«Ադրբեջանի ռազմավարությունը կայանում է նրանում, որ այդ երկիրը մեծացնում է իր ռազմական պոտենցիալը եւ ցանկանում հասնել բացարձակ առավելության Հայաստանի համեմատությամբ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, քաղաքագետ Սերգեյ Մարկովը: Նրա խոսքով, այդպիսով Ադրբեջանն առանց լայնամասշտաբ ռազմական գործողությունների կկարողանա Հայաստանին զգալի զիջումներ պարտադրել: «Կարեւոր է հիշել, որ 20 տարի առաջ հարցը լուծվել է, եւ լուծվել է ռազմական ճանապարհով: Այն ժամանակ առավելությունը Հայաստանի կողմում էր: Սակայն այս 20 տարում ուժերի հավասարակշռությունը արմատապես փոխվել է, եւ հիմա Ադրբեջանը շատ ավելի ուժեղ է»,- հայտարարել է փորձագետը` ավելացնելով, որ չնայած դրան, մոտ ժամանակներս պատերազմ չի լինի: «Ադրբեջանը աղաղակում է պատերազմի մասին, սակայն այդ երկրի քաղաքական էլիտան հրաշալի հասկանում է, որ պատերազմը կփլուզի երկրի հիմքերը եւ քաոսի կվերածի այն: Ոչ ոք չի հետաքրքրվի մի երկրով, որը պատերազմի մեջ է: Այն, ինչով ուժեղ է Ադրբեջանը, ուղղակի կփոշիանա»,- ասել է Պետդումայի պատգամավորը: Անդրադառնալով հոկտեմբերի 27-ին Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպմանը, Մարկովը նշել է, որ դրանից ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի առումով ոչ մի բարելավում սպասել պետք չէ: «Հանդիպումները, խոսակցությունները, կարծիքների փոխանակումները նպաստում են լարվածության մակարդակի նվազմանը, սակայն ոչ ավելին: Հիմա պետք է մտածել ոչ թե բարելավումների, այլ այն մասին, թե ինչպես անել, որ ավելի վատ չլինի»,- նշել է Մարկովը: «Համաշխարհային հանրությունը դեռ երկար է տատանվելու Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ»,- ասել է նա` հավելելով, որ կոնկրետ աջակցություն կողմերից ոչ մեկն էլ չի տեսնի: Նրա խոսքով, դրա մասին են վկայում մի քանի գործոններ: «Հայաստանը միջազգային հանրության աչքում տնտեսական թզուկ է»,- նշել է Մարկովը: Նա վստահ է, որ միջազգային հանրության աչքում Հայաստանը չէր դիմանա Ադրբեջանի հետ մրցակցությանը, եթե չլիներ հայկական լոբբին, ով ստիպում է աշխարհին՝ «չլքել եւ բարեկամանալ» Հայաստանի հետ: Ադրբեջանն, իր հերթին, ըստ նրա, հետաքրքիր է աշխարհաքաղաքական ու տնտեսական գործոնների շնորհիվ: Հարցին, թե որքա՞ն է հավանականությունը, որ ԼՂ հակամարտության բանակցությունները հաջող ավարտ կունենան, փորձագետը պատասխանել է հարցով. «Ես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է լուծել ԼՂ խնդիրը: Որեւէ մեկը գիտի՞, թե ինչպես լուծել այն»: Մեկնաբանելով վերջերս Բրուքինգի ինստիտուտի Եվրասիայի հարցերով փորձագետ Ֆիոնա Հիլի հայտարարությունը, թե Ադրբեջանն ակտիվորեն հենց պատերազմի է պատրաստվում, Մարկովը նշել է. «Ֆիոնա Հիլն ապրում է երջանիկ երկրում եւ շատ քիչ բան գիտի հակամարտությունների մեջ ներգրավված ժողովուրդների գիտակցության մասին»: