Ոչ հռչակագրային ուղերձներ

28/10/2010

Մինչ Հայաստանում երեկ նշվում էր 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության 11-րդ տարելիցը, Աստրախանում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը: Արդյունքում ընդունվել է համատեղ հռչակագիր, որի մասին հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: «Խոսքը վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ հատուկ հռչակագրի մասին է: Փաստաթղթով ենթադրվում է ռազմագերիների փոխանակություն եւ զոհվածների մարմինների վերադարձ»,- ասել է ՌԴ նախագահը` հանդիպումը որակելով՝ որպես «հումանիտար բնույթի»: «Վերահաստատելով 2008թ. նոյեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված համատեղ հայտարարության դրույթները` նախագահներն ընդգծեցին, որ քաղաքական-դիվանագիտական միջոցներով հակամարտության կարգավորումը պահանջում է հետագա ջանքեր հրադադարի ռեժիմի եւ ռազմական ոլորտում վստահության ամրապնդման միջոցների ամրապնդման ուղղությամբ»,- ասված է հռչակագրում: Այս փաստաթղթի ընդունումն, իհարկե, դրական է, հաշվի առնելով վերջին ամիսներին, այդ թվում` հենց հանդիպման նախօրեին հայ զինվորի սպանության հերթական դեպքը: Եվ չնայած Մեդվեդեւը հույս է հայտնել, որ դեկտեմբերին կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ հնարավոր է՝ ՀՀ-ն ու Ադրբեջանը համաձայնեցնեն ԼՂ հարցի կարգավորման ընդհանուր սկզբունքները, երեկ ընդունված հռչակագիրը ոչ այնքան խաղաղասիրական, որքան պատերազմի «տեխնիկական պայմանների» մասին պայմանավորվածության փաստաթուղթ է հիշեցնում: Այսինքն` կողմերը առաջնորդվում են այն կանխավարկածով, որ այսուհետ եւս լինելու են ռազմագերիներ եւ սպանվածներ, որոնց պետք է փոխանակել, կամ վերադարձնել զոհվածների մարմինները: Մեդվեդեւի երեկվա հայտարարություններից դժվար չէ կռահել, որ ՌԴ-ն գոնե հրապարակայնորեն շահագրգռված է առաջիկայում ԼՂ հարցի կարգավորմամբ: Ասել է թե` ուզում է հարցը կարգավորել իրեն ձեռնտու տարբերակով: Դա նշանակում է` Արեւմուտքի, ավելի կոնկրետ՝ ԱՄՆ-ի համար ոչ շահեկան լուծում: Եվ «զարմանալի զուգադիպությամբ»՝ երեկվա հանդիպումից ժամեր առաջ Youtoob-ում հայտնվում է թաքնված տեսախցիկով նկարահանված մի տեսանյութ, որում ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Օբամայի վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին խոստումները չկատարելու մասին հարցին ի պատասխան՝ ասում է, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր հետ հեռախոսազրույցում խնդրել է ճնշում չգործադրել Թուրքիայի նկատմամբ, քանի դեռ բանակցություններ են ընթանում: Ավելորդ է նշել, որ նման տեսանյութերը նույնիսկ «ամերիկյան ժողովրդավարության» պայմաններում պատահաբար չեն հայտնվում ինտերնետում եւ ամերիկյան քնքույշ տերմինաբանությամբ կոչվում են «massage»-ներ կամ ուղերձներ: Ընդ որում, թեեւ ՀՀ նախագահի մամլո խոսնակը շտապել է հերքել Բայդենին վերագրվող խոսքերը, երեկվա դրությամբ ոչ ԱՄՆ Պետքարտուղարությունը, ոչ էլ նույնիսկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը որեւէ պարզաբանում չեն ներկայացրել կատարվածի մասին: Այսինքն` «Պզոյենց» գործից հետո սա կարելի է համարել ՀՀ իշխանություններին ուղղված հաջորդ ուղերձը կոնկրետ ԼՂ բանակցությունների առնչությամբ: Այլ կերպ ասած, եթե չլիներ այս տեսահոլովակը, բացառված չէ, որ Մեդվեդեւի ոգեւորությունն ավելի մեծ լիներ: Հատկապես երեկ Աստրախանում Հեյդար Ալիեւի արձանի հանդիսավոր բացումը վկայում էր, որ Ադրբեջանի համաձայնությունը ստանալու համար ՌԴ-ն արել էր ամեն ինչ` Հայաստանի ենթադրյալ համաձայնության դեպքում որեւէ փաստաթուղթ ստորագրելու ակնկալիքով: Մնում է առաջիկայում սպասել նոր «massege»-ների: Ավելի ճիշտ՝ «նամյոկներ»-ների: