառ տեղեկատվությունից «հեռու պահելու» մղումով, ապա այսօր կարծես այդ փաստարկն այնքան էլ համոզիչ չէ: Եթե ոչ այն աստիճանի՝ որքան հեռուստատեսությունը, այդուհանդերձ, ինտերնետն արդեն ավելի ազատ տեղեկատվություն տրամադրելու հնարավորություն է տալիս: Օրինակ, YouTube կայքում տեղադրված վերջին տեսագրությունները բանակում, դպրոցներում կատարվող իրադարձությունների վերաբերյալ: Ըստ Ձեզ, ինչո՞ւ են իշխանությունները շարունակում նույն քաղաքականությունը ոչ յուրային հեռուստաընկերությունների նկատամբ:

– Նրանց գործելաոճը դեռեւս արդարացվում է, որովհետեւ Հայաստանում ինտերնետից օգտվողները շատ քիչ են: Ընդ որում` դա բնակչության այն նույն խումբն է, որը եւ՛ թերթ է կարդում, եւ՛ ինտերնետից է նայում: Նորմալ երկրներում, երբ նման տեսանյութերը հայտնվում են ինտերնետում, հեռուստաընկերությունները ոչ միայն հայտարարում են դրա մասին, այլեւ նույն տեսանյութը եթեր են հեռարձակում: Այսինքն` ավելի մասսայական լսարանի են ներկայացնում այն: Իսկ մեզ մոտ դա չի արվում, բայց մասսայական լսարանին տալիս են դրա հերքումը կամ պատասխանը: Իսկ այդ լսարանի մոտ 80 տոկոսը չի հասկանում, թե խոսքն ինչի մասին է, որովհետեւ ինքը չի տեսել այդ տեսանյութը: Սա է խնդիրը, եւ քանի դեռ հեռուստաընկերությունը մնում է ամենամասսայականը` տեղեկատվություն ստանալու առումով, դրա համար, կարծում եմ` առաջիկա 10 տարիների համար իշխանությունները փորձելու են պահել նույն եթերը: Այսինքն` չվերահսկվող տեղեկատվություն եթերով պիտի չլինի: Այս տրամաբանությունն է իշխանությունների մոտ: Մնացած ամբողջ տեղեկատվությունը ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկվում է: Հիմա շատ հաճախ հեռուստաընկերություններին հրահանգ էլ պետք չէ, որովհետեւ իրենք արդեն գիտեն` ինչը պետք է հեռարձակել, ինչը` ոչ: Շատ ժամանակ կարող է նույնիսկ հրահանգ լինել, որ այս պահին կարող եք մի քիչ ազատ լինել: Ո՞ւմ է պետք այս դոզավորված, հրահանգավորված ազատությունը: Հետո էլ հայտարարում են, թե` մենք ազատ ենք: Ճիշտ է, երբ հրահանգում են` դուք այս կամ այն չափով ազատ եք, երբ չեն հրահանգում` այս չափով: Դա ելք չէ, որովհետեւ ոչ ոք չգիտի, թե առաջիկա 10 տարիներին տեխնոլոգիաներն ինչպե՞ս են զարգանալու, հեռուստատեսությունն ո՞ւր է գնալու, ի՞նչ ձեւով է հեռարձակվելու, ձեր թվային կապուղիները որեւէ մեկին պետք լինելո՞ւ են, թե՞ ոչ, որովհետեւ այսօրվա մեր պատկերացումները դուրս չեն գալիս թվային կապուղու, արբանյակային ալեհավաքների եւ ինտերնետային հեռարձակման սահմաններից, բայց թե 5 տարի հետո ինտերնետային հեռարձակումն ի՞նչ ընդգրկում կունենա` ոչ ոք չի պատկերացնում: Իսկ այդ դեպքում այս լիցենզավորում կոչվածը, սոցիալական փաթեթները կարող են տեղեկատվություն ստանալու այնքան չնչին մասը կազմել, որ իշխանությունների այդ ջանքերն ապարդյուն լինեն: Դե հիմա գլուխ են ջարդել, մտածել են՝ ինչ անեն, ոնց անեն, որ իրենց ուզած հեռուստաընկերությունները լինեն եթերում: Երեք տարի առաջ ոչ մեկս չէինք կարող պատկերացնել, որ բջջայինով կարելի է հեռուստացույց նայել: Իսկ թե վաղն ինչ կլինի այդ բջջայինի հեռուստաէկրանը, դարձյալ չգիտենք:

– Հասարակական-քաղաքական կյանքի ակտիվ փուլերում կամ ֆորսմաժորային իրավիճակներում (ընտրություններ, «Հոկտեմբերի 27», Մարտի 1 եւ այլն), ուշադրության կենտրոնում են հայտնվում նաեւ ԶԼՄ-ները: Շատերը մամուլին մեղադրում են հանրային կարծիք չձեւավորելու, ընդվզման ալիք չբարձրացնելու մեջ: Ոմանք էլ` հակառակը` մամուլին մեղադրում են ուղղորդելու մեջ: Ձեր կարծիքով` ի՞նչ պետք է անեն ԶԼՄ-ները նման դեպքերում: Պատասխանատվության այն չափաբաժինը, որը դրվում է ԶԼՄ-ների, վրա արդարացվա՞ծ է:

– Նախ՝ ԶԼՄ-ները պետք է ո՛չ ուղղորդեն, ո՛չ էլ պայքարի մղեն: ԶԼՄ-ների գործը տեղեկացնելն է, իրենք պետք է օբյեկտիվորեն տեղեկացնեն իրադարձությունների մասին` տարբեր տեսակետներ ներկայացնելով: Արտահայտում են նաեւ իրենց` խմբագրության տեսակետները: Այս դեպքում ԶԼՄ-ն դառնում է հանրային, հասարակական: Եթե այս ձեւով չի ազդում հասարակական կարծիքի վրա, ուրեմն` դառնում է պրոպագանդայի միջոց: Եթե ինքը պետք է ուղղորդի, ասի` գնացեք, ապստամբեք եւ այլն, եւ հակառակը` ասի` գնացեք, վեր ընկեք ձեր տներում, ինչ ապստամբություն, եւ այլն, ապա դառնում է պրոպագանդայի միջոց, որը մենք արդեն տեսել ենք, ու մեզ պետք չէ: Ցավոք, այսօր մեր ԶԼՄ-ների մի մասը դարձել են պրոպագանդայի միջոց, մինչդեռ իրենք պիտի դառնան տեղեկատվության միջոց` այդ ձեւով ազդելով հասարակության կարծիքի վրա: Թող ես ձեւավորեմ իմ կարծիքը, հասարակությունը քո անաչառ տեղեկատվության կարիքն ունի: Տարբեր կարծիքներ ներկայացնելու միջոցով արված վերլուծությունների միջոցով հասարակությունը պետք է իր կարծիքը ձեւավորի: YouTube-ը ստիպեց, որ ՊՆ-ն արձագանքի: Այս դեպքում է, որ ԶԼՄ-ն դառնում է անաչառ: Պատկերացրեք, եթե այդ նույն ինֆորմացիան տարածվեր հեռուստատեսությամբ. ՊՆ-ն ավելի ուժեղ կարձագանքեր, որովհետեւ հասարակական կարծիքն ավելի մեծ ձեւավորված կլիներ: Սա է ԶԼՄ-ի դերը. ստեղծել հասարակական կարծիք, որպեսզի իշխանությունն էլ կարողանա պատասխանել այդ կարծիքին` վերացնելով բացասական հետեւանքները՝ կատարել դրական քայլեր: Մեկ տարի առաջ թերթերը գրեցին Արտաշատում տեղի ունեցող դեպքերի մասին: Եթե գոնե ազատ տպագիր մամուլ չլիներ, ոչ ոք այդ մասին չէր իմանալու, որովհետեւ ոստիկանական համակարգը որեւէ հաղորդագրություն այդ մասին չէր ուզում տալ մինչեւ այն պահը, երբ թերթերը գրեցին: Այսինքն` թերթերը ազդեցին հասարակական կարծիքի վրա, եւ իշխանությունը ստիպված եղավ ներկայացնել իր վարկածը: Չեմ ասում՝ ճշմարտությունը, քանի որ մինչեւ հիմա էլ համոզված եմ, որ Ոստիկանության հաղորդագրությունը իրականության հետ որեւէ առնչություն չունի կամ ունի` մասամբ: Հնարավոր է, որ թերթերի տված տեղեկատվությունը նույնիսկ ճշտված չէ, կարող էին լինել դեպքերի, տեղանունների սխալներ, բայց ամեն դեպքում դա հնարավորություն տվեց, որպեսզի մենք ստանանք նաեւ իշխանության մեկնաբանությունը: Սա է ազատ մամուլի առաքելությունը: Իսկ ձեր ասած` ֆորսմաժորային իրավիճակներում մամուլի գործը պետք է լինի տեղեկացնելը: Մինչդեռ մեր մամուլը, հիշենք Մարտի 1-ի դեպքերը, չէր տեղեկացնում: Եթե որոշ կայքեր հասցնում էին ինչ-որ բան անել, հաջորդ օրը թերթերը լույս չտեսան, իսկ հեռուստատեսությամբ մենք որեւէ տեղեկատվություն այդպես էլ չստացանք: Հեռուստատեսություններով, որոնք աշխատեցին որպես պետության քարոզչամիջոցներ, միայն տեսնում էինք դեպքի վայրում իբր գցված ներարկիչներ, երկաթե ձողեր եւ այլն, եւ թե ինչպես են մեր «խեղճ» ոստիկանները դիմադրում «գազազած ամբոխին»: Այս տպավորություններն էինք ստանում զուտ պրոպագանդիստական հեռուստաընկերություններից: Նման իրավիճակներում, այո, մամուլը պետք է կատարի իր դերը` տեղեկացնի, ապահովի բոլոր տեսակետները, որովհետեւ դա է հանգստացնում: Իշխանությունները չեն հասկանում, որ հասարակությունը` չունենալով արտահայտվելու տեղ, կարող է կուտակվել ու դառնալ մասսա:

– Ի դեպ, ըստ իշխանությունների` ԶԼՄ-ները մեղավոր են, որ երկրում նման ողբերգական դեպքեր են տեղի ունենում, քանի որ «ամեն ինչ շատ է սեւ գույներով» ներկայացվում, իսկ ընդդիմադիրներն էլ հակառակն են ասում: Ո՞րն է այն, այսպես ասած, «միջինը», որը գոնե թույլ կտա զերծ մնալ նման մեղադրանքներից:

– Ի՞նչ է նշանակում` «սեւ գույներով» ներկայացնել: Եթե ոստիկանները փողոցում դուբինկաներով ծեծել են խաղաղ ցուցարարներին, եւ թերթերը գրում են (հեռուստաընկերությունները, պարզ է` ցույց չեն տալիս, կամ` հակառակն են ցույց տալիս), որ ծեծել են` դրանով սեւացնո՞ւմ են: Եթե գրում են, որ բանակում մարդ է սպանվել, դրանով ի՞նչն են սեւացնում: Փաստը ներկայացնելը հո սեւացնել չէ՞: Երբեմն ասում են` բա ինչո՞ւ չեք գովում իշխանություններին, որ լավ քայլեր են անում: Է, իշխանությունն իր աշխատանքն է անում: Եթե կենսաթոշակները 2000 դրամով բարձրացնում են, հո չենք գրելու` կեցցե իշխանությունը, որը թոշակները բարձրացրել է 2000 դրամով: Ընդհակառակը` վերլուծություններ են տրվում, որ այդ 2000 դրամը ոչնչով չի փրկում թոշակառուներին: Ոչ, իրենք ուզում են, որ իրենց կես կիլոմետրանոց քայլը ներկայացվի 1000 կիլոմետր ու գովաբանվի: Ազատ հասարակության մեջ մամուլը գովասանքով չի զբաղվում: ԶԼՄ-ները կատարում են իրենց գործը, որն ամբողջ աշխարհում հայտնի է` հասարակության պահապան շան դերն է կատարում: Իսկ շունն ի՞նչ պետք է անի. պետք է պաշտպանի հասարակությանը իշխանության հարձակումներից: Եվ եթե հասարակության մեջ վատ բաներ է նկատում, պետք է գրի, որ իշխանությունն էլ փորձի վերացնել դրանք: Ուրիշ ձեւ չկա: Կայսրերը, օրինակ, հատուկ մարդիկ էին պահում, որոնք իրենց ականջներին փսփսում էին այն ամենավատ բաները, որ կատարվում են: Որովհետեւ իրենց գովաբանողները շատ էին, չորս կողմում միայն քծնողներն էին, ովքեր միայն ասում էին` դու ինչքան իմաստուն ես, ինչքան լավ ես կառավարում, քո շնորհիվ է, որ մարդիկ լավ են ապրում… Բայց հատուկ մարդիկ էին պահում, որոնք շրջում էին ժողովրդի մեջ ու ասում, թե ինչ վատ բաներ կան: Այ, մենք այդ մարդկանց դերն ենք կատարում, որովհետեւ մեր իշխանություններին քծնողները լիքն են` զանազան մաստի չինովնիկներ, նստած են ու քծնում են` շեֆ, դու ես, որ կաս, քո արածը մեր ժողովուրդը չի մոռանա, եւ այլն: Իսկ մենք մամուլով ընդամենն իրենց ականջին փսփսում ենք, որ կան նաեւ այսպիսի երեւույթներ, պայքարեք նաեւ սրանց դեմ: Սա ենք ասում իշխանություններին, իսկ թե ինչու են իրենք դա համարում սեւացնել՝ չգիտեմ: Միգուցե, որովհետեւ հրապարակային ենք ասում՝ դրա՞ համար: