«Ցյուրիխ-2»-ի մեկնարկը տրված է

28/10/2010

«Հզոր Թուրքիա» կուսակցության առաջնորդն ու կուսակցության անդամները պատրաստվում են հոկտեմբերի 28-ին այցելել Հայաստան: Այդ մասին հայտնել է կուսակցության առաջնորդ Թունա Բեքլեւիչը: «Հայ եւ թուրք երիտասարդներն այլեւս սահմանների հետեւում չեն թաքնվում: Համարձակորեն դուրս են գալիս ասպարեզ եւ բացականչում, որ սահմանը պետք է բացվի: 31 կետից բաղկացած գործողության պլան ենք մշակել: Հոկտեմբերի 28-ին իմ թիմի հետ անձամբ ես մեկնելու եմ Երեւան»,- ասել է նա: «Երեւանում կազմակերպելու ենք մամուլի ասուլիս եւ մեր առաջարկները ներկայացնելու ենք հայ հանրությանը: Հանդիպում ենք խնդրելու Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանից եւ խնդրելու ենք նրան արձագանքել մեր առաջարկներին: Այնուհետեւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին ենք ներկայացնելու հայ հանրության տեսակետները: Հանդիպելու ենք նաեւ Թուրքիայի նախագահի եւ վարչապետի հետ: Մի խոսքով` դուռ չի մնալու, որ չթակենք»,- ասել է նա: Նշելով, որ իրենց գործողության ծրագիրը կազմվել է հայաստանյան 40 հասարակական կազմակերպությունների հետ բանակցություններից եւ Ստամբուլում տեղի ունեցած համաժողովից հետո, Բեքլեւիչը հայտարարել է, թե «Ցյուրիխ-2»-ի մեկնարկը տրված է: «Հասարակական դիվանագիտության նախաձեռնությունը զարկ տվեց «Ցյուրիխ-2»-ի մեկնարկին: Այդ գործընթացը սկսած բարեկամության խումբն օրեցօր հզորանում է: Մեկ շաբաթվա ընթացքում մեր թիվը հասել է հազարի: Մեր խմբին անդամակցող հայերն ու թուրքերը շատ վճռական են: Ամենակարճ ժամանակահատվածում սահմանի բացման ուղղությամբ տարվող մեր աշխատանքներն արդյունք են տալու»,- ասել է նա: Հիշեցնենք, որ վերջերս Թունա Բեքլեւիչը հայտարարել էր, որ իր կուսակցությունը պատրաստվում է Կարսում հանրաքվե անցկացնել հայ-թուրքական սահմանի բացման առնչությամբ։ «Հզոր Թուրքիա» կուսակցության եւ դրա առաջնորդ Թունա Բեքլեւիչի մասին մամուլում ակտիվորեն սկսեցին լուրեր շրջանառվել այն բանից հետո, երբ նա հայտարարեց, որ ինքն իր կուսակիցների հետ Ախուրյանով անցել է Թուրքիայի հետ ՀՀ-ի սահմանը: Նման քայլով, ըստ Բեքլեւիչի, իրենք ցանկանում էին կողմերին հիշեցնել մեկ տարի առաջ Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական Արձանագրությունների մասին եւ կոչ անել բացել սահմանը: