«Ադրբեջանի ռազմական բյուջեի մեծացմանը Հայաստանը պատասխանում է ասիմետրիկ քայլերով, որոնք համեմատաբար քիչ ծախսատար են, բայց` արդյունավետ»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Մոտ 2 շաբաթ առաջ Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը հայտարարել էր, թե պաշտպանական բնագավառի Ադրբեջանի ծախսերը հաջորդ տարի աճելու են շուրջ 90%-ով եւ կազմելու են մոտ 3.1 մլրդ դոլար, մինչդեռ, նախնական տվյալներով` ՀՀ-ի ռազմական բյուջեն 2011թ. կազմելու է մոտ 385.5 մլն դոլար, ինչը շուրջ 8 անգամ քիչ է ադրբեջանականից: «Ընդհանրապես ասիմետրիկությունը ռազմական արվեստում ենթադրում է հակառակորդին փոքր ուժերով, փոքր կարողություններով անընդունելի վնաս հասցնելը,- ասել է Դ. Տոնոյանը` պարզաբանելով «ասիմետրիկ քայլեր» ձեւակերպումը` ավելացնելով,- Մենք զարգացնում ենք ռազմավարական զսպման համակարգը եւ դրանով իսկ Բաքվին պարտադրում ենք խաղաղություն»: Տոնոյանը հավելել է, թե ՀՀ-ի հետ բնակչությամբ ու տարածքով համեմատելի մի շարք եվրոպական երկրների ռազմական ծախսերը նույնպես գերազանցում են հայկականը, սակայն դա ամենեւին չի նշանակում, թե այդ պետությունների ռազմական կարողություններն առավել են: «Ադրբեջանի ռազմական ծախսերի աճը չի նշանակում զինված ուժերի մարտունակության բարձրացում»,- ասել է նա: