Առհասարակ առավել առողջարար են համարվում տանձի բուրումնավետ տեսակները։ Իսկ Հայաստանում աճող տեսակներն անկրկնելի են իրենց համով։ Տանձենին սովորաբար ծաղկում է մայիսին, ինչպես որ վարդազգիներից շատերը։ Տարբերվում են ամառային, աշնանային եւ ձմեռային տեսակները։ Աշնանայինն առավել բուրումնավետ եւ համեղ տեսակն է, պահպանվում է 2-3 ամիս։ Տանձն իր մեջ պարունակում է շաքարներ, կարոտին (ենթավիտամին A), PP, B1, C, P, եթերային յուղեր, յոդ, երկաթ, դաբաղանյութեր (0,3%), բջջանյութ (0,5%)։
Միզապարկի բորբոքման եւ երիկամային հիվանդությունների դեպքում առավել օգտակար են վայրի տանձենու պտուղները, որոնք չեն զիջում արջախաղողին (մաթուզենի) եւ հապալասենուն։ Այդ տեսակի պտուղները հարուստ են վիտամին P-ով եւ դաբաղանյութերով (մոտ 20 %)։
Տանձի թթվաշ եւ պինդ տեսակները ամրապնդում, կազդուրում են լյարդը եւ ստամոքսը, գրգռում ախորժակը, սակայն հակացուցված են տարեցների եւ դյուրագրգիռ մարդկանց համար։ Այս պտուղը բարերար ազդեցություն ունի օրգանիզմի վրա, հրաշալի հակադեպրեսանտ է, երիտասարդացնող հատկություն ունի։ Տանձի պտղամսի մեջ պարունակվող ասկորբինաթթուն արագացնում է վերքերի ապաքինման ընթացքը, իսկ տանձենու տերեւներից պատրաստվում է թուրմ, որն օգտագործվում է սնկային եւ մաշկային հիվանդությունների դեպքում: Թուրմը պատրաստվում է հետեւյալ կերպ. մեկ բաժակ տանձի մատղաշ (կամ չորացրած կես բաժակ) տերեւների վրա լցնել կես լիտր եռջուր, 2-3 րոպե պահել թույլ կրակի վրա, ապա քամել։ Որպես դեղաթրջոց դնել մաշկի վնասված մասերին։
Բերանի եզերքի ճաքերի դեպքում եւս կարող եք տանձահյութ քսել։ Գլխապտույտի դեպքում եփել տանձը այնքան, որպեսզի փափկի, ապա եփուկով թրջոցներ դրեք ճակատին։ Ավիտամինոզի դեպքում՝ օրը 2-3 անգամ 100-ական գրամ տանձ ընդունեք։ Տանձի սերմերն ունեն հակաճիճվային հատկություն, պարզապես պետք է ուտել միջուկը։ Տանձը օգտակար է նաեւ շագանակագեղձի բորբոքման դեպքում։ Դեղատոմսը հետեւյալն է. 1 բաժակ մանրացրած տանձի չիրը եփել կես բաժակ ջրի մեջ, որպեսզի լավ փափկի, ապա 4 ժամ թրմել, ընդունել քառոդից կես բաժակ։ Հավատացեք, որ այս միջոցը թեթեւացնում է վիճակը, իսկ ոչ ծանր դեպքերում այս դեղատոմսի երկարատեւ, կանոնավոր կիրառումը կառողջացնի ձեզ։ Տանձի եփուկը լավ միզամուղ է, օգնում է միզաքարային հիվանդությունների եւ ցիստիտի դեպքում։ Միզելիս նվազում են ցավերը։ Նման դեպքերում օգնում են պտղի մեջ պարունակվող եթերայուղերը։
Թեեւ տանձը քիչ` մոտ 10% պտղաշաքար (ֆրուկտոզա), բուսաշաքար (սախարոզա), խաղողաշաքար (գլյուկոզա) է պարունակում, այնուամենայնիվ, այն ավելի քաղցր է թվում, քան մյուս մրգերը, որովհետեւ համեմատաբար (օրինակ` խնձորի համեմատ) ավելի քիչ թթուներ է պարունակում։
Շաքարային դիաբետի դեպքում ազնվամորու, հոնի հյութերից բացի՝ խորհուրդ է տրվում նաեւ տանձի թարմ հյութը։ Որպես դիետիկ սնունդ կիրառվում է ոչ միայն դիաբետի դեպքում, այլեւ՝ որպես նիհարեցնող միջոց։ Իսկ կեղեւից մաքրած, լավ ճզմած տանձը` 2 ճաշի գդալ բնական մեղրի հետ խառնած վիճակում օգտակար է անեմիայի դեպքում։
Երեխաներին լուծից բուժելու համար տանձի եփուկը կամ անուշապուրը (կիսելը) խառնեք վարսակի շիլայի հետ։ Կամ. կես բաժակ չիրը 2 բաժակ ջրում եփեք 2 ճաշի գդալ վարսակի հետ եւ օրվա ընթացքում ուտելուց առաջ կես բաժակ ընդունեք։
Տանձահյութն օգտագործվում է նաեւ սրտային, թոքային, ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում։ Տանձի բոլոր տեսակներն էլ ունեն կապող ներգործություն։ Տանձ կարելի է ուտել սնունդ ընդունելուց 30 րոպե հետո։
Հակացուցումներ. տանձ ուտելուց հետո խորհուրդ չի տրվում միս ուտել` վերջինիս դժվարամարս լինելու պատճառով։ Քաղցած վիճակում տանձ չուտել, տանձ ուտելուց հետո էլ ջուր չխմել։
Տանձի լիկյոր
Բուրումնալից տանձի տեսակներից կարելի է լիկյոր պատրաստել։ Տանձերը լավ լվանալ, խոշոր քերիչով անցկացնել եւ լցնել տարայի (լայն բերանով) մեջ։ Ավելացնել 1 լ օղի։ Արեւի տակ պահել 4-5 շաբաթ։ Դուրս եկած հյութը քամել եւ վրան ավելացնել նախօրոք պատրաստած օշարակը (3-4 կգ շաքար եւ 3 բաժակ ջուր)։ Եվս մեկ շաբաթ պահել։ Քամել, պատրաստի լիկյորը լցնել շշերի մեջ եւ պահել օգտագործման համար։ Օգտագործվում է բուժական նպատակով, որպես օրգանիզմի տոնուսը բարձրացնող միջոց։
Դիմակներ
Գեղարարական նպատակներով օգտագործվում է տանձի վայրի, հասած պտուղների շիլայատիպ զանգվածը։
Նորմալ մաշկի համար
– 1 հասած տանձը հավանգով տրորել (կամ քերիչով անցկացնել), խառնել 1 թեյի գդալ յուղ (ցանկալի է ձիթապտղի)։ Զանգվածը քսել դեմքին։ Սպիտակեցնող ազդեցություն է թողնում։
– Խոշոր մեծության տանձը քերիչով անցկացնել։ 100 գրամ բրինձը եփել (առանց աղի) ջրի մեջ, թողնել մինչեւ լիարժեք եփվելը։ Ջուրը քամել։ Բրինձը խառնել տանձի շիլայի հետ (1-ական ճաշի գդալ) եւ քսել դեմքին։ Պահել 15 րոպե։ Լվանալ գոլ ջրով։ Սնուցող ազդեցություն է թողնում։
Բուժիչ դիմակ՝ զգայուն մաշկի համար
– Խոշոր մեծության հասած պտուղը քերիչի մանր հատվածով անցկացնել, քամել հյութը, պտղամիսը խառնել չոր կաթին (հավասար քանակությամբ)։ Ստացված խիտ զանգվածի վրա փոքր-ինչ կաթ ավելացնել։ Քսել դեմքին, պահել 10 րոպե։ Դիմակը դեմքից մաքրել երիցուկի եփուկի մեջ թաթախած բամբակե խծուծով։
Ճարպոտ մաշկի համար
– Միջին մեծության պտուղը քերիչի մանր հատվածով անցկացնել։ Ավելացնել 2-3 ճաշի գդալ յոգուրտ (կամ մածուն)։ Քսել դեմքին, պահել 15 րոպե։ Լվանալ սառը ջրով։
Երիտասարդացնող դիմակ
– Տանձը կտրատել շատ բարակ շերտերով։ Վերցնել 1 ճաշի գդալ օսլա, մեկական թեյի գդալ թթվասեր, ձիթապտղի յուղ, խառնել իրար։ Քսել դեմքին, պահել 15 րոպե։ Լվանալ տաք ջրով։
Տանձը եւ ագաթը
Տանձի բազմագույն, գեղեցիկ երանգավորումը (հատկապես հասած տանձինը), ակամայից հիշեցնում է գունագեղ քարերից ագաթին՝ հատկապես կանաչ, կարմիր եւ դեղին տեսակները, որոնց բուժիչ հատկությունները նման են տանձին։ Կանաչ ագաթը կարելի է օգտագործել սրտային հիվանդությունների դեպքում (երկար շղթայից կախված մանյակի տեսքով, արծաթե շրջանակով)։ Կարմիր ագաթը լավացնում է արյունատար համակարգի աշխատանքը (կարելի է քարը արծաթե շրջանակի մեջ ընդգրկել)։ Իսկ դեղնավուն ագաթը օգտակար է շնչառական հիվադությունների դեպքում (կարելի է վզնոց կրել)։ Թեթեւացնում է քրոնիկ հազը, բրոնխիտը։