«ԼՂՀ հակամարտությունը այլեւս սառեցված համարել չի կարելի»,- ասել է Բրուքինգզ հաստատության եվրասիական հարցերով փորձագետ Ֆիոնա Հիլը: «Ակնհայտ է դառնում, որ շփման գծում կրակոցներն ու զոհերի թիվը շարունակում են աճել, իսկ Ադրբեջանն ակտիվորեն պատրաստվում է նոր պատերազմի: ՀՀ-ում ռուսական ռազմակայանի ներկայությունը երկարաձգելու վերաբերյալ համաձայնագիրը կարող է ինչ-որ չափով զսպող հանգամանք լինել, սակայն դրան զուգահեռ՝ ՌԴ նախագահն այցելում է Բաքու եւ զինում նաեւ հակամարտության այս կողմին, ինչը է՛լ ավելի է մեծացնում հնարավոր նոր պատերազմի հավանականությունը»,- ասել է նա: Ըստ նրա, ԱՄՆ-ը պետք է առավել կարեւորի ԼՂՀ խնդիրը, քանի որ նոր պատերազմը կործանարար կլինի ինչպես տարածաշրջանի համար, այնպես էլ ընդհանրապես աշխարհում գլոբալ անվտանգության տեսանկյունից: «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը հիշեցնում է, որ Կարնեգի հաստատության վերլուծաբան Թոմաս դը Վաալը, խոսելով ԼՂՀ հակամարտության մասին, նշել էր, թե հնարավոր նոր պատերազմի դեպքում Ադրբեջանը կպարտվի: Այս հանգամանքը նա պայմանավորել էր շփման գծում այս պահին հայկական ուժերի դիրքային առավելությամբ: