Նոր բրենդ` «Պոպոք»

30/10/2010

Այս օրերին Երեւանում տեղի է ունենում «Պոպոք» գովազդի միջազգային փառատոնը, որը միաժամանակ եւ գիտագործնական կոնֆերանսի, եւ մրցույթի ֆորմատներ է օգտագործում: Գովազդային ոլորտում աշխատողների համար վարպետության դասեր են վարում օտարերկրյա մասնագետները, իսկ բուն գովազդային արտադրանքը մրցութային սեղանի վրա է դրվում ու սպասում է ժյուրիի գնահատականին: Կազմակերպիչներն են Հայաստանի գովազդային ասոցիացիայի եւ «Անտարես» հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը, «Ստատուս հոլդինգի» նախագահ Տիգրան Բալոյանը եւ «Դիմ կոմյունիքեշնս» ընկերության ղեկավար Րաֆֆի Նիզիբյանը: Հայաստանյան շուկայում ամենաշատ կրեատիվ մոտեցում ցուցաբերող «Ստատուս հոլդինգի» նախագահ Տիգրան Բալոյանը նկատում է, որ փառատոնային ֆորմատը լավ առիթ է` գովազդային շուկայում մրցակցությունը խթանելու եւ ստեղծագործական միտքը զարգացնելու համար: Նա նշում է, որ 3 օղակների` գովազդատուների, գովազդ պատրաստողների եւ սպառողների շնորհիվ է գովազդը գրագետ կառուցվածք ունենում ու լիարժեք աշխատում: «Հայաստանյան գովազդը բավական ստեղծարար է, բայց միեւնույն ժամանակ՝ սահմանափակ իր հնարավորություններով: Միջազգային չափանիշների համաձայն գնահատական տալով մեր գովազդին` կզարգացնենք գովազդի շուկան»,- նկատում է Ա. Մարտիրոսյանը: «Պոպոքի» մրցութային ծրագիրը կազմված է 6 անվանակարգերից` հեռուստատեսային, ռադիո, ինտերակտիվ, տպագիր ու արտաքին գովազդ, գրաֆիկական դիզայն եւ մարքեթինգային արդյունավետություն: Բոլոր անվանակարգերը բաժանվում են կոմերցիոն ու սոցիալական հատվածների: Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեցին մրցութային հոլովակները, որոնց թվում էին հայկական, ուկրաինական, վրացական գովազդային ստեղծագործությունները (ընդհանուր՝ 26 երկրների արտադրանքը): Հաղթողները կստանան արձանիկներ, որոնք ընկույզի, ընկուզենու տերեւի ու կոճղի համադրությունը կլինեն: «Պոպոք» անվանումը ըստ կազմակերպիչների` շատ դիպուկ ու բազմաշերտ է: «Պոպ» բառը պոպ-արտի, պոպուլյար դաշտի մասին է փաստում, եւ միեւնույն ժամանակ զուտ գովազդային տերմին է, որը նշանակում է «գովազդ` վաճառքի վայրում»: Վերջիվերջո, պոպոքը նաեւ խոսակցական սլենգում օգտագործվող բառ է, որը հնչում է այնպես, ինչպես նշանակետին կատարած կրակոցն է զրնգում: Հենց այդպես էլ պիտի աշխատի գովազդը: