Հայտնի ֆինանսիստ ու բարեգործ Ջորջ Սորոսն ամերիկյան կառավարությանը կոչ է արել օրինականացնել մարիխուանայի օգտագործումը: «Wall Street Journal» հանդեսում հրապարակված հոդվածում Սորոսը հավաստիացնում է, որ եթե ամերիկյան իշխանությունները սկսեն հարկ հավաքել մարիխուանայի վաճառքից եւ վերահսկեն դրա օգտագործումը, ապա հնարավորություն կունենան տնտեսել միլիարդավոր դոլարներ: Սորոսն ապարդյուն է համարում մարիխուանայի օգտագործումն արգելելու ամերիկյան իշխանությունների բոլոր փորձերը: Միեւնույն ժամանակ, լատինաամերիկյան երեք երկրների առաջնորդներ Կալիֆոռնիայի բնակիչներին կոչ են արել քվեարկել մարիխուանայի օրինականացման դեմ: Կոլումբիայի, Մեքսիկայի եւ Կոստա Ռիկայի նախագահները հայտարարել են, որ մարիխուանայի օրինականացումը սխալ ազդակ կդառնա: Նշենք, որ մարիխուանայի օգտագործումն օրինականացնելու մասին օրինագիծը Կալիֆոռնիայում քննարկման է դրվելու նոյեմբերին: