«Նախիջեւանը մեր աչքի լույսն է, եւ այն շատ կարեւոր է մեզ համար, ու հետեւաբար մենք կպաշտպանենք այն»,- հայտարարել է Թուրքիայի արտաքին առեւտրի հարցերով պետնախարար Զաֆեր Չաղլայանը, ով թուրք գործարարների հետ մեկնել է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն: Ըստ թուրքական «Star» պարբերականի, Չաղլայանը նշել է, որ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման՝ ՀՀ ու Թուրքիայի միջեւ երբեք առեւտրատնտեսական կապեր չեն հաստատվի: Հիշեցնելով, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ առեւտրաշրջանառության ծավալը կազմում է 2մլրդ դոլար, Չաղլայանն ասել է, որ նպատակադրվել են առաջիկա տարիներին այդ ցուցանիշը հասցնել մինչեւ 5մլրդ դոլարի: Նախիջեւանում գումարվելու է Թուրքիա-Ադրբեջան-Նախիջեւան գործարար ֆորում, որին մասնակցելու են ավելի քան 200 գործարարներ այդ երեք երկրներից: