Հանգստյան օրերին մարդիկ կարող են իրենց թույլ տալ քնել անգամ մինչեւ կեսօր, սակայն դա էլ բավարար չէ լիարժեք հանգստանալու եւ ուժերը վերականգնելու համար, եթե շաբաթվա ընթացքում մարդու քունը լիարժեք չի եղել: Նման եզրահանգման են եկել ամերիկացի գիտնականները 140 հոգու շրջանում կատարված ուսումնասիրությունների արդյունքում: «Ժամանակակից կյանքի ռիթմի պայմաններում աշխարհում հազարավոր մարդիկ աշխատանքային շաբաթվա ընթացքում չեն հասցնում լիարժեք քնել՝ հույս ունենալով, որ քնի պակասը կլրացնեն հանգստյան օրերին` ավելի երկար քնելով: Սակայն 2-3 գիշերները բավարար չեն լիարժեք հանգստի համար»,- նշված է հետազոտության մասին պատմող գիտնականների հաղորդագրությունում: Հետազոտության մասնակիցներն աշխատանքային 5 օրերի ընթացքում օրական քնել են 4 ժամ: Հանգստյան օրերին նրանք քնել են 10 ժամ, սակայն այդ ժամանակը նրանց համար բավարար չի եղել ուժերը վերականգնելու համար: Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ երկուշաբթի օրը հետազոտության մասնակիցներն աշխատանքի են վերադարձել հոգնած վիճակում եւ անուշադիր են եղել աշխատավայրում: