Թանկացումների նոր ալիք է սպասվում

26/10/2010 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Այս օրերին երեւանյան շուկաները նմանվել են թանգարանների: Ապրանքներն այն աստիճան են թանկացել, որ գնորդներից շատերը բավարարվում են միայն ցուցանակները նայելով:

«Մարդիկ ուղղակի ապշած են: Էս մեր ղեկավարությունն ի՞նչ ա ուզում: Վարչապետի ելույթից հետո՝ դե էն պանրագործության մասին, պանրի գները ռեզկի բարձրացել են: Պանիրն էր մնում, էդ էլ թանկացրեցին: Ավելի լավ ա՝ վարչապետն էլ ելույթ չունենա»,- ասացին Երեւանի Գումի շուկայի պանրավաճառները՝ զարմանալով վարչապետ Տիգրան Սարգսյանի «թել-թել», «զտված» «պանրային» երազից, ըստ որի՝ մեր երկիրը հաջորդ տարի սկսելու է իրականացնել «Հայկական պանիր» ծրագիրը, եւ նորաստեղծ բրենդով գրավելու ենք ողջ աշխարհը: Իսկ դրա համար, վարչապետի հավաստմամբ, պետք է բարձրացնել արտահանման ծավալը, նախ՝ դեպի Ռուսաստան, ապա՝ այլ երկրներ: Սակայն երեւանյան շուկաների պանրավաճառների փոխանցմամբ՝ վարչապետի «Հայկական պանիր» ծրագրի պտուղներն իրենք արդեն քաղում են: Եթե օրեր առաջ «Լոռի» պանրի մեկ կիլոգրամը 1400-1500 դրամ էր, ապա հիմա՝ 1800-2500, ոչխարի պանիրը 900 դրամից դարձել է 1200-1300դրամ, հորած պանիրը՝ 1200 դրամ, թելով պանիրը՝ 700-800 դրամ, իսկ ամենաէժան պանիրը՝ զտվածը, որ նախկինում կարելի էր գնել 200-300դրամով, հիմա 600-700 դրամից պակաս չես կարող գտնել: «Եթե առաջ մի երկու կիլո վաճառում էինք, հիմա առեւտուրը լրիվ կանգնել ա: Հենց էնպես շարում ենք պանիրը, բայց մեկ ա՝ առնող չկա: Գիտեք՝ էս թանկացումից հետո քանի կիլո պանիր ենք փչացրել»,- նշեց պանրավաճառ տիկին Հասմիկը: Վերջինս արդեն 10 տարի է՝ աշխատում է շուկայում: Պանրավաճառի կարծիքով՝ հայերի համար պանիրը երբեւէ թանկ հաճույք չէր եղել: Այն առաջին անհրաժեշտության ապրանք էր, ինչպես հացը: Այնուամենայնիվ, ինչո՞ւ են բարձրացրել պանրի գները, վաճառողները դժվարացան պատասխանել: «Երբ մենք էդ հարց տալիս ենք նրանց, ումից պանիր ենք առնում, ասում են՝ ուզում եք աշխատեք՝ աշխատեք, ու ավելորդ բաներ մի հարցրեք, իսկ լավագույն դեպքում էլ ասում են՝ կաթն ա թանկացել»,- նշեցին պանրի առեւտրով զբաղվողները: «Ինչի՞ պիտի վախենանք, հերիք ա, գնա տենց էլ գրի, որ պանրի գների բարձրացման պատճառը հենց մեր վարչապետն էր, եսիմ ի՜նչ ա ելույթ ունեցել, որ դրանից անմիջապես հետո գները բարձրացրեցին»,- հանկարծակի զայրույթով ասաց վաճառողներից մեկը: «Վաբշե հոգնել ենք Կառավարության ելույթներից ու էդ վարչապետի ելույթներից: Ասա՝ էս երկրի համար ի՞նչ եք անում: Ամբողջ շուկայի ապրանքների գները բարձրացել են, էս ժողովրդին դանդաղ սպանում են: Մեկն ունի 6 «Ջիփ», մեկն էլ հաց չի գտնում: Սաղ աշխատում ենք, որ էդ պաշտոնյաների ջեբերը լցնենք»,- զրույցին միացան կարտոֆիլի առեւտրով զբաղվողները: Նախորդ տարվա համեմատ կրկնակի բարձրացել են նաեւ կարտոֆիլի գները: Եթե նախորդ հոկտեմբերին 1կգ կարտոֆիլն արժեր 100 դրամ, ապա հիմա՝ 200 դրամ: «Էս տարի կարտոֆիլը քիչ ա, քուրիկ ջան: Ես կես հեկտար տարածք ունեմ, բայց դրա կեսի, կեսի, կեսի չափ կարտոլ չստացա էս տարի: Եղանակը անհաջող էր»,- ասաց գավառցի Զորոն՝ անտարբեր նայելով վաճառասեղաններին: Խնձորի 1 կգ-ի գինը սկսում է 400 դրամից՝ մինչեւ 1500 դրամ (ֆրանսիական խնձորն է ամենաթանկը), նուռը՝ 700- 1800 դրամ, արքայանարինջը (կարալյոկը)՝ 400 դրամից սկսած, խաղողը՝ 700-1500: Մշտապես անհասկանալի թվացող չրեղենն էլ խիստ «ամրապնդել» է դիրքերը, «թանկ ու կրակ» ապրանքներ հորիզոնականում կրկին ծիրանի չիրն է, որը 4500 դրամից հասել է 6000 դրամի: «Մինչեւ դեկտեմբեր մրգի ու բանջարեղենի գինը հարյուր տոկոսով բարձրանալու ա: Տեսեք՝ հիմա խնձորը, որ 400 եմ ծախում, դառնալու ա՝ 800: Էս տարի սարսափելի է վիճակը: Էս լրիվ ապրանքներն իմն են՝ բացի կարալյոկից, դե կարալյոկն էլ բերել-դրել եմ, որ գոնե չեկի փող աշխատեմ: Օրական 1500 դրամ տեղի փող ենք տալիս»,- ասաց զովաշենցի տիկին Ռիման: Ըստ նրա՝ նախորդ տարի իրենց խնձորի այգուց ստացել էին 2 տոննա խնձոր: «Էս տարի հազիվ 200 կիլո խնձոր ենք ստացել: Ծիրանի մեծ-մեծ ծառեր ունենք, բայց նմուշի համար գոնե մի հատիկ ծիրան չստացանք: Դեղձի ծառերից էլ հազիվ հավաքել ենք էս մի արկղ դեղձը՝ էն էլ գերհաս վիճակում»,- շարունակեց տիկին Ռիման, ում հաշվարկներով՝ գյուղացին տարեկան մոտ 1000 դոլար ծախսում է, ինչպես իրենք ասացին՝ հողի վրա: «Ամեն անգամ ջրելու համար 10.000 դրամ փող ենք տալիս, ճանապարհի ծախսն ա, պարարտանյութի, մի խոսքով՝ էսօր արդեն ձեռք չի տալիս հող պահելը»,- նկատեց գյուղացի կինը: «Դեկտեմբերից հետո ամեն ինչի գինը կրկնապատկվելու ա: Կաղամբը, որ 150 դրամ ա, դառնալու ա 500-600 դրամ, բադրիջանը, որ կիլոն 200դրամ ա, հատով ենք ծախելու: Էս մի քանի ժամանակներն են, որ մի քիչ էժան ա»,- նշեցին հարեւան տաղավարի առեւտրականները: «Էս տարի ամեն ինչ քիչ ա, քիչ: Հիմիկվանից ժողովուրդը պիտի ձմեռվա հոգսը քաշեն, թե չէ…»,- դառնությամբ շարունակեցին նրանք: Եթե բանջարեղենի ու մրգի գների բարձրացումը պայմանավորում են եղանակային անբարենպաստ պայմաններով, ապա այլ է մթերային ապրանքների պարագան: Պանրի թանկացումներին հաջորդեցին կարագի թանկացումները: Եթե նախկինում կարագի 1կգ-ն վաճառվում էր 2100-2500 դրամով, ապա այսօր արդեն 2350-2950 դրամ է: Ձեթի գինը բարձրացել է 30-50 դրամով, շաքարավազինը՝ 10-15 դրամով, հացինը՝ 10-20 դրամով: Հնդկաձավարի 1կգ-ն արդեն վաճառվում է 1100 դրամով: «Ես գների թանկացման վերաբերյալ մեկնաբանություններ արդեն չեմ կարող տալ: Մեզ մոտ ոչինչ չի էժանանում, բայց օր օրի թանկացումներ են տեղի ունենում: Իսկ աշխատավարձերը մնում են նույնը: Նոր տարին էլ է մոտենում, ինչը նշանակում է, որ թանկացումների նոր ալիք է սպասվում: Հետեւաբար, անկեղծորեն ես արդեն ստեղծված իրավիճակից դուրս գալու ոչ մի մեխանիզմ չեմ տեսնում»,- երեկվա ասուլիսում նշեց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ-ի նախագահ Աբգար Եղոյանը: «Քյասար ժողովրդին ասում են՝ գնա կախվիր: Երկու կոպեկ ավելացրեցին, տեղը պիտի հանեն»,- ասաց Գումի շուկայի հարակից փողոցի լիմոնավաճառ տատիկը: Վերջինս հունական, արգենտինական ու վրացական լիմոններն այլեւս չի գովազդում, ինչպես ինքն ասաց՝ ավելի շատ զբաղվում է եկող-գնացողներին օրհնելով: