Այս տարի նշվում է Տնտեսագիտական բարձրագույն կրթության սկզբնավորման 90 եւ տնտեսագիտական բուհի հիմնադրման 80-ամյակը: Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի` ՀՊՏՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Յուրի Սուվարյանն ամփոփելով համալսարանի անցած ուղին, նշում է, որ իրենց բուհի 80 եւ Հայաստանում տնտեսագիտական բարձրագույն կրթության սկզբնավորման 90-ամյա հոբելյանների նշումը ինքնանպատակ չէ: «Սա պատեհ առիթ է՝ արժեւորել Հայաստանում տնտեսագիտական բարձրագույն կրթության անցած ճանապարհը, նաեւ նախանշելու այն անելիքները, որոնք կանգնած են համալսարանի առջեւ: Շատ կարեւոր խնդիր ունենք լուծելու` պատրաստել բարձր որակավորմամբ տնտեսագետներ, որոնք մրցունակ կլինեն ոչ միայն հանրապետության, այլեւ` միջազգային աշխատանքի շուկայում: Երկրորդ խնդիրն է` ունենալ կրթության այնպիսի մակարդակ, որն ընդունելի լինի նաեւ մեր հարեւան երկրների համար: Պետք է հասնենք նրան, որ արտահանենք մեր կրթական ծառայությունները, եւ մեզ մոտ գան սովորելու արտերկրի քաղաքացիներ: Դրան նախապատրաստվում ենք, ապագայում լուծելիք խնդիր է»,- «Panorama.am»-ի հետ զրույցում ասել է Յու. Սուվարյանը: Խոսելով համալսարանի զարգացման հեռանկարների եւ հետագա ծրագրերի մասին, նա նշել է, որ զգալի աշխատանքներ են արվել դասախոսությունները ժամանակակից դարձնելու ուղղությամբ: «Օգտագործում ենք նորագույն տեխնոլոգիաներ, թարմացնում ենք լսարանում հաղորդվող նյութը, բայց մեզանում դեռեւս քիչ են կիրառվում գործարար խաղերը, իրավիճակային վերլուծության նյութերը, ուսանողներին բավարար չափով չեն մատուցվում հիմնախնդրային դասախոսություններ, չեն ներարկվում հաշվարկներ, վերլուծություններ, կանխատեսումներ կատարելու, որոշումներ ընդունելու հմտություններ: Այս ուղղությամբ ռեկտորատը, գիտական խորհուրդը ընդունել են բազմաթիվ որոշումներ, սակայն իրականացման մեխանիզմները դեռեւս կաղում են»,- ասել է ռեկտորը` ավելացնելով, որ համալսարանը խնդիր ունի նաեւ ուսումնական եւ արտադրական փորձառությունները կազմակերպելու գործում: «Մեր մյուս խնդիրն է՝ ընդլայնել գիտահետազոտական աշխատանքները բոլոր ամբիոններում` ընդգրկելով բարձր առաջադիմությամբ սովորողներին, հատկապես մագիստրատուրայի ուսանողներին` կատարելու համար գիտահետազոտական առաջին քայլերը: Մագիստրատուրայում պետք է կարողանանք նորովի վարել թե՛ դասախոսությունները, թե՛ գործնական պարապմունքները, եւ շեշտը դնենք գիտահետազոտական աշխատանքի վրա»,- նշել է ՀՊՏՀ ռեկտորը: Յուրի Սուվարյանը բուհի հիմնադրման 80-ամյակի առթիվ բոլոր ուսանողներին խորհուրդ է տվել ձգտել ստանալ լավ կրթություն, ավելի շատ գիտելիք կուտակել եւ զարգացնել մասնագիտական կարողությունները: «Վկայակոչեմ ժողովրդական ասացվածքը. «Տաշած քարը գետնին չի մնա»: Մեր համալսարանի յուրաքանչյուր աշխատակցի եւ ուսանողի մաղթում եմ առողջություն, սովորական մարդկային երջանկություն»,- ասել է նա: