Դիմել է ոստիկանապետին

28/10/2010

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակ է հղել ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, որում, մասնավորապես, նշվում է. «Ս/թ հոկտեմբերի 26-ին քաղաքացի Լուսինե Աբրահամյանը այցելել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ եւ հայտնել, որ իր ամուսինը` Պողոս Պետրոսյանը, եւ քաղաքացիներ Ռոբերտ Հակոբյանը, Արմեն Մելքոնյանը եւ Հակոբ Գալստյանը գտնվում են ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում, որտեղ ենթարկվել են ծեծի, խոշտանգումների եւ պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի: Նշվածի կապակցությամբ ՄԻՊ աշխատակազմի աշխատակիցներն այցելեցին Ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ ուսումնասիրեցին Ոստիկանության մարմին բերման ենթարկվածների մատյանը եւ առանձնազրույց ունեցան քաղաքացիներ Պողոս Պետրոսյանի, Ռոբերտ Հակոբյանի, Արմեն Մելքոնյանի եւ Հակոբ Գալստյանի հետ: Առանձնազրույցի ընթացքում Պողոս Պետրոսյանը հայտնեց, որ ծեծի է ենթարկվել բաժնի աշխատակիցների կողմից, ինչի հետեւանքով ստացել է գլխի վնասվածք (վերք-քերծվածքի տեսքով), որը արձանագրվել եւ լուսանկարվել է ՄԻՊ ներկայացուցիչների կողմից: Նշենք նաեւ, որ Ոստիկանության մարմին բերման ենթարկվածների մատյանի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ բերման ենթարկված Ռոբերտ Հակոբյանի եւ Արմեն Մելքոնյանի մասին մատյանում որեւէ նշում առկա չէ: Ինչ վերաբերում է Պողոս Պետրոսյանին եւ Հակոբ Գալստյանին, ապա Ոստիկանության մարմին բերման ենթարկվածների մատյանում նշված էր, որ նրանք բերման են ենթարկվել 26.10.2010թ. ժամը 00։15-ին եւ ազատ են արձակվել 26.10.2010թ. 02։30-ին, սակայն ՄԻՊ աշխատակիցների այցելության ժամանակ` 26.10.2010թ. ժամը 16-18-ի սահմաններում նրանք դեռ Ոստիկանության բաժնում էին»: Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի պահանջներով` պաշտպանը ոստիկանապետին առաջարկում է հանձնարարել` ստուգելու գրությամբ նշված փաստերի իսկությունը: Փաստերի` իրականությանը համապատասխանելու դեպքում, պաշտպանը կոչ է անում մեղավորներին հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկել: