Շարշման կանոնները՝ 2-րդ դասարանցիների համար

30/10/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Հայաստանյան դպրոցն այսօր աբսուրդի թատրոն է հիշեցնում: Այսինքն` կա պարտադրանք (կրթական ոլորտի տարբեր` մանր ու մեծ չինովնիկների մշակմամբ), եւ կա իրականություն (աշակերտների ընկալողունակություն), որոնք իրար հետ շատ քիչ շփման եզրեր ունեն, քանի որ գոյատեւում են իրարից անջատ եւ շատ հաճախ` իրար հակասելով:

Պատկերացրեք, որ պարտադրվում է մի բան, որը գոյություն չունի կյանքում, իսկ այն, ինչ կա, ներկայացվում է մի լեզվով, որին աշակերտները չեն տիրապետում: Երկու դեպքում էլ անհեթեթ իրավիճակ է ստեղծվում, քանի որ ինֆորմացիան եւ ինֆորմացիայի մատուցման ձեւերը անհասցե են մնում: Աբսուրդի թատրոնի հետ համեմատությունը պատահական չէ. Սեմուել Բեքետի «Գոդոյին սպասելիս» պիեսում հենց այդ նույն երեւույթն է ներկայացվում: Սպասում ենք մեկին, որը չկա, սակայն մեր սպասումը շատ տրամաբանական է, քանի որ այն մեկը, որը գալու է, պետք է գա, եւ վերջ: Բա էլ ի՞նչ կարող է անել:

Հանրակրթական դպրոցի ծրագրերն անկատար են (շատ հաճախ նույնիսկ ուսուցիչները դրանցից գլուխ չեն հանում), իսկ դասագրքերը այնպիսի խոտան են իրենց մեջ պարունակում, որ ոչ մի նորմալ աշակերտ սթափ գիտակցությամբ դրանցից օգտվել չի կարողանում: Այսօր ցանկացած աշակերտ, ով հայկական պետական հանրակրթական դպրոց է հաճախում ու փորձ է անում ինքնուրույն կարդալ այդ դասագրքերը, ստիպված է լինում ընդունել, որ ինքը կամ լիակատար ապուշ է, կամ էլ` այլմոլորակային, որը պատահականորեն է Հայաստան «մոլորակում» հայտնվել: Մի զլացեք, բացեք որոշ դասարանների մաթեմատիկայի դասագրքերը ու փորձեք լուծել դրանց մեջ եղած խնդիրները: Շատերը (նույնիսկ 2-3-րդ դասարանների համար նախատեսվածները) անլուծելի են կամ էլ պրոֆեսիոնալ մաթեմատիկոսների միջամտությամբ են միայն վերծանվում: Իսկ «Բնագիտություն» առարկայի դասագիրքը, որը դասավանդվում է 4 դասարանից, լի է քիմիական բարդ բանաձեւերով, որոնց քիմիական տարրերին երեխաներին պարզապես «մոռացել» են ծանոթացնել: Եվ այս «չինական» նշանները 8-9 տարեկան երեխաների պատկերացմամբ` իրոք այլմոլորակայինների սիմվոլներ են:

Կրթական ոլորտը համակարգող հայրենի չինովնիկները մեծ եռանդով տարիներ շարունակ լծված են նոր առարկաների ու դասագրքերի արարման գործին, ինչի արդյունքում, օրինակ, աշակերտներին պարտադրվող «տեխնոլոգիա», «հայրենագիտություն» առարկաները զավեշտալի եզրահանգումների նյութ են դառնում: Չկա մեթոդոլոգիա: Ի դեպ, դասագրքեր կազմողների եւ հրատարակողների հսկայական մաֆիա է գործում, որի մասին գիտեն ոլորտի գրեթե բոլոր մասնագետները: 4-5-րդ դասարանների աշակերտներին առաջարկվում է տեխնոլոգիային ծանոթանալ այնպիսի երկրաչափական-գծագրական բանաձեւերի ու կառույցների միջոցով, որոնք նույնիսկ բուհերի ուսանողները չեն կարող հասկանալ: Հարց է ծագում` ո՞ւմ համար են գրվում այդ դասագրքերը: Եվ ինչո՞ւ են դրանք պարտադիր նյութ համարվում, եթե անխտիր բոլոր աշակերտները դրանք մեկ անգամ բացելով` միանգամից փակում ու դարակի խորքերն են հրում: Ինչպե՞ս կարող է այլ կերպ լինել, եթե դասագրքի ցանկացած գլխում միանգամից 20 նոր եւ բարդագույն տերմիններ են հիշատակվում, որոնք ի վերուստ դատապարտված են անհասկանալի մնալուն: Տերմինախեղդ ու անհոդաբաշխ գրված դասագրքերը կարծես միայն մեկ դերակատարում ունեն` աշակերտների մոտ ճշգրիտ գիտությունների նկատմամբ ատելություն առաջացնել:

Հիմա էլ հերթը հասել է սպորտին: Առողջ ապրելակերպի քարոզն իր անհեթեթ դրսեւորումն է գտել «Ֆիզիկական կուլտուրա» դասագրքի էջերում: Այդ դասագիրքը պարտադիր է 2-րդ դասարանցիների համար, որոնք դեռ ոչ մի անգամ դպրոցում սպորտդահլիճ չեն հաճախել (խոսքն այժմ ոչ թե դահլիճներում ծավալվող տոնական միջոցառումների, այլ զուտ սպորտային խաղերի մասնակիցը դառնալու մասին է): Երեւանի դպրոցներից շատերում ֆիզկուլտուրայի գործնական դասերը սկսվում են ավելի ուշ: Պատճառաբանությունն այն է, թե 5-6 տարեկան երեխաները դեռ ունակ չեն ինքնուրույն փոխել իրենց հագուստը, եւ դահլիճ հաճախելու ընթացքում հնարավոր է` մրսեն: Եվ, հաշվի առնելով երեխաների շահերը` նրանց առաջարկվում է ֆիզիկական կուլտուրայի հիմունքներին տեսականորեն ծանոթանալ: Որպես դասագրքի նախաբան (որն, ի դեպ, պետք է կարդան այբուբենը հենց նոր սերտած աշակերտները)՝ նշվում է. «Սա փորձ է` կանոնակարգված ձեւով երեխաներին հրամցնել առողջություն դասավանդող առարկայի էությունը եւ բովանդակությունը»: Ծնողներին եւ ուսուցիչներին կոչ է արվում օգնել երեխաներին հասկանալ «կյանքի համար կենսական նշանակություն ունեցող քայլքի, ցատկերի, վազքի, մարմնական վարժությունների, լողի, դահուկավազքի, շախմատի, շարժախաղերի» էությունը, որոնք «կամրապնդեն երեխայի առողջությունը եւ կձեւավորեն բազմաբնույթ շարժումների կուլտուրան»:

Ուշագրավ է, որ բազմաբնույթ շարժումների սպեկտրը դասագրքում ներկայացվում է զարմանալի մանրամասնությամբ: Օրինակ, նշվում է. «Սրանք դահուկներ են: Դահուկներով շարժվում են ձյան վրա: Կարելի է նաեւ բարձրանալ բլրակը: Կարելի է իջնել բլրակից: Կարելի է նույնիսկ ցատկել»:

Որոշ տեքստեր դասագրքում չափածո են գրված: Միգուցե ենթադրվում է, որ դրանք պետք է անգի՞ր անել: Օրինակ, այս մեկը. «Իջել է երեկոն արդեն, բայց դու առույգ ես ու ուրախ, եւ հոգնությունն ու տկարությունն էլ քեզ ընկեր չեն կարող լինել: Քանզի իմացություն ես դու առել ու ռեժիմին ընկերացել»:

Իմացություն առնելու գործընթացը, ըստ ՀՀ ԿԳ նախարարության (որն էլ այս դասագրքին հավանություն է տվել ու աշակերտների ծնողների հարկերով` երեխաներին «առողջ ու առույգ լինելու հիմունքներին» է ծանոթացնում), թերեւս, ավելի կարեւոր է, քան բուն շարժումը: Այլապես անհասկանալի է, թե ինչպե՞ս կարելի է շարժման մասին դասագիրք գրել, սակայն չշարժվել: Կամ էլ մանրամասն նշել լողի համար անհրաժեշտ պարագաները, բայց դպրոցներում լողավազան չունենալ: Դասասենյակներ մուտք չի գործում նույնիսկ շախմատը, որի ծագմանն ու ֆիգուրների պատկերազարդմանը մեծ տեղ է հատկացվում գրքում: Մինչդեռ գոնե դա կարելի էր անել, չէ՞ որ դպրոցները, եթե ոչ գնդակով ու լողավազաններով, ապա շախմատներով կարելի է «զինել»:

Որպես պարտադիր ուսումնական ձեռնարկ` սույն դասագիրքը ենթադրում է, որ դեռ վարժ կարդալ չիմացող երեխաների համար ֆիզկուլտուրայի ուսուցիչները պետք է գրքից հատվածներ ընթերցեն եւ հետո աշակերտների հետ միասին վերլուծեն շարժվելու առավելությունները: Եվ եթե դա պարադոքսալ աբսուրդ չէ, ուրեմն տարրական հիմարություն է, քանի որ սպորտային խաղերի ու բակային ժամանցի մասին կարելի է խոսել առանց դասագրքերի ու նման խորհուրդ-հորդորների. «Իսկ հիմա ցատկապարանով, գնդակով ու բադմինտոնով բակ ենք իջնում ընկերներով»: Եվ առավելեւս այսպիսի հիմարության համար չի կարելի գումար ծախսել: Մինչդեռ 2-րդ դասարանցիների ծնողները պարտավոր են վճարել այս դասագրքի համար տարեկան 300-400 դրամ` լավագույն դեպքում՝ դպրոցների ուսուցիչների հետ այս խնդրի շուրջ պարբերաբար վիճելով, ընդվզելով այդ անիմաստ ծախսի դեմ: Ուսուցիչներն էլ, իրենց հերթին, լավագույն դեպքում պատասխանում են` «Դե, ի՞նչ արած, մեզ էլ են պարտադրում»:

Դասագրքերի ստեղծումը, մշակումն ու հրատարակումը շահութաբեր գործ է, քանի որ դպրոցները զուրկ լինելով ուսումնական նյութի ընտրությունից, ենթարկվում են ԿԳ նախարարության պլանին ու շրջանառության մեջ են դնում միայն այն դասագրքերը, որոնք պետք են չինովնիկներին (շատ հաճախ՝ նաեւ այդ չինովնիկների բարեկամներին, ովքեր այդ դասագրքերի հեղինակ են հանդիսանում): Այդ իրողությունը արատավոր շրջան է ստեղծում, որի մեջ նորանոր դասագրքային առարկաներ ու աշխատանքային տետրեր են մտնում: Հնարավոր է, օրինակ, որ մոտ ժամանակներս լույս աշխարհ գան (եւ նորից պարտադրվեն) ֆիզկուլտուրայի տեքստային տետրերը, որոնցում երեխաները պարտադրված կլինեն գնդակների ֆորմաներն ու տեսակները բնորոշել: Ի դեպ, հենց նույն բանն արվում է նաեւ այս դասագրքում, որտեղ նշվում է, թե գնդակները լինում են մեծ, փոքր, ռետինե, լցրած, որոնք կարելի է գցել, գլորել կամ նետել: «Գնդակը կարելի է նետել նպատակակետին կամ էլ նույնիսկ հեռու նետել»,- ասվում է ֆիզկուլտուրայի դասագրքում: Կարելի է նաեւ ավելացնել, որ գնդակը նետել կարելի է ոչ միայն «հեռու», այլեւ «հեռուները»: Եվ դրանով իսկ սպորտի զարգացման նորանոր հեռանկարներ բացել:

Ֆիզկուլտուրան ընդհանրապես 2 նպատակ է հետապնդում. կամ ապագա մարզիկների ռեզերվ է ապահովում (ինչն, օրինակ, անում է Վրաստանը` բոլոր աշակերտներին սպորտային խմբակների ընտրության հնարավորություն տալով), կամ երեխաներին պարզապես շարժման հաճույք է պարգեւում ու հիգիենայի, բժշկության նորմերը պահպանելով` փորձում է մտավոր լարման հակակշիռը դառնալ: Իսկ ի՞նչ է ուզում դասագրքային ֆորմատը: Դասագրքային ֆորմատը ոչինչ էլ չի ուզում, պարզապես պետպատվերի շրջանակներում որոշ մարդկանց գումար վաստակելու շանս է տալիս: Էլ ինչո՞վ բացատրել ամեն տարի ավելացող դասագրքերի ու առարկաների ծնունդը, որոնց բովանդակությունը անկում է ապրում ու վերածվում անթաքույց խոտանի:

Տպավորություն է, որ անկախության 20 տարիները Հայաստանին ոչ միայն օգուտ չեն տվել, այլ ընդհակառակը` վնասել են: Մեծ կենտրոնը (Մոսկվան) արդեն չկա, փոխարենը մեզանում մանր «կենտրոնիկներ» են առաջացել, որոնք միմյանց հետ համագործակցում են` հերթափոխով նորանոր դասագրքերի պատվերներ «իջեցնելով» երեխաների գլխին: Ֆիզկուլտուրայի դասագրքում ասվում է. «Միայն բարձր շարժողական կուլտուրա ունեցող երեխան կարող է հաջողությամբ յուրացնել հանրակրթական այլ առարկաների ուսումնական նյութը»: Եվ դա ճշմարիտ է: Շարժողական կուլտուրան (որն ընդամենը նկարների միջոցով` վիրտուալ է քարոզվում) խթանում է սովորել այն առարկաները, որոնք յուրացնելն անհնար է: Ինչն էլ դպրոցը աբսուրդի թատերաբեմ է դարձնում: