Փակ հանդիպում Սեւանում

19/10/2005

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 16-ին իր հանգիստն անցկացրել է Սեւանա կղզում, ուր նաեւ հանդիպում է ունեցել կոալիցիայի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են առաջիկա Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի աշխատանքների հետ կապված որոշ հարցեր: Ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, կոալիցիոն կուսակցություններից ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանն իր դժգոհությունն է հայտնել ՀՀ ոստիկանությունից, մասնավորապես` անձնագրերի եւ հրավերքների վարչության պետ Ալվինա Զաքարյանից: Իսկ Վահան Հովհաննիսյանի դժգոհությունն առաջացրել է այն փաստը, որ ընտրացուցակների ոչ ճիշտ լինելու հետեւանքով իրենց կուսակցության համակիրներից ահագին զանգված դուրս է մնացել, ինչի արդյունքում այդ մարդիկ հնարավորություն չեն ունեցել մասնակցել ընտրություններին: Նախագահը հանձնարարել է ոստիկանապետին՝ վերացնել ցուցակների անճշտությունը, բացի այդ, այն համայնքներում, որտեղ տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ, վերջիններիս անձնագրային բաժինների պետերի, տեսուչների նկատմամբ անցկացնել ծառայողական քննություն: Ռ. Քոչարյանը խոստացել է հարցին ավելի լուրջ անդրադառնալ Բրյուսել կատարելիք այցից հետո: Առջեւում սահմանադրական հանրաքվեն է, իսկ սահմանադրության նախագիծը պաշտպանող ՀՅԴ-ականների ընտրացուցակից դուրս մնալը ձեռնտու չէ իշխանություններին:

Ա.Գ.