Անչափահաս երեխաները հայրենիք են փնտրում

28/10/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Ռոբերտ Մնացականյանն իր ապրած 11 տարիների, մասնավորապես՝ վերջին երկու տարիների ընթացքում անընդհատ իր հայրենիքն է փնտրում: Մեկ-մեկ կարծում է, որ հայրենիքը հորինված գաղափար է, մեկ-մեկ էլ զգում է, որ ուզում է անձամբ ընտրել իր հայրենիքը: Երբ գիտակցում է, որ տարիներ հետո պիտի իրեն Հայաստանում զորակոչեն զինվորական ծառայության` համոզվում է, որ հայրենիքն էստեղ է: Բայց երբ գիտակցում է, որ հայրենիք ընտրելու հարցում ազատություն է ուզում` հասկանում է, որ իր հայրենիքն այստեղ չէ: Երկու տարի ապրելով Ռուսաստանում` Ռոբերտը հասկացել է, որ հայրենիքում, այսինքն` Հայաստանում ինքն իրեն ՀՀ քաղաքացի չի զգում: Ռուսաստանում, համենայնդեպս, իրեն չեն նվաստացրել: Ասում է` «Էնտեղ ռուսական դպրոց էի գնում, գերազանց եմ սովորել: Գիտե՞ս ինչի, որովհետեւ ուզում եմ լավ սովորել, լավ մարդ դառնալ: Էստեղ եկա, չեմ ուզում սովորեմ: Չեմ ուզում դպրոց գնամ…»: Բարկությունից` ցայտնոտային արագությամբ դուրս է գալիս, բայց երբ մայրը նրան ստիպում է ճիշտն ասել, տղան վերադառնում ու կարկամելով անկեղծանում է: «Էստեղ ամեն օր գրքի փող են ուզում: Ամաչում եմ, հասկանո՞ւմ ես: Բոլորի մոտ դասատուն ասում ա` ի՞նչ ես մտածում, եթե չբերես` գրքերդ կվերցնենք: Երբ ամեն օր վախենում ես, որ դասատուն դասարանցիներիդ մոտ խայտառակ կանի ու գրքերը կվերցնի` չես ուզում սովորել»,- ասում է Ռոբերտն, ով այլեւս մտածում է, որ ավելի լավ է ընդհանրապես չսովորել:

Հոգեբանորեն դժվար է ընդունել, որ ամեն րոպե կարող են ձեռքիցդ վերցնել այն, ինչին հավատալով` ուզում ես լավ եւ կրթված մարդ դառնալ: Մայրը` Ալվարդն, ասում է, որ 3 երեխաների գրքերի համար դպրոցում մեծ պարտք է կուտակվել. «Գոգոլի անվան դպրոցում են սովորում: Անկեղծ ասած` Լուսինեիս հաշվով շատ են օգնում, չեն անհանգստացնում փողի համար, բայց տղաներիս… Լուսինեիս դասատուն, երբ իմացավ, որ երեք դպրոցական ունեմ` ֆոնդի 3000 դրամն իջեցրեց` դարձնելով 1500: Ախր տղաներն ամաչում են, որովհետեւ ֆոնդի ու գրքերի փողի համար ուսուցիչները շատ են ասում: Վերջերս Սահակիս ձեռքից գիրքը վերցրել էին, ինչ ա թե՝ պարտքերը չենք տվել: Ֆոնդի, գրքերի՝ երեք երեխաների համար մոտ 10.000 դրամի չափով պարտք ենք: Դասատուների տոնի համար փող էին հավաքում, բայց չունեինք, որ տանք: Մյուս երեխեքը իրենց փոխարեն պարտքով տվել են, հիմա ասում են` մեր փողը տվեք: Դասատուն ասում ա` Ռոբերտ, երեխեքը քո տեղը դրել են, ե՞րբ ես բերելու: Ասում եմ` հասկացե՛ք, չունենք, ո՞նց տամ: Կաշխատենք, գումար կլինի կտանք, բայց թողեք երեխեքը հանգիստ խղճով սովորեն»: Առաջին դասարանցի Լուսինեն երազում է բժշկուհի դառնալ: «Ինչո՞ւ ես դա ընտրել»,- հարցնում եմ: Կտրուկ պատասխանում է` «Որ բոլորին կտրտեմ»: Զարմանալի չէ այս խոսքերը լսել մի փոքրիկ աղջկանից, ով դեռ 2 տարի առաջ քաղցը հագեցնելու համար եղբայրների ձեռքը բռնած՝ գերեզմանաքարերի վրայից հոգեհացի փշրանքներ էր որոնում: 11-ամյա Սահակն էլ երազում է խոհարար դառնալ: Երազանքի շարժառիթն օրերով սոված գիշերելու բարդույթն է: Երկու տարի առաջ այս երեք անչափահաս երեխաները ծնողների հետ մեկնել են Ռուսաստան, որտեղ նրանցից գրքի փող չեն ուզել ու գերեզմանատներում հաց փնտրելու չեն դրդել: Հիմա այս մարդիկ ուզում են որոշել` ո՞րն է իրենց հայրենիքը, բայց ընտրության հնարավորություն չունեն, որովհետեւ Ռուսաստանում ապրելու համար օրինական փաստաթղթեր են պետք:

Շինաղբի մեջ են քնում եւ օրվա հաց հայթայթում

Էրեբունի համայնքի Վարդաշենի հանրակացարանի նախկին բնակիչներ Ալվարդն ու Էդիկը 2007թ. հասկանալով, որ այլեւս չեն կարողանում երեխաների օրվա հացը վաստակել` որոշել են մեկնել Ռուսաստան: «Տեգրս վաղուց էնտեղ էր: Հանրակացարանի սենյակը վաճառեցինք, որ տոմսի փող ունենանք` ու գնացինք: Դասավորեց, որ ամուսինս շինարարության վրա բանվորություն անի: Տուն վարձեցինք, յոլա էինք գնում: Երեխեքս գերազանցիկ էին սովորում: Օգոստոսի 31-ին տեգրս ջահել-ջահել ինֆարկտից մահացավ»,- պատմում է 40-ամյա Ալվարդը: Հասկանալով, որ անգամ դիակը Հայաստան տեղափոխելու հնարավորություն չունեն` դիմել են տեղի հայ համայնքին. «Դիակը վերցրեցինք ու ձեռնունայն վերադարձանք»: Ալվարդն ասում է, որ Ռուսաստանում իրենց մնալն այլեւս անիմաստ էր, քանի որ ամուսնու աշխատանքի հարցում տեգրն էր միջամտում: Ասում է` «Չկարողացանք գրանցվել, իսկ գրանցում չունենալու դեպքում Ռուսաստանում քեզ ոչ ոք աշխատանք չի տա: Գործատուն ասում ա` ես գիտեմ, դու հրաշալի մասնագետ ես, բայց քանի որ գրանցում չունես` չեմ կարող աշխատանքի ընդունել, ես 250.000 ռուբլի քեզ համար տուգանք չեմ վճարի: Դու կտա՞ս էդքան տուգանք, ուրեմն` արի աշխատի: Եթե Միգրացիոն ծառայությունը հայտնաբերեց, որ դու ինձ մոտ առանց գրանցման ես աշխատում` կտուգանեն: Ստիպված վերադարձանք»: Վերադարձան ու հայտնվեցին անօթեւան վիճակում, քանի որ Վարդաշենի հանրակացարանի իրենց սենյակը մի քանի «կոպեկով» վաճառել, մեկնել էին: Սեպտեմբերին վերադառնալուց հետո հինգ հոգանոց ընտանիքն ապրում է նույն հանրակացարանի մի սենյակում, որտեղ վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Քարուքանդ սենյակի գաջի ու ցեմենտի փոշու մեջ կենցաղավարությունը անհնար է պատկերացնել: Հինգ հոգով քնում են շինաղբի մեջ տեղադրված մահճակալի վրա: Տանտերը թույլ է տվել ժամանակավոր ապրել ու սենյակին տիրություն անել: «Ախր ի՞նչ անենք, որ տեղ չունենք գնալու: Երեք երեխաներիս հետ ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ»: Ընտանիքի հայրը` Էդիկը, եղբոր հուղարկավորության արարողությունից հետո սկսել է աշխատանք փնտրել: Հետեւելով հեռուստատեսությամբ հեռարձակվող բոլոր հայտարարություններին` գնում է դրանց հետքերով. «Որի հետեւից գնում ես` պարզվում ա՝ աշխատանքի տեղավորման գործակալություն ա: Ասում են` վճարի, որ քեզ համապատասխան աշխատանք գտնենք: Վճարում ես, սպասում-սպասում ես, բայց ոչ մի աշխատանք»:

Ալվարդ Մնացականյանի հայրական տունը Նոր Նորքի 8-րդ զանգվածում է: Հիվանդ, հաշմանդամ եղբայր ունի, ով ապրում է այդ բնակարանում: Եղբայրը թույլ է տվել տեղափոխվել այդ բնակարանում ապրելու։ «Բայց էդ տան վիճակն ահավոր ա: Եղբայրս հիվանդ, մոտ 40 տարեկան տղա ա, բայց որ տեսնեք` ոնց որ 80 տարեկան ծերուկ լինի: Ինքը դժվարությամբ ա շարժվում, երկար տարիներ ոչ աշխատել, ոչ էլ նորմալ ապրել ա: Տարիներով չի կարողացել կոմունալ վճարումներ անել, շատ մեծ պարտքեր կան: Արդեն երկար ժամանակ ա, ինչ տան ջուրը, լույսը, ամեն ինչ կտրել են: Ինքը էդպես էլ ապրում ա: Օրը մեկ անգամ գնում ա ինչ-որ բարեգործական ճաշարան, հաց ա ուտում ու գալիս ա»,- պատմում է տիկին Ալվարդը: Կոմունալ ծառայությունների աշխատակիցներն առաջարկել են պարտքերի որոշ մասը վճարել` լույսն ու ջուրը միացնելու համար, սակայն աշխատանք չունենալու պայմաններում այս ընտանիքը ի վիճակի չէ դա անել: «Հասկանում եմ` մեղքը մերն ա, բայց չի կարողացել վճարել, չի աշխատել: Իմ եղբայրն ա, ես իրան եմ մեղադրում, ծախսած էներգիայի, ջրի համար պետք ա վճարել: Բայց ախր պետությունն էլ հեչ չի մտածում մարդկանց մասին: Եթե մարդը հիվանդ, անաշխատունակ ա, մի 10.000 դրամ թոշակ ա ստանում, ո՞նց ապրի, ասե՛ք, ո՞նց պետությանը փող տա»,- ասում է տիկին Ալվարդը: Թաղապետարան, «Երեւան ջուր», «Էլեկտրացանցեր» ՓԲԸ գնալիս տիկին Ալվարդը բոլորին խնդրում, աղաչում է` «Չեմ կարող վճարել, օգնեք մի բան անեմ: Միացրեք, տեղավորվենք, աշխատանք գտնենք, պարտքերը կամաց-կամաց ժամանակացույց կազմենք` վճարենք»: Սակայն, որպես կանոն` բոլորն էլ նույն պատասխանն են տալիս. «Դա մեր պրոբլեմը չի` վճարեք»: Տիկին Ալվարդը համարում է, որ իրենց ամենամեծ խնդիրը լուծվել է` ապրելատեղը գտնվել է, բայց չի կարող երեք երեխաներին անլույս, անջուր պայմաններում պահել: Խնդրում է օգնել… Այժմ այս ընտանիքին օգնում են ծանոթ-բարեկամները: Հագուստ, տաք ճաշ են տալիս: Հանրակացարանի միջանցքով անցնելիս՝ մի տատիկ դիմելով ինձ` ասում է. «Օգնեք, բալես, մեղք են սրանք: Էս պուճուր աղջիկ երեխին մի զույգ կոշիկ տվեք: Էս ցրտին սա բասանոշկա ա հագնում»: