Այսօր մինչեւ ժամը 12:00-ն ՀՀ իշխանությունները պետք է կարողանան «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին համոզել, որ նա կրկին հետաձգի Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին օրինագծի քվեարկությունը: Հակառակ դեպքում կոալիցիան ստիպված կլինի այդ օրինագծին, նույնն է թե՝ ԼՂՀ անկախությանը դեմ քվեարկել, կամ բոյկոտել ու ընդհանրապես չմասնակցել քվեարկությանը: Դեմ քվեարկելու դեպքում ստացվում է, որ իշխանությունները «դավաճան» են եւ չեն ցանկանում ճանաչել ԼՂՀ անկախությունը: Երկրորդ դեպքում էլ նույն տպավորությունն է, բայց ավելի թույլ չափաբաժնով: Թե ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացի ողջ ընթացքում, թե ՀՀ ԱԺ գործունեության պատմության մեջ սա ըստ էության աննախադեպ իրավիճակ է, որի լուծմանն ականատես կլինենք այսօր: Երեկ քվեարկություններից անմիջապես հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խմբակցությունների ղեկավարներին հրավիրեց իր մոտ այս հարցը քննարկելու եւ Ր.Հովհաննիսյանին համոզելու, որ քվեարկությունը կրկին հետաձգի: Ավելի քան մեկ ժամ տեղի ունեցած քննարկումն ապարդյուն էր անցել, «Ժառանգության» ղեկավարը անդրդվելի էր մնացել: Ավելին: «Եթե մինչեւ վաղը ժամը 12:00-ն որեւէ վերջնական փոխհամաձայնություն չլինի, ապա օրինագիծը կդրվի քվեարկության»,- Հ.Աբրահամյանի մոտից դուրս գալուց հետո բարկացած հայտարարեց Ր. Հովհաննիսյանը:
ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը տեղեկացրեց, թե աշխատանքային խումբ ձեւավորելու եւ մինչեւ այսօրվա նիստը այլ տարբերակներ առաջարկելու մասին որոշում են կայացրել: Հիշեցնենք, որ ԼՂՀ անկախության ճանաչման մասին օրինագիծը արտահերթ կարգով քննարկվեց անցած քառօրյայի ժամանակ, բայց քվեարկության չդրվեց: Հ.Աբրահամյանը Նիստերի դահլիճում կարճ բանակցություն վարեց Ր.Հովհաննիսյանի հետ, եւ համաձայնության եկան քվեարկությունը հետաձգել մինչեւ այս քառօրյա: Իսկ «Ժառանգություն» կուսակցությունն իր այս օրինագիծը պարբերաբար փորձել է ներկայացնել ԱԺ քննարկմանը, բայց դա չի ստացվել: Այս անգամ ստացվեց, որովհետեւ անցած տարի ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություն կատարվեց, որի համաձայն՝ խորհրդարանական ընդդիմությանն իրավունք ընձեռվեց իր ցանկացած օրինագիծն արտահերթ կարգով եւ առանց Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացության ներկայացնել քվեարկության: «Ժառանգություն» խմբակցությունը գիտակցում է, որ իր վեց անդամներով եւ կողքից օգնության հասնող «Դաշնակցություն» խմբակցության ուժերով չի կարող որեւէ օրինագիծ անցկացնել, եթե դա չցանկանան կոալիցիոն երեք խմբակցությունները, կամ նույնիսկ խորհրդարանի մեծամասնություն կազմող «Հանրապետական» խմբակցությունը միայնակ: Բացի այդ, իշխանական կամ ընդդիմադիր տարբեր քաղաքական ուժերի, փորձագետների կողմից բազմիցս հայտարարություններ են հնչել, որ քանի դեռ ընթանում են ԼՂՀ կարգավորման բանակցությունները, քանի դեռ չեն սպառվել բանակցային հնարավորությունները, նպատակահարմար չէ ՀՀ-ի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը: Կամ` միայն ՀՀ-ի կողմից ճանաչումը Ղարաբաղին ոչինչ չի տա, որովհետեւ ԼՂՀ անկախությունը պետք է ճանաչեն այլ պետություններ եւս: Եվ, ի վերջո, ՀՀ-ի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը կարող է բանակցային գործընթացի կասեցման եւ պատերազմի վերսկսման պատճառ դառնալ: Ուրեմն ինչո՞ւ է «Ժառանգությունը» նման օրինագիծ ներկայացնում եւ փաստի առաջ կանգնեցնում իշխանություններին: «Դեռեւս տարրական քայլերն է «Ժառանգությունն» իրագործում քաղաքական կյանքում: Պարզապես անգործության չմատնվելու համար մի օրինագիծ են բերել եւ մտածում են ապագայի դրսեւորումների համար դրա վրա ինչ-որ հենք ստեղծել»,- կարծում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա կարծես թե ակնարկում էր 2012թ. խորհրդարանական ընտրությունները, որոնցում հաջողություն ունենալու համար արդեն անհրաժեշտ է քաղաքական դիվիդենտներ հավաքել: Բացի այդ, հայտնի են Ր.Հովհաննիսյանի նախագահական նկրտումները: Իսկ այս օրինագիծը հայրենասիրական զգացմունքների վրա ազդելու եւ նման դիվիդենտներ ստանալու հնարավորություն տալիս է: Գ.Սահակյանի խոսքերով՝ օրինագիծն այսօր չի ընդունվի, եւ ընդամենը տեխնիկական հարց է` իրենք դա կանեն դեմ քվեարկելո՞վ, թե՞ քվեարկությանը չմասնակցելով: «Ժառանգությունը» հասկանում է, որ օրինագիծը դատապարտված է մերժման, եւ այդ պատճառով ունի մեկ այլ պահանջ. նախագիծը ետ ուղարկել գլխադասային հանձնաժողով՝ դրական եզրակացություն տալու համար, այն ընդունել ու պահել մեծ օրակարգում, բայց չքննարկել: Կամ այսօր քվեարկել առաջին ընթերցմամբ, երկրորդ ընթերցման քննարկումն ու քվեարկությունը կազմակերպել, երբ անհրաժեշտ կհամարվի: Բայց այս դեպքում էլ կոալիցիոն խմբակցությունները համոզված չեն, որ նույն քաղաքական դիվիդենտները ստանալու համար օրինագծի հեղինակները որոշ ժամանակ հետո չեն պահանջի երկրորդ ընթերցման քննարկումը: ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանն էլ կարծում է, որ ԱԺ-ի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման մասին օրինագծի չընդունումը կամ ընդհանրապես քվեարկության չմասնակցելը տարբեր երկրներում ու միջազգային կառույցներում շատ լուրջ խնդիր է առաջացնելու մեր երկրի հետագա գործունեության տեսանկյունից՝ կապված ԼՂՀ ճանաչման հետ: Բանակցային գործընթացներում դա նաեւ կարող է օգտագործել Ադրբեջանը: Եվ, ի վերջո, ՀՀ խորհրդարանն այդ օրինագիծը չի ընդունի: Այսպիսով ՀՅԴ գործչի համար նման պարագայում անհասկանալի է «Ժառանգության» այս նախաձեռնությունը: Նախօրեին Հ.Աբրահամյանը հայտարարել էր, որ եթե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Աստրախանում Իլհամ Ալիեւի հետ հանդիպելուց հետո վերադառնա եւ առաջարկի ճանաչել ԼՂՀ անկախությունը, ապա ԱԺ-ն դա կանի: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի կողմից կազմակերպված այդ հանդիպումն անակնկալ էր Հայաստանի համար, եւ քաղաքական շրջանակներում սպասվում էր, որ ԼՂՀ հարցի հետ կապված որեւէ փաստաթուղթ կստորագրվի: Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ երեք նախագահները ռազմագերիների փոխանակման շուրջ համաձայնության են եկել: Դ.Մեդվեդեւը երեկ նաեւ հայտարարել է, թե դեկտեմբերին Ղազախստանում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովից առաջ Հայաստանն ու Ադրբեջանը հնարավոր է համաձայնեցնեն ԼՂ կարգավորման ընդհանուր սկզբունքները, որոնք հետագայում պետք է դրվեն խաղաղության պայմանագրի հիմքում: Իսկ երեկ Հ.Աբրահամյանը Ր.Հովհաննիսյանին համոզում էր ԼՂՀ ճանաչման մասին օրինագծի քվեարկությունը հետաձգել մինչեւ դեկտեմբեր: Միգուցե ԵԱՀԿ գագաթաժողովի հանդիպումների ժամանակ իրադարձությունները հայկական կողմի համար այնքան անբարենպաստ լինեն, որ ՀՀ իշխանություններն իրենք ակտիվացնեն այդ օրինագծի քննարկումներն ու քվեարկությունը: