– Իշխանական ուժերն արդեն սկսել են պատրաստվել համապետական ընտրություններին, որին դեռեւս երկար ժամանակ կա: Նույնիսկ բանակցություններ են վարում, թե որ ուժը ապագա խորհրդարանում որքան տեղ է ունենալու, եւ այլն: Ինչո՞վ եք բացատրում այդ շտապողականությունը:
– Ես համաձայն չեմ, որ կա շտապողականություն, հակառակը` քաղաքական ուժերը արդեն ցեյտնոտի մեջ են: Ընտրություններին նախապատրաստվում են ընտրությունների հաջորդ օրն իսկ: Իշխանությունները, 2-3 տարի է, միայն հետընթաց են արձանագրում: Դա վերաբերում է տնտեսությանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանը: Միմիայն ձախողումներ կան, որը շատ վատ կապիտալ է հաջորդ ընտրություններում հաջողության հասնելու համար: Անգամ ընտրակեղծիքները կարող են չփրկել իրավիճակը: Ընդդիմադիր ուժերը եւս ուշանում են: Նրանք դեռեւս չեն կարողացել պատասխանել 2 հիմնարար հարցերի` ինչպե՞ս կարող են պայքարել նույն ընտրակեղծիքների դեմ եւ ի՞նչ են անելու, եթե ընտրությունների ժամանակ հաջողության հասնեն: Իշխանական քարոզչամեքենան ցանկանում է խորհրդարանում արդեն «երաշխավորված» հաղթանակի մասին խոսակցություններով համախմբել քայքայվող համակարգը, այնպես էլ բարոյալքել մրցակիցներին:
– Իսկ գուցե պատճառն այն է, որ նրանք քաղաքական դաշտում այլեւս իրավիճակի որեւէ փոփոխություն չեն տեսնում: Խոսքը` ՀԱԿ-ի կողմից հասարակական ընդվզման ալիքի բարձրացման անհնարինության մասին է, որի դեպքում միայն կարող են փոխվել նրանց մշակած սցենարները:
– Չեմ կարծում, որ հիմնական պայքարը ՀԱԿ-ի եւ գործող իշխանությունների միջեւ է լինելու: Կրկնվեմ, հիմնական պայքարը քայքայվող իշխանության տարբեր խմբավորումների մեջ է ընթանալու, եւ ընդդիմադիր մամուլը, ընդդիմադիր կուսակցությունները եւս կարող են սպասարկել իշխանության տարբեր խմբավորումներին, նաեւ փորձելով սեփական խաղը խաղալ: Հայաստանի բոլոր ընտրությունների ժամանակ էլ նույն սցենարն է գործել: Հիմնական պայքարը ընթացել է իշխանության տարբեր խմբավորումների միջեւ, իսկ պաշտոնական ընդդիմություններն օգտագործվել են այդ պայքարում, անկախ այն բանից` դա գիտակցե՞լ են, թե՞ ոչ: Ուղղակի հիմա իրավիճակը Հայաստանի համար ճգնաժամային է, եւ հնարավոր է, որ այս անգամ իրադարձությունների սցենարը փոխվի:
– Իշխանությունների սցենարով` խորհրդարանում որպես ընդդիմադիր ուժ՝ «Ժառանգության» փոխարեն հնարավոր է հայտնվի ՀԱԿ-ը, որը, ըստ նրանց` պետք է լեգիտիմացնի այդ ընտրությունները: Սա որքանո՞վ եք հավանական համարում, եւ արդյո՞ք ՀԱԿ-ը կստանձնի այդ դերակատարումը:
– Նախ նման սցենարի մասին ես տեղյակ չեմ: Լեւոն Տեր-Պետրոսյանն իրեն համարում է պրագմատիկ քաղաքական գործիչ, որի տեսակետները ՀԱԿ-ում ընդունվում են առանց քննադատության: Նրա ցանկացած որոշում ՀԱԿ-ում կողջունվի: Նախ՝ ինքը` Տեր-Պետրոսյանը, հայտարարել էր, որ քաղբանտարկյալներին բաց թողնելու դեպքում ինքը պատրաստ է իշխանությունների հետ երկխոսություն սկսել: Ցանկացած պահի կարելի է հայտարարել, որ` հանուն Հայրենիքի, հանուն Ղարաբաղի հարցի լուծման, հանուն պայքարի սահմանադրական եղանակների՝ ինքը համաձայնում է իշխանությունների հետ երկխոսության մեջ մտնել: Սակայն պետք է նաեւ հաշվի նստել այն իրողության հետ, որ Տեր-Պետրոսյանն այս իշխանությունների համար հուսալի գործընկեր չէ, եւ հնարավորության դեպքում իշխանությունները կաշխատեն նրան չեզոքացնել:
– Ինչո՞ւ եք համարում, որ Տեր-Պետրոսյանն իշխանությունների համար հուսալի գործընկեր չէ:
– Հիմնական պատճառն այն է, որ ՀԱԿ-ի հիմնական հետեւորդների համար ռեժիմը ավազակապետական է, ինչը սահմանափակում է Տեր-Պետրոսյանի մանեւրելու հնարավորությունները, եւ դա ռեժիմի ղեկավարները լավ են հասկանում:
– ՀԱԿ-ը խոստացել է, որ Հայաստանում լինելու են ոչ թե հերթական, այլ արտահերթ ընտրություններ: Որքանո՞վ է դա իրատեսական` հաշվի առնելով ՀԱԿ-ի որդեգրած քաղաքականությունը:
– Այսօր ոչ ոք վստահորեն չի կարող ասել, թե ընտրությունները կլինեն հերթակա՞ն, թե՞ արտահերթ: Կարծում եմ, որ իշխանություններն իրենց համար մի քանի սցենարներ են մշակում, թե որը կընտրվի` կախված է արտաքին հանգամանքներից: Ցավոք, ընդդիմադիր ուժերը նույնպես իրենց ծրագրերը հարմարեցնում են արտաքին զարգացումներին: Հասարակությունը մնում է դիտորդի կամ «օգտագործվողի», այսինքն` գործիքի դերում:
– Լեւոն Տեր-Պետրոսյանը հոկտեմբերի 15-ի հանրահավաքում անդրադարձել էր ՀԱԿ-ին նման մեղադրանքներ ներկայացնողներին, ասելով. «Որեւէ բանական մարդ, օրինակ, չի կարող առարկել եւ, ըստ էության, չի էլ առարկում, որ ՀՀ արտաքին քաղաքականության շարունակական ձախողումները պայմանավորված են բացառապես երկրի ներսում տիրող անառողջ իրադրությամբ… Ուստի թող ոչ ոք մութ սենյակում սեւ կատու չփնտրի, որովհետեւ այնտեղ կատու չկա»: Համոզիչ չէ՞:
– Ոչ, համոզիչ չէ: Նա նաեւ տրամագծորեն հակառակն է ասել, որ մինչեւ չկարգավորվեն հայ-թուրքական հարաբերություններն ու Ղարաբաղի հակամարտությունը, Հայաստանը հեռանկար չունի, անկախ այն հանգամանքից, թե ում ձեռքին կլինի իշխանության ղեկը: Համոզված եմ, որ այս բառերն արտասանելիս նա ավելի անկեղծ էր: