Հայաստան համահայկական հիմնադրամի նախորդ տարվա դրամահավաքին, որն ուղղված էր հիմնականում Շուշիի բարեկարգման ծրագրին, հավաքվեց 15 միլիոն 870 հազար դոլար։ Այդ գումարներով Շուշիում արդեն բավականին գործ է արվել։ Ավարտին է հասցվել 3 փողոցների ամբողջական վերակառուցումը՝ ներառյալ ենթակառուցվածքները, ընթացքում է 2 փողոցների շինարարությունը։ Վերակառուցվում է Աբովյանի անվան դպրոցը, շուտով ավարտին կհասցվի Շուշիի գրադարանի վերականգնման ծրագիրը։ Ընթացքի մեջ է խմելու ջրի ծրագիրը՝ շուրջ 1 միլիոն դոլար արժեքով։ Միաժամանակ աշխատանքներ են իրականացվում Արցախի այլ գյուղերում եւ Հայաստանի տարածքում։ Չնայած այս ամենին, Հայաստան հիմնադրամը Հայաստանի այն կառույցներից է, որոնք ամենից շատ են հայտնվում քննադատության թիրախում՝ թե դրամահավաքման պրոցեսի, թե ծրագրերի իրականացման տեսանկյունից։ Հիմնադրամի ծրագրերը հիմնականում շինարարության ոլորտում են, իսկ շինարարության ոլորտը մեզանում ընկալվում է որպես կողմնակի գումարներ աշխատելու ամենահարմար բնագավառը։ Այս եւ այլ հարցերի շուրջ է մեր զրույցը Հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանի հետ։
– Պրն Վարդանյան, ինչպես Դուք նշում եք, կառավարության համաֆինանսավորումը թույլ է տալիս ուժեղացնել վերահսկողությունը եւ ապահովել ավելի բարձր որակ։ Բայց դա արդյո՞ք բավական է։ Օրինակ, աղետի գոտում ընթացող շինարարությունն ամբողջությամբ ֆինանսավորվում եւ վերահսկվում է պետության կողմից, բայց որակի մասին խիստ կասկածներ կան, ինչի մասին վերջերս հրապարակումներ եղան մամուլում։
– Կառավարության աշխատանքները չեմ կարող քննարկել, որովհետեւ մենք չենք իրականացրել եւ ստուգել։ Ինչ վերաբերում է մեր ծրագրերին, մեր մեխանիզմները մի քանի տեսակ են։ Նախ՝ երբ ծրագիրը դրվում է մրցույթի՝ շինարարին ընտրելու համար, միաժամանակ հայտարարվում է եւս մեկ մրցույթ, որը կոչվում է տեեխնիկական վերահսկման մրցույթ։ Երբ հաղթած շինարարը սկսում է իր աշխատանքը, նրա հետ իր աշխատանքն է սկսում նաեւ վերահսկող, հիմնադրամից անկախ կազմակերպությունը, որը հսկում է շինարարության ողջ պրոցեսը։ Միաժամանակ կնքվում է նաեւ հատուկ պայմանագիր նախագծային աշխատանքներն իրականացրած ընկերության հետ, որն իրականացնում է նախագծային հսկողությունը։ Բացի դրանից, մենք հիմնադրամում ունենք շինարարական վարչություն։ Կատարողականը ստանալուց հետո մեր շինարարը մեկնում է ուսումնասիրության, եւ նոր դրանից հետո մենք վճարում ենք։ Այսինքն՝ 3 հոգի ստուգում են, նոր մենք վճարում ենք։ Եվ վերջապես տարվա վերջին մենք անցնում ենք ֆիզիկական աուդիտ։ Ստուգման են ենթարկվում ոչ միայն ֆինանսական հոսքերը, այլ նաեւ ֆիզիկապես, հատ առ հատ ստուգվում են բոլոր ծրագրերը։ Նշեմ նաեւ, որ մեր բոլոր մրցույթներին բարերարը հնարավորություն ունի ունենալ իր ներկայացուցիչը։ Նա ունի քվեի իրավունք, եւ որոշումները գրեթե միշտ կոնսենսուսով են կայացվում։
– Իսկ մրցույթներում չի՞ գործում արդյոք Հայաստանին բնորոշ «ատկատի» տարբերակը։
– Ասեմ, որ շուրջ երկու տարի է, ինչ ես այս պաշտոնում եմ, եւ այս ընթացքում որեւէ շինարարի կողմից չի եղել որեւէ բողոք՝ մրցույթի հետ կապված։ Անգամ պարտվողները տեսել են, որ իրենք արդար են պարտվել։ Շատ խիստ ենք վերաբերվում բոլորին։ Եթե անգամ շինարարը, որը երկար տարիներ համագործակցել է հիմնադրամի հետ, մրցույթին ներկայացել է որեւէ պակաս փաստաթղթով՝ տեղում որակազրկվում է։ Ծանոթ-բարեկամ հարաբերությունները այստեղ չեն աշխատում։ Չկան կանաչ լույս եւ կարմիր լույս ունեցող շինարարական կազմակերպություններ. բոլորի համար պայմանները նույնն են։ Հաղթում է ցածր գին տվողը, բայց ոչ աբսուրդային ցածր գին տվողը։ Կային շինարարներ, որոք կարծում էին, թե կարող են շատ ցածր գին դնել, հաղթել, հետո գինը բարձրացնել։ Եղել են նման դեպքեր, բայց այդ շինարարները շատ լուրջ պատժվել են, որովհետեւ ի սկզբանե մրցույթի ժամանակ մենք բոլորին զգուշացնում ենք, որ եթե ընթացքում գինը բարձրանալու է, ավելի լավ է հենց սկզբից բարձր գին առաջարկեն։ Սա այն կազմակերպությունը չի, որի հետ կարելի է խաղեր խաղալ։
– 2009թ. հեռուստամարաթոնի արդյունքում հայտարարվեց 15.8 միլիոն դոլար հանգանակության մասին, մինչդեռ նախորդի ժամանակ գումարը 2 անգամ ավելի մեծ էր։ Դա ինչո՞վ էր պայմանավորված՝ ճգնաժամո՞վ։
– Ճգնաժամն այստեղ բացարձակապես կապ չունի, ուղղակի պետք է հասկանալ, որ կա x գումար, որը հավաքվում է մեր բոլոր բարերարների կողմից՝ չհաշված խոշոր բարերարներին, եւ այդ գումարը տատանվում է 5-8 միլիոն դոլարի սահմաններում։ Դա համարենք համաժողովրդական մասնակցության արդյունքում հանգանակված գումար։ Եվ բացի այդ՝ կա y գումար, որը հավաքվում է խոշոր բարերարների կողմից՝ 500 հազար եւ ավելի դոլարի նվիրատվություն կատարողները։ Դրամահավաքի չափի այս մեծ տատանումը պայմանավորված է հենց այս y գումարի՝ խոշոր բարերարների մասնակցությամբ։ Օրինակ, տիկին Լուիզ Մանուկյան-Սիմոնը շուրջ 12 տարի շարունակ ամեն անգամ 1 միլիոն դոլար էր տալիս, սակայն արդեն կլինի երկու տարի, որ նա նույնքան չի տալիս, ասում է՝ գիտեք ինչ, ինձ մի քիչ պետք է հանգստանալ։ Իհարկե, այդ պատճառով հեռուստամարաթոնի թիվն իջնում է, բայց մարդուն մեղադրել չես կարող։ Մեկ այլ օրինակ բերեմ. երբ հայտարարվեց 35 միլիոն, այդ գումարից 15 միլիոնը Ստեփանակերտի հիվանդանոցի կառուցման գումարն էր, որը խոստացել էր Սամվել Կարապետյանը։ Հիվանդանոցն այժմ կառուցվում է։ Բայց անհեթեթություն կլինի մտածել, որ Սամվել Կարապետյանը պարտավոր է ամեն տարի 15 միլիոն գումար տրամադրել։ Հասկանում եմ, որ հանրությունը միշտ միտված է ուշադրություն դարձնել վերջնական գումարին, բայց ես միշտ կոչ եմ անում նայել մասնակցության թվին։
– Բարձր գումարը մի տեսակ նշաձողի նման է ընկալվում, եւ մարդիկ սպասում են, որ գումարը հաջորդ տարի գոնե չի պակասի։
– Լիովին համաձայն եմ։ Պարզապես ես միշտ ասում եմ, որ պետք է հասկանալ այդ գումարի ձեւավորման մեխանիզմը, որպեսզի ոչ վատ զգանք, ոչ լավ։ Հո չե՞նք կարող նույն Սամվել Կարապետյանին ասել՝ այս տարի էլ 15 միլիոն տուր, որովհետեւ հասարակության մեջ չի ընկալվում, որ 35 միլիոնի փոխարեն՝ հավաքվել է 15 միլիոն։ Ու պետք է նկատի ունենալ, որ անգամ աշխարհի ամենահարուստ մարդկանց համար հեշտ չի իր վաստակած գումարներից ամեն տարի տասնյակ միլիոնավոր դոլարներ նվեր տալ։
– Իսկ ընդհանրապես խոշոր գումար խոստացողներն իրենց խոստումները կատարո՞ւմ են։ Թե՞ կան այնպիսիք, ովքեր սեփական PR-ի համար հայտնվում են եթերում, մեծ-մեծ խոստումներ տալիս, հետո «մոռանում»։
– Հիմնադրամը մյուս նմանատիպ կազմակերպություններից տարբերվում է նաեւ հենց նրանով, որ հետամուտ ենք լինում բոլոր խոստումների կատարմանը, մանավանդ մեծ գումարների մասով։ Աուդիտը դա էլ է ստուգում՝ հայտարարված եւ փաստացի ստացված գումարները։ Նման խոսակցությունները սկսվեցին հենց այդ 35 միլիոնի ժամանակ, երբ, բացի Սամվել Կարապետյանից, եւս 3-4 հոգի ցանկություն հայտնեցին իրենք իրականացնել իրենց կողմից խոստացված ծրագրերի շինարարությունը։ Մեզ համար սկզբունքային չէ, որ փողը ֆիզիկապես փոխանցվի մեր հաշվին։ Մեզ համար ավելի կարեւոր է, որ հայտարարված ծրագիրն իրականություն դառնա։ Օրինակ՝ Գենադի Ստեփանյանը եւ Էդուարդ Գուլյանը խոստացել էին Ստեփանակերտում կառուցել ծննդատուն։ Արդեն աշխատանքները սկսված են, այսինքն՝ մարդիկ տեր են իրենց խոսքին։ Հարուստների համար խոստումը չկատարելն ավելի դժվար է։
– Ինչո՞ւ։
– Որովհետեւ 50 դոլար խոստացած մարդուն պարբերաբար չենք զանգի եւ հիշեցնի, որ գումար է խոստացել։ Բայց խոշոր նվիրատուների դեպքում շատ հետեւողական ենք, քանի որ դրանցից կախված է ծրագրի իրագործումը։ Մենք գումարները չենք հավաքում՝ նոր մտածում ինչ անել։ Մենք սկսում ենք շինարարությունը, իսկ գումարը հավաքվում է ընթացքում։ Կան անցած տարվանից մնացած գումարներ, որոնք նոր պետք է ստանանք, որովհետեւ ի սկզբանե այդ մարդն ասել է՝ 500 հազար կտամ, բայց դա կլինի հաջորդ տարվա հոկտեմբերին։ Մենք իր խոստացած գումարը թղթի վրա ունենալով՝ շինարարությունը սկսում ենք մեր ընթացիկ միջոցներով։
– Իսկ քաղաքական զարգացումները չե՞ն ազդում դրամահավաքի վրա։ Օրինակ՝ շատերը կարծում են, որ նախորդ տարի գումարն ավելի մեծ կլիներ (մասնավորապես՝ Սփյուռքի հաշվին), եթե չլիներ «ֆուտբոլային դիվանագիտությունը»։
– Այդ կարծիքը չեմ կիսում եւ չեմ էլ ուզում կիսել։ Եթե ինչ-որ մեկն ինձ ապացուցի, որ ազդել է, ապա ես ինձ շատ վիրավորված կզգամ։ Իհարկե, մեր հոգաբարձուների խորհուրդը ի պաշտոնե ղեկավարում է հանրապետության նախագահը։ Սակայն միայն նախագահը չէ, որ որոշումներ է կայացնում հիմնադրամում. մեր բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսի արդյունքում։ Եվ Սփյուռքում մեր բոլոր հանդիպումների ժամանակ ես փորձում եմ այդ մեխանիզմը ներկայացնել։ Ոչ թե փորձում եմ Հիմնադրամը տարանջատել կառավարությունից, այլ պարզապես բացատրում եմ, որ մենք քաղաքականության հետ կապ չունենք։ Մեր արածը պարզապես օգնություն է հասարակ գյուղացի մարդուն։ Եթե կա որեւէ մեկը, որը դեմ լինելով հայ-թուրքական կամ որեւէ այլ գործընթացի, չի կարող ինձ համոզել, որ Հայաստանի կամ Ղարաբաղի գոնե մեկ երեխա սոված մնա։ Ես այդ կապը՝ քաղաքական հայացքների եւ մեր գործունեության, չեմ տեսնում։ Պետք է միշտ այդ տարանջատումն անել ու հասկանալ, որ, այո, հանրապետության նախագահը մեր հոգաբարձուների խորհրդի նախագահն է, եւ դա Հայաստանում աշխատելու համար մեզ շատ մեծ առավելություն է տալիս։ Մեր առջեւ դռներ են բացվում, այն, ինչ մենք կարողանում ենք անել ցածր գներով եւ որակով, դրա մեջ նախագահի դերը շատ մեծ է։ Շինարարներն էլ զգաստ են այս առումով։ Եվ պետք չի մոռանալ, որ թե Հայաստանի, թե Լեռնային Ղարաբաղի նախագահը դրամահավաքի գործում շատ մեծ «ամագ» ունեն։ Նույն Մոսկվայի ճաշկերույթը իրականացվում է նախագահների նախաձեռնությամբ, եւ գումարները, որ այնտեղ հավաքվում են, իմ աշխատանքի արդյունքը չեն, գործադիր վարչության աշխատանքի արդյունքը չեն։ Դրանք այդ երկու մարդկանց ծանոթությունների եւ հեղինակության արդյունքն են։ Այսինքն, կոնկրետ Մոսկվայում գործարարները գումարներ տալիս են՝ վստահելով ոչ թե հիմնադրամին, այլ վստահելով նախագահներին։
– Մոտավոր կանխատեսում ունե՞ք, թե այս անգամ որքան գումար կհավաքվի։
– Դժվար է ասել, սակայն նախորդ տարվանից քիչ դժվար թե լինի, որովհետեւ լուրջ աշխատանք է իրականացվում։ Հատկապես Մոսկվայի ճաշկերույթի հետ կապված, որը տեղի է ունենալու նոյեմբերի 16-ին, որին կրկին մասնակցելու են ՀՀ եւ ԼՂ նախագահները։ Արդեն բազմաթիվ հանդիպումներ ունեցել ենք Մոսկվայում, աշխատում ենք մասնակիցների թվի վրա։ Եթե նախորդ տարի մոտ 50 գործարարներ էին հավաքվել, այս տարի փորձում ենք այդ թիվը կրկնապատկել եւ նույնիսկ եռապատկել։ Սփյուռքից ակնկալիքներն այս տարի այդքան էլ մեծ չեն։ Երկար տարիների մուտքերի մեծ մասն ապահովվում էր ԱՄՆ-ի եւ Եվրոպայի մեր հայրենակիցների շնորհիվ։ Եվ կարծում եմ՝ ժամանակն է, որ այդ գլխավոր դերը ստանձնի Ռուսաստանի հայ համայնքը, որը մեր գործունեության մեջ 17 տարի բավականին պասիվ է եղել։