Երեկ վաղ առավոտից ԱԼՄ հոլդինգի մոտ հերթ էր գոյացել: Հերթ կանգնածները գրանցվում էին, թողնում հասցե, հեռախոսահամար եւ ստանում Տիգրան Կարապետյանի կիսանդրիով ապակե մոմակալ, որի մեջ նաեւ փոքրիկ մոմ էին դնում: Պարզվեց՝ Տիգրան Կարապետիչը նոր նախաձեռնությամբ է հանդես եկել՝ կազմակերպում է մոմավառություն: Թե այս ակցիայի հիմքում հատկապես «ազգանվեր» ինչ գաղափար է դրել պրն Կարապետյանը, ԱԼՄ հոլդինգի աշխատակիցները տեղյակ չէին՝ «Մոմավառությունը մոմավառություն է, ի՞նչ նպատակ պիտի ունենա»: Հեռախոսազրույցի ժամանակ Տիգրան Կարապետիչն էլ խորհուրդ տվեց՝ «Լրագրող ես, գնա կես ժամ կանգնի ԱԼՄ-ի դուռը, տես ինչքան մարդ ա գալիս ստանում, իրանցից իմացի նպատակն էլ, մոմավառության մասնակիցների քանակն էլ»: Այնուամենայնիվ, պրն Կարապետյանը նշեց, որ կես ժամը մեկ 30 հոգի է մոմակալ ստանում: Նա խորհուրդ տվեց յուրաքանչյուր կես ժամը բազմապատկել 30-ով, հետո, չգիտես ինչու, բաժանել 5-ի: Այլ հարցերի չպատասխանելով՝ նա անջատեց հեռախոսը: Տիգրան Կարապետիչի խորհրդին հետեւելով՝ ժողովրդից տեղեկացանք, որ մոմավառությունը Կարապետիչի հոգու փրկության համար է: Սույն դեպքի օրը, ժամը, տեղը լրացուցիչ կհայտարարվի՝ հանգստացրին ԱԼՄ հեռուստաընկերությունից: