Աղքատի հոգեբանությամբ

26/10/2010

«Հայաստանի` 2011թ. բյուջեի նախագծին նայելիս չի հասկացվում, թե ի՞նչ են ուզում դրանով անել, եւ ընդհանրապես, այստեղ նույն նախադասություններն ու մտքերն են, ինչ որ նախանցած եւ անցած տարիների բյուջեների դեպքում` միայն տարեթվի փոփոխությամբ»,- news.am-ի հետ զրույցում ասել է Հայ Ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Նրա խոսքերով, 2011-ի բյուջեի նախագծում չկա որեւէ նորություն կամ ծրագիր, որը թույլ կտա ասել, որ ՀՀ-ն դուրս է եկել տնտեսական ճգնաժամից եւ գնում է դեպի զարգացում: «Իրականում մենք գտնվում ենք նույն վիճակում, որում գտնվում էինք 2009-2010-ին: Ոչ մի տարբերություն չկա»,- ասել է նա: Անդրադառնալով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությանը, որ նախորդ տարվա համեմատ այս տարի արտերկրից ստացվող տրանսֆերտների թիվը մեծացել է, Վ. Խաչատրյանը նկատել է. «Եթե տրանսֆերտներն ավելացել են, դա ՀՀ-ի տնտեսության հաշվին չի եղել, դա եղել է Ռուսաստանի կամ համաշխարհային տնտեսության աճի հաշվին: Հպարտանալ դրանով կամ հույսը դնել ստացվող տրանսֆերտների վրա, նշանակում է՝ հույսը դնել ոչնչի վրա, այսինքն` այն, ինչ հիմա արվում է: Դա նշանակում է՝ Հայաստանը հերթական անգամ տանել դեպի պարտքերի դուռը, հույսը դնել ներմուծման վրա: Այնինչ պետք է արտահանմանը միտված քայլեր արվեն»,- նշել է տնտեսագետը` ավելացնելով, որ անցած տարվա համեմատ 2010թ. սեպտեմբերի դրությամբ տրանսֆերտներն աճել են 8-9%-ով։ Ըստ Վ. Խաչատրյանի` իշխանությունները հերթական անգամ կդիմեն միջազգային կառույցներին` խնդրելով հետաձգել վարկերի սպասարկումները: «2011-2013թթ. այս առումով ամենադժվար ժամանակներն են լինելու: Սա աղքատի հոգեբանությամբ իշխանություն է»,- ասել է նա: