«Հայկական տուրիստներ»

26/10/2010 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Բոլորովին վերջերս մամուլում հայտնվեց մի հետաքրքիր լուր՝ Թաիլանդի մասին։ Այդ երկրի ֆինանսների նախարարը որպես դերասան մասնակցել է սերիալի նկարահանումներին` երկրի տնտեսությանն օգնելու համար։ Ի դեպ, սերիալում նա հանդես է գալիս որպես պարտքերի մեջ թաղված մարդ:

Նման ակցիաները տարբեր երկրներում 2009 թվականից սկսած սովորական են դիտվում։ Համաշխարհային ճգնաժամը երկրների կառավարություններին ստիպեց աննախադեպ քայլերի գնալ, հատկապես խնայողության առումով։ Օրինակ՝ ասիական երկրներից մեկի ֆինանսների նախարարը իր ենթականերին արգելել էր ծառայողական մեքենաներ օգտագործել եւ հրահանգել էր աշխատանքի գնալ հեծանվով։ Ինքն էլ օրինակ էր ծառայել։ Եվրոպական երկրներում նույնպես դիմել էին առաջին հայացքից ծիծաղելի թվացող քայլերի. օրինակ՝ երկրներից մեկում պետական կառավարման համակարգում պաշտոնական հրահանգ էր իջեցվել նամակ գրելիս օգտագործել թղթի երկու երեսը՝ թուղթը խնայելու համար։ Գուցե ծիծաղելի է, բայց գոնե արդարացված է։ Հայաստանում նման բան ոչ ոք չարեց, եւ մեր բարձրաստիճան պաշտոնյաները ճգնաժամի սրությունը իրենց մաշկի վրա չզգացին։ Երեւի հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նրանցից ոմանք ասում էին՝ «ցնցումներ չեղան», կամ՝ «պատվով հաղթահարեցինք» ճգնաժամը։ Լավ, ենթադրենք՝ խնայելն ու տնտեսելը հայկական առատաձեռնությանը բնորոշ չէ։ Սակայն կարելի է չէ՞ գոնե չշռայլել, չափից դուրս շատ չծախսել։ Չէ՞ որ պաշտոնական վիճակագրության վերջին հրապարակման համաձայն՝ մենք դեռ ճգնաժամային վիճակում ենք։ Համախառն ներքին արդյունքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ընդամենը 2.8%-ով, իսկ որոշ ոլորտներ՝ գյուղատնտեսությունն ու շինարարությունը, ավելի քիչ արդյունք են տվել, քան ճգնաժամի ժամանակ։ Մի խոսքով, չէր խանգարի մի քիչ տնտեսել։ Սակայն սա չի խանգարում, որ մեր պաշտոնյաներն աստղաբաշխական գումարներ ծախսեն բազմատեսակ պաշտոնական ու աշխատանքային այցերի վրա, որոնց տված օգուտը, մեղմ ասած, շատ կասկածելի է։

Մի քանի օր առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել էր Եկատերինբուրգ՝ մասնակցելու Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին։ Դե, բնական է, որ վարչապետը պետք է մեկներ։ Սակայն փոքր-ինչ անհասկանալի է նրա հետ մեկնած պաշտոնյաների թիվը՝ ավելի քան 20 հոգի։ Կոնկրետ ի՞նչ են արել Եկատերինբուրգում՝ երեւի իրենք էլ չգիտեն։ Ինչեւէ։ Վարչապետը այցելել է Ուրալի դաշնային համալսարան եւ հանդիպել տեղի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության հետ։ Անդրադառնալով Հայաստանի տնտեսական ծրագրերին, Տ. Սարգսյանը նշել է, որ 2009 թվականին համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով այս ոլորտում անկում է նկատվել: «Մենք իրականացրեցինք հակաճգնաժամային ծրագրեր դրան դիմագրավելու համար: Այդ ծրագրերի արդյունքում անցանք տնտեսության դիվերսիֆիկացմանը, օգնեցինք փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին շարունակելու գործունեությունը: Ճիշտ է, արդյունքում մեծացավ Հայաստանի պետական բյուջեի դեֆիցիտը, պետական պարտքի ծավալը, սակայն սկսվեց վերականգնվել Հայաստանի Հանրապետության տնտեսությունը: Այս տարի անկում է նկատվում միայն գյուղատնտեսության ոլորտում, որի խնդիրների լուծման աշխատանքները շարունակվում են»,- ասել է Տիգրան Սարգսյանը։

Դժվար թե Ուրալի համալսարանի ուսանողներին Հայաստանն այնքան հետաքրքրեր, որ իրականությանը ծանոթ լինեին։ Այլապես կիմանային, որ «անցանք տնտեսության դիվերսիֆիկացմանն» արտահայտությունը, մեղմ ասած, խիստ չափազանցված է։ Եվ որ այդ դիվերսիֆիկացում ասվածը տեղի ունեցավ «ինքնաբուխ», շինարարության ծավալների աննախադեպ անկման արդյունքում։

Փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին օգնելու մասին էլ հարցեր կային։ Նշենք, որ հաջորդ օրը Տիգրան Սարգսյանը ելույթ է ունեցել արդեն Միջկառավարական հանձնաժողովի նիստում եւ մասամբ պատասխանել այդ հարցին։ Ըստ Տիգրան Սարգսյանի` հայ-ռուսական երկկողմ տնտեսական համագործակցությունը գնալով ավելի է զարգանում, եւ «Համաշխարհային տնտեսական ճգնաժամի ժամանակ Ռուսաստանն այն երկրների թվում էր, որն օգնություն ցուցաբերեց Հայաստանին: Մենք ՌԴ-ից ստացանք 500 մլն դոլարի վարկ, որպեսզի իրականացնենք հակաճգնաժամային մեր ծրագրերը: Այդ միջոցներն ուղղվեցին աղետի գոտու խնդիրների իրականացմանը, ինչպես նաեւ վարկերի տեսքով հանձնվեցին փոքր եւ միջին բիզնեսի ձեռնարկություններին, այդ քայլը նրանց լավագույնս օգնեց ճգնաժամի բացասական հետեւանքները մեղմելու համար»: Փաստորեն՝ մեր մանր ու միջին գործարարները ռուսական վարկի միջոցներից այստեղ վարկեր ստացան եւ մեղմեցին ճգնաժամի հետեւանքները։ Սա արդեն նորություն է։ Իհարկե, այստեղ կարելի էր փոքր-ինչ վիճել՝ թե՛ այդ վարկերի մատչելիության, թե՛ դրանց տված օգուտի առումով։ Սակայն մեր հակափաստարկների կարիքը չի էլ զգացվում, քանի որ թանկուկրակ վարկերով փոքր բիզնեսին «օգնելու» մասին խոսել է վարչապետի կաբինետի անդամներից Ներսես Երիցյանը։ Ըստ news.am-ի, էկոնոմիկայի նախարարն ինքը խոստովանել է, որ վարկավորման օժանդակությամբ հարցը չի կարգավորվում: Նա ասել է. «Սկզբից վարկը լավ է: Վեց ամիս անց ստացվում է, որ վարկի մարումն ավելի մեծ է, քան այն եկամուտները, որ գործարարը ստանում է: Ու մարդը թշնամանում է վարկատուի հետ»։

Իհարկե, Եկատերինբուրգում խոսվել է նաեւ Տաթեւի ճոպանուղու մասին։ «Հայաստանում առկա է տուրիզմի զարգացման մեծ ներուժ: Մի քանի օր առաջ առանձնահատուկ տեղանքում` Տաթեւում, բացվեց աշխարհի ամենաերկար ճոպանուղին, որն իր տեղը կգտնի տուրիզմի համաշխարհային քարտեզի վրա: Ծրագրեր են իրականացվում Ջերմուկը, Արզնին, Սեւանը տուրիզմի ոլորտում զարգացնելու ուղղությամբ, վերականգնվում են վերջիններիս ենթակառուցվածքները»,- ասել է ՀՀ վարչապետը` հույս հայտնելով, որ հանդիպմանը ներկա ուսանողներից շատերը կայցելեն հայկական տուրիստական կենտրոններ, կծանոթանան Հայաստանի պատմությանը։ Սակայն պաշտոնական լրահոսում չի նշվում, թե Եկատերինբուրգում խոսվե՞լ է արդյոք մեր նոր տիեզերամասշտաբ ծրագրի՝ «Հայկական պանրի» մասին։ Շատ տեղին կլիներ, եթե խոսվեր, քանի որ մինչ վարչապետը Եկատերինբուրգում ներկայացնում էր իր տեսակետները տարբեր գլոբալ հարցերի շուրջ, Հայաստանում պանրի գինը դարձել էր քննարկման ամենաթեժ թեման։ Շարքային քաղաքացիներին հետաքրքրում էր՝ ի՞նչ եղավ, որ պանրի գինը մեկ օրում 1700 դրամից դարձավ 2400 դրամ։ Տնտեսական մրցակցության հանձնաժողովը շտապեց պատասխանել, որ պանրի թանկացման մեջ որեւէ հակամրցակցային համաձայնություն չկա։ Դաշտում գործում են 70-ից ավելի պանիր արտադրողներ, եւ անիրատեսական է, որ նրանք դավադիր համաձայնության գան։ Իսկ գնի թռիչքը, ըստ մրցակցության պաշտպանների, պայմանավորված է կաթի գնի թանկացումով։ Կաթի գինն էլ իր հերթին պայմանավորված է սեզոնայնությամբ, կաթնատվության նվազմամբ եւ կերի թանկացմամբ։ Այսքանից հետո ՏՄՊՊՀ-ն, իր գործն ավարտված համարելով, մի կողմ քաշվեց՝ նշելով, որ այս շուկայում անելիք չունեն։ Կաթի գնի հետ կապված առավելեւս անելիք չունեն, քանի որ հովիվներն ու կթվորուհիներն իրենց թվով հարյուր անգամ գերազանցում են պանիր արտադրողներին։ Այնպես որ՝ կատարյալ մրցակցություն է, ամեն ինչ պայմանավորված է շուկայական գործոններով։ Զարմանալին միայն այն է, որ այդ շուկայական գործոնները սկսեցին աշխատել «Հայկական պանիրի» մասին խոսելուց անմիջապես հետո։ Սակայն, չնայած այս բացատրություններին՝ բոլորը մի պահ հիշեցին, պայմանականորեն ասենք, «Հայկական ոչխար» ծրագիրը։ Ճիշտ է, այն ժամանակ ոչ ոք չէր ասում, որ հայկական ոչխարները նվաճելու են աշխարհը (կամ գոնե հարեւան հանրապետությունը), սակայն ոչխարի մսի գինը դրան չէր էլ սպասում եւ միանգամից թռիչք ապրեց։ Հիմա էլ, ըստ երեւույթին, պանրագործները որոշեցին չսպասել եւ «էս գլխից» կատարեցին հայկական պանրի ճանապարհի առաջին քայլը՝ թանկացրին գինը։

Նշենք, որ տարվա ընթացքում ընդհանրապես գյուղմթերքների գները զգալիորեն թանկացան։ Պանիրն ընդամենը դրանցից մեկն է, եւ դժվար է ասել, թե մինչեւ տարեվերջ ո՞ր ապրանքատեսակը կգերազանցի այս սննդատեսակի ռեկորդը։ Օրերս այդ հարցին անդրադարձավ նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ասելով. «Մեր գյուղատնտեսական մթերքի շուկայում եւ, ընդհանրապես, մթերային բոլոր կետերում ամենատարածված խոսակցությունը հենց այն է, որ ամեն ինչը շատ թանկ է: Իհարկե, այդպես է, եւ այդ մտահոգությունը մենք էլ ունենք: Տվյալ պարագայում, ես չեմ էլ փորձի այս գործընթացը կապել համաշխարհային գների հետ, չեմ փորձի կապել եղանակային պայմանների հետ, որովհետեւ ինչքան էլ պատճառները լինեն հստակ, միեւնույն է, թանկացումը միշտ էլ վատ երեւույթ է, եւ այդ երեւույթի դեմ մեր պայքարը պետք է էլ ավելի ուժեղանա»։

Իսկ այդ երեւույթի դեմ պայքարի լավագույն միջոցը թերեւս կլիներ այն, որ մեր կառավարությունը զերծ մնար հայկական պանիր, հայկական ոչխար ու հայկական այլ բաներ անվանումներով ծրագրերից։ Դրանց միակ ազդեցությունը, ինչպես ցույց է տվել դառը փորձը, գների աճն է։