Ինդոնեզիայի ամենաակտիվ հրաբուխներից մեկի` Մերապիի ժայթքման հետեւանքով առնվազն 25 մարդ է զոհվել: Լուրջ վնասվածքներ է ստացել 14 մարդ, ոմանց մոտ այրվել է մաշկի 80%-ը: Հոկտեմբերի 26-ին հրաբուխը մտել է պայթյունային ժայթքման փուլ, ինչն ուղեկցվել է հրաբխային մոխրի մի քանի ուժգին արտանետումներով: Մերապիի արտանետած մոխիրը մեկ ժամ շարունակ տարածել է նույնիսկ հրաբխից հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա գտնվող Պանգանդարան մերձափնյա քաղաքում` Ճավայի օվկիանոսային ափամերձ շրջանում, ինչի հետեւանքով ամբողջ քաղաքը պատվել է մոխրով: Հիշեցնենք, որ Մերապիի ժայթքման գործընթացը սկսվել էր մի քանի շաբաթ առաջ, իսկ մի քանի օր առաջ լավան սկսել էր հոսել դեպի Գենդոքլ գետը: Մերապիի ստորոտներից տարհանվում են հազարավոր մարդիկ, սակայն Ճավայի գյուղացիները մինչեւ վերջին վայրկյանն աշխատում են տանը թողնել որեւէ մեկին՝ տնտեսությանը հետեւելու համար, ոմանք էլ կտրականապես հրաժարվում էին լքել իրենց տները, ինչի հետեւանքով հրաբխի ժայթքումից հետո խուճապ է առաջացել, քանի որ տարահանումը մոխրի շերտի պատճառով ավելի է բարդացել: