Բուժիչ նամակներ

30/10/2010

Գիտնականները պարզել են, որ…

– Հեռուստացույցը վատ է անդրադառնում երեխաների հոգեկան ներաշխարհի եւ վարքագծի վրա: Ամերիկյան Օլբանի քաղաքի համալսարանի գիտնականները ԱՄՆ տարբեր քաղաքների 3000-ից ավելի կանանց շրջանում հարցումներ են անցկացրել, որոնց երեխաները 1998-2000թթ. երեք տարեկան են եղել: Հարցվածների երեխաների մեծ մասը ամեն օր հեռուստացույց էր նայում, օրական միջինը` 3 ժամ, իսկ հեռուստացույցը առնվազն 5 ժամ միացրած էր լինում: Վերլուծելով մի քանի հանգամանքներ` մայրերի հակվածությունը դեպրեսիաների նկատմամբ, քաղաքի կրիմինալ հատվածներում տիրող կյանքը, գիտնականները եկել են այն եզրակացության, որ ոչ միայն հեռուստացույց նայելն է վնասակար, այլեւ հեռուստացույցի` պարզապես միացրած վիճակում լինելը: Երեխան դրանից նյարդային է դառնում, կռվարար եւ ջղային, զայրացկոտ: Ամեն առիթով երեխան ոչ միայն լաց է լինում, այլեւ դադարում է լսել ծնողներին: Երեխաների հոգեկանի նկատմամբ հեռուստացույցի վնասակար հատկությունների մասին վաղուց էր հայտնի: Բացի այդ, միացրած հեռուստացույցի առկայությամբ տանը ծնողների շփումն է դժվարանում: Ծնողներն ավելի քիչ են հետեւում երեխաներին, քիչ են շփվում նրանց հետ, որի պատճառով երեխան մտավոր զարգացում չի ունենում, ավելի ուշ է սկսում խոսել եւ ավելի վատ, քան իր հասակակիցները: Ընդ որում, ինչպես հայ ընտանիքներում, ԱՄՆ-ում եւս շատերի բնակարաններում հեռուստացույցը միացրած է լինում ողջ օրվա ընթացքում:

– Մարդու ինտելեկտի մոտ 70%-ը դրված է բնության կողմից, սակայն մնացյալ 30%-ը, պարզվում է, հնարավոր է ընդլայնել ճիշտ սնվելու միջոցով: Սանկտ Պետերբուրգից պրոֆեսոր Յուրի Ուսպենսկին նման հետազոտություն է անցկացրել: Ինչպես հայտնի է` ինտելեկտը բոլորովին հավասար չէ գիտելիքների քանակին։ Ինտելեկտը մարդու` վերլուծական մտքի, իրադարձությունները միմյանց համադրելու եւ անհրաժեշտ հետեւություններ անելու կարողությունն է: Մինչ այդ, տարբեր երկրների գիտնականների հետազոտությունները ցույց էին տվել, որ երեխայի ինտելեկտը պայմանավորված չէ դաստիարակությամբ: Պրոֆեսորի խոսքով` մասնագետները խիստ զարմացել էին, երբ պարզվել էր, որ երեխաների մոտ ինտելեկտի բարձրացման գաղտնիքը զուտ նրանց սնվելու մեջ է: Արդեն ապացուցված է, որ այն երեխաները, ովքեր շատ միրգ եւ բանջարեղեն են օգտագործում, ավելի բարձր ինտելեկտ են ունենում: Իսկ դա պայմանավորված է պարզագույն ֆիզիոլոգիական պրոցեսներով. վատ սնունդը մնում է օրգանիզմում` զգալիորեն դժվարացնելով մարսողականությունը: Այն դեպքում, երբ մրգերից եւ բանջարեղենից բաղկացած սնունդը արագ մարսվում է, եւ մեծ քանակությամբ գլյուկոզա է պարունակում, որն ապահովում է ուղեղի արդյունավետ աշխատանքը:

– ԱՄՆ քիմիական ինստիտուտի գիտնականներն առաջին անգամ ապացույցներ են գտել այն մասին, որ հատապտուղները` ելակը, հապալասը (չերնիկա) եւ կապույտ հապալասը (գոլուբիկա) դանդաղեցնում են ուղեղի ծերացման պրոցեսը: Հետազոտության համար փորձարկումներ են արվել առնետների վրա: 2 ամիս շարունակ կրծող կենդանիներին կերակրել են տարբեր հատապտուղներով, ապա հետեւել են, թե որքանով են ավելացել կենդանիների նոր բան սովորելու ունակությունները, հիշողությունը, եւ այլն: Գիտնականները եզրահանգել են, որ հատապտուղներով սնվող առնետների մոտ մտավոր ցուցանիշներն ավելի են լավացել: Բանը նրանում է, որ հատապտուղները պոլիֆենոլ միացությունն են պարունակում, որն ապահովում է ուղեղի նորմալ աշխատանքը: Ավելին, այն հատապտուղները, որոնք ունեն նարնջագույն, կապույտ, երկնագույն կամ կարմիր երանգ` նույնիսկ ունակ են վերականգնել ինտելեկտը: Մրգերի, բանջարեղենի, ընկույզի մեջ պարունակվող պոլիֆենոլները նաեւ հակաօքսիդանտ եւ հակաբորբոքային ներգործություն ունեն, եւ նաեւ կարող են նվազեցնել ծերության ընթացքը: Այս մասին պատմել է հետազոտության խմբի մասնակից Շիբու Պուլոզը: Պոլիֆենոլները նաեւ լավ ազդեցություն են գործում կենտրոնական նյարդային համակարգի վրա, պաշտպանում են տարբեր վիրուսներից, ուղեղի նյարդային բջիջները պաշտպանում են վնասվելուց, բարելավում են հիշողությունը եւ այլն: Գիտնականն, առհասարակ, խորհուրդ է տվել հնարավորինս շատ հատապտուղներ, միրգ եւ բանջարեղեն օգտագործել:

– ԱՄՆ Այովա նահանգի համալսարանի (University of Iowa) գիտնականների համոզմամբ` մեծ քիթն օգտակար է առողջության համար: Որքան մեծ է քիթը, այնքան դժվար են բացիլները եւ փոշին ներթափանցում օրգանիզմ: Ավելին, մեծ քիթ ունեցողներն ավելի քիչ են ալերգիկ հիվանդություններով տառապում: Գիտնականները 2 արհեստական քիթ են ստեղծել, մեկը` 2,3 անգամ մեծ մյուսից: Ապա դրանք ամրացրել են արհեստական դեմքերի վրա: Նաեւ նույն տարբերությամբ 2 շրթունք են ստեղծել, որոնք հատուկ խողովակների օգնությամբ օդն են ներքաշել: Արդյունքում, մեծ քիթը ներքաշել է 6,5%-ով ավելի քիչ բացիլներ, փոշի, քան սովորական քիթը: Նույն պատկերն է եղել նաեւ շրթունքների դեպքում, մեծը` 3,2 %-ով ավելի քիչ փոշի է կուլ տվել: Գիտնականների խմբի ղեկավար Ռենե Էնթոնին ասել է, որ մեծ քիթը ավելի է պաշտպանում բերանը, որի շնորհիվ նվազում է ալերգիկ ռեակցիաների եւ բացիլների ներթափանցման ռիսկը:

Առողջ եղեք: