Հոկտեմբերի 26-ին Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հայտնաբերել եւ Քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1983թ. ծնված Գեորգի Ավանեսովին: Նա ս/թ հոկտեմբերի 1-ից Ինտերպոլի ուղիներով Հոլանդիայի իրավապահների կողմից հետախուզվում էր Նիդեռլանդների Թագավորության քրեական օրենսգրքի 138ա, 138բ, 139դ, 350ա եւ 420 հոդվածների (կազմակերպված հանցավոր խմբավորման անդամակցելը, կիբերհանցավորություն, փողերի լվացում) մեղադրանքով: Խափանման միջոցը` կալանք: Ավանեսովը տեղափոխվել է Ոստիկանություն, ինչի մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազությանը եւ ՀՀ-ում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրո: Ավանեսովը մեղադրվում է աշխարհով մեկ շուրջ 30 մլն համակարգիչ վարակելու, ֆինանսական ինֆորմացիա գողանալու, միլիոնավոր սպամ-նամակներ ուղարկելու համար: Երիտասարդը համարվում է Bredolab բոտնետի համակարգողը: Բոտնետը կառավարելու համար օգտագործվել է շուրջ 143 սերվեր, որոնք պատկանում են հոլանդական LeaseWeb հոսթային պրովայդերին: Ընկերությունն իր սերվերներում իրականացվող վնասաբեր գործունեության մասին իմացել էր դեռ ամռանը, սակայն Ոստիկանությունը, ցանկանալով հայտնաբերել խմբի անդամներին, մատակարարին թույլ չէր տվել անջատել ցանցը: Մեկ ամսվա ընթացքում վարակվել է 3 մլն համակարգիչ, օրական ուղարկվել է 3,6 մլրդ էլեկտրոնային նամակ` վնասակար պարունակությամբ: Նամակներում խոսվում էր, օրինակ, որեւէ հայտնի մարդու մահվան մասին եւ առաջարկվում էր բացել կից ֆայլը: Ֆայլը բացելուց հետո համակարգիչը վարակվում էր: Խմբի անդամները կարողացել են ղեկավարել այդ համակարգիչները, տեսնել օգտագործողի անձնական տվյալները, լոգինը, գաղտնաբառը, նույնիսկ բանկային հաշիվները: