Հայիթիիում խոլերայի համաճարակի զոհերի թիվն անցել է 280-ից: ՄԱԿ-ի տվյալներով, գրանցվել է համաճարակի 3769 դեպք, ըստ ճշտված տվյալների՝ 284 մարդ մահացել է: Մասնագետների հիմնական մտավախությունն այն է, որ վարակը կթափանցի մայրաքաղաք, որտեղ վրանային ճամբարներում ապրում են տարեսկզբին տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից տուժած բազմաթիվ մարդիկ:
Այդ ճամբարներում կենցաղային պայմանները չեն համապատասխանում սանիտարահիգիենիկ նորմերին, բացի այդ, բժշկական սպասարկման մակարդակը շատ ցածր է: Ուստի, եթե վարակը ներթափանցի վրաններ, այն խոշոր մասշտաբների կարող է հասնել: Հաիթիի նախագահ Ռենե Պրեւալը վստահ է, որ իր երկիրը ենթարկվել է իսկական կենսաբանական հարձակման, որը նպատակ ունի վերջնականորեն ապակայունացնել իրավիճակը երկրում: Հայիթիի նախագահի կարծիքով` խոլերան Հայիթի է բերվել «դրսից»: Հատկանշական է, որ խոլերայի համաճարակը բռնկվել է ամենեւին էլ ոչ այն տարածքում, որտեղ սպասում էին վարակաբաները: Խոլերան տարածվել է կղզու հյուսիսային շրջաններում, որոնք գրեթե չէին տուժել երկրաշարժից: Ի դեպ, Դոմինիկյան Հանրապետությունում, որը գտնվում է նույն կղզում, դեռեւս խոլերայի որեւէ դեպք չի գրանցվել: