«Բանակը հասարակության հայելին է, եւ այն թերությունները, այն խնդիրները, այն պրոբլեմները, որ գոյություն ունեն հասարակության մեջ, այս կամ այն չափով, իհարկե, միշտ գոյություն են ունենալու բանակում»,- շաբաթ օրը հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` Ախուրյանում պատասխանելով բանակում վերջին շրջանում իրար հաջորդած դեպքերի վերաբերյալ լրագրողների հարցին: «Այդ երեւույթին շատ վատ եմ վերաբերվում` ոչ թե այն երեւույթին, որ բանակի մասին շատ է գրվում, շատ է խոսվում, այլ այն երեւույթի մասին, որ կոչվում է բանակի պախարակում` ելնելով զուտ քաղաքական, նեղ-անձնական, կուսակցական շահերից,- ասել է նա` ավելացնելով,- Երբեք մեր բանակը զերծ չի եղել պատահարներից, երբեք մեր բանակում չեն եղել տարիներ, երբ զինվոր չզոհվի, սպա չմահանա, դժբախտ պատահար տեղի չունենա, որովհետեւ մեր բանակը հսկայական, մեծ կառույց է, մեր բանակը գործող բանակ է, եւ վերջապես` յուրաքանչյուր բանակ հանդիսանում է հասարակության անբաժան մասը»: