«Խորհուրդ՝ կազմակերպեք պատվավոր նահանջ»

30/10/2010 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

«Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու անիմաստության մասին բոլոր փաստարկները վաղուց արդեն բերվել են: Այն համառությունը, սակայն, որով իշխանությունները փորձում են փոփոխություններն այդուհանդերձ կատարել, այդ խնդրով անհանգիստ մարդկանց ստիպում է նոր հիմնավորումներ հայթայթել` հույսով, թե դրանք ինչ-որ բան կփոխեն: Հատկապես մասնագետները, փորձագետները չեն զլանում նորից ու նորից ուսումնասիրել աշխարհի փորձը, ազգերի, երկրների առանձնահատկությունները եւ սեւով սպիտակին գրել` նախաձեռնությունը Հայաստանի համար վտանգավոր է: Նման ուսումնասիրություններից մեկի հեղինակն էլ պատմական գիտությունների թեկնածու Թամարա Վարդանյանն է:

– Այս թեմայով Ձեր ուսումնասիրությունը կոչվում է այսպես` «Երկլեզու (բիլինգվալ) կրթության առանձնահատկություններն ազգապահպանության հարցերի տեսանկյունից»: Բազմաթիվ աղբյուրների եք հղում անում, բերում եք այլ երկրների փորձը: Վերնագիրն արդեն իսկ հուշում է, որ երկլեզու կրթությունը մարտահրավեր է ազգապահպանությանը:

– Այո՛, միանգամայն ճիշտ է: Այդ ճշմարտությունն իմ հետազոտություններով չէ, որ բացահայտվել է. դա բազմաթիվ օտար հետազոտողների գիտական ուսումնասիրությունների արդյունք է: Եվ միայն կարող եմ զարմանալ, որ մենք այսօր ստիպված ենք կրկնել այդ պարզ ճշմարտությունները:

– Ուսումնասիրության մեջ հետաքրքիր օրինակ էիք բերել: Ըստ այդմ` Լատվիայում ռուսալեզու փոքրամասնության կրթական խնդիրների անկախ փորձագիտական եզրակացության մեջ ասված է. «Այն ծնողներն, ովքեր ցանկանում են իրենց երեխային ձուլել լատիշ ազգի մեջ, նրանց ուղարկում են անցումային լեզվական մոդել կիրառող ուսումնական հաստատություններ, ուր 5-6-րդ դասարանից սկսած` առարկաների 50-80 տոկոսն անցնում են լատիշերեն»: Այսինքն` անգամ նշված դասարաններից առարկաների մի մասը տիտղոսակիր երկրի լեզվով անցնելուց հետո մարդը ձուլվում է: Եվ դա գիտականորեն ապացուցված է:

– Այո, Ձեր հիշատակած հոդվածի տողատակում կարելի է գտնել հղում համապատասխան հետազոտությանը: Ցավոք, այսօր այնպիսի իրավիճակում ենք, երբ ստիպված ենք տարրական ճշմարտությունների մասին խոսել, կարծես մեր հասարակությունն այլ խնդիրներ չունի: Լեզվի եւ ազգային ինքնության փոխկապակցվածության եւ փոխպայմանավորվածության մասին ահռելի քանակությամբ գիտական գրականություն կա: Բացի դա` նշված ուղղության զարգացումը հանգեցրել է հասարակագիտական մի նոր միջառարկայական ուղղության` էթնոլեզվաբանության առաջացմանը: Էթնոլեզվաբանության զարգացման հիմքում դրված է վաղուց ապացուցված այն թեզը, որի համաձայն՝ «լեզուն արտացոլում է աշխարհի որոշակի ընկալման մոդել»:

– Մեզ հարեւան Վրաստանը մոնոէթնիկ երկիր չէ, սակայն ձգտում է դրան: Ձգտել մոնոէթնիկության, նշանակում է՝ ուծացնել ազգային փոքրամասնություններին: Ձուլման առաջին պայմանը մայրենի լեզուն մոռացության մատնելու խնդիրն է` վրացերենի պարտադիր ուսուցումն` ի հաշիվ մայրենի լեզվի: Ձեր իսկ բերած տվյալներով` 2002թ. մարդահամարի արդյունքներով` Վրաստանում ապրող հայերի (ընդհանուր թիվը` 248.929) մի մասը հայերենը չի համարում մայրենի լեզու. 5692 մարդ իր մայրենին համարում է վրացերենը, 7525-ը` ռուսերենը: Հայաստանը մոնոէթնիկ երկիր է, եւ թվում է, լեզվի հարցն այստեղ պիտի խնդիր չլիներ:

– Բազմիցս եմ նշել Վրաստանի հայերի շրջանում ձուլման գործընթացի բարձր ցուցանիշների մասին, իսկ ձուլման կարեւորագույն գործիքներից է Վրաստանի վարած պետական լեզվական քաղաքականությունը: Կրկնեմ, որ Ջավախքում հայապահպանության հիմքը հայոց դպրոցն է եւ հայոց լեզուն: Երբեմն լսում եմ կարծիքներ, թե Ջավախքում հայերը պետք է ինտեգրվեն` վրացերեն սովորելով: Այսպիսի հարց ձեւակերպեմ. վրացերենի իմացությունը թիֆլիսահայությանը ինտեգրե՞ց Վրաստանի հասարակության ներսում, թե՞ ձուլեց: Իհարկե` ձուլեց: Եվ այդ մասին են վկայում վերը բերված թվերը: Ինչ վերաբերում է Հայաստանի մոնոէթնիկությանը եւ Ձեր հիշատակած տխրահռչակ օրենքին, խնդիրն այն է, որ օտարալեզու դպրոցներ բացելով չէ, որ հայերին կարելի է աշխարհին մոտեցնել: Սա, թերեւս, հիմնական տարաձայնությունների առարկան է, որը բաժանում է այդ օրենքի «կողմ» եւ «դեմ» խմբերին, թեեւ՝ նաեւ առանձին քննարկման առարկա է, թե ինչ է նշանակում հայերին աշխարհին մոտեցնելը: Սրանք դեկլարատիվ հայտարարություններ են` ոչինչ չասող: Մենք` հայերս, որպես կանոն, միշտ էլ օտար լեզուներ ուսանելու հակված ենք եղել, դա մեզ օգնել է հարաբերվել արտաքին աշխարհի հետ, օտարներին փոխանցել մեր մշակույթը, պատմությունը, գիտական ժառանգությունը եւ այլն, նաեւ վերցնել այն բոլոր առաջադիմականը, ինչը ստեղծվել է այլ ազգերի կողմից: Բայց դա երբեք չի իրականացվել ի հաշիվ հայերենի: Այս բանավեճը վերափոխվում է այն հարցադրմանը, թե, այնուամենայնիվ, որքանո՞վ կարելի է «բացվել» արտաքին աշխարհի առջեւ, որո՞նք են այն սրբությունները, որ երբեք եւ ոչ մի պարագայում չի կարելի ոտնակոխ անել ու նետվել աշխարհի գիրկը: Եթե փորձենք թվել այդ սրբությունները, ապա Հայոց լեզուն կլինի առաջին պատվավոր եռյակում: Այս գիտակցությունն է պատճառը, որ լեզվի հարցում նման դիմադրության հանդիպեցին։ Գրեթե համոզված եմ, որ այդ դիմադրությունն անսպասելի էր որոշ օղակների համար, քանի որ նախապես չէին հաշվարկել իրենց քայլերը: Ինչպես նշեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս Գորիս քաղաքում իր ունեցած ելույթի ժամանակ` «Հայոց լեզուն առնվազն 8 հազար տարվա պատմություն ունի: Սա նշանակում է, որ մենք իբրեւ ազգ գոյություն ունենք առնվազն 8 հազար տարի»: Այսինքն, նախագահն ասաց, որ Հայոց լեզվի սկզբնավորմամբ եւ, հետեւաբար, գոյությամբ է պայմանավորված մեր Ազգի գոյությունը: Հետեւաբար, այդ օրենքի ջատագովներին ուղղակի խորհուրդ կտայի «պատվավոր» նահանջ կազմակերպել եւ հրաժարվել օտարալեզու դպրոցներ բացելու մտադրությունից։

– Ողջ աշխարհը գլոբալացման փուլում է: Սակայն հատկապես փոքր ազգերը պայքարում են իրենց տեսակի, մշակույթի պահպանման համար: Գլոբալացման տրամաբանությամբ` ինչպես ժամանակին առաջացան լեզուները` օրինաչափորեն, այժմ էլ, նույն օրինաչափության շրջանակներում, դրանք պետք է ձուլվեն, մնան մի քանիսը: Կարելի՞ է ձուլումն օրինաչափ համարել, թե՞ տեսակների, լեզուների, մշակույթների, քաղաքակրթությունների բազմազանությունը կհաղթի: Հարցի սպառիչ պատասխան, հասկանալի է, հնարավոր չէ ակնկալել, պարզապես հետաքրքիր է երիտասարդ փորձագետի կարծիքը:

– Կհաղթեն ուժեղները, թույլերը` կձուլվեն: Սա մշտական գործընթաց է, ինչպես եւ գլոբալացումը: Գոյության եւ զարգացման համար անհրաժեշտ է պայքարել ամեն օր, եւ մենք այդ ամենօրյա պայքարի ականատեսն ենք: