Նոր մանրամասներ

26/10/2010

«Հայտնի ռուս հեռուստահաղորդավար Վլադիսլավ Լիստեւի սպանության գործում նոր փաստեր են ի հայտ եկել»,- այդ մասին հայտնել է ՀըԽ-ն: Ըստ այդմ, Սանկտ Պետերբուրգի լրագրողները պարզել են, որ Տամբովի խմբավորման անդամներից մեկն անվանել է 1990-ականների ամենաաղմկահարույց սպանության իրականացնողներին ու պատվիրատուներին: Հետաքննության տվյալների մասին «Իզվեստիա» թերթին պատմել է Լրագրողական հետաքննությունների գործակալության փոխտնօրեն Եվգենի Վիշենկովը: Ըստ լրագրողի` Տամբովի օպերատիվ հետաքննչական խմբի անդամներից մեկը, որին այժմ տեղափոխել են Մոսկվա, մանրամասն ցուցմունքներ է տվել Լիստեւի սպանության մասին, թե ում էր հանձնարարված ոչնչացնել լրագրողին, ով էր կազմակերպիչն ու կատարողը: Նա թվարկել է բոլոր անունները, այդ թվում` սպանությունն իրականացնողներին: Ըստ Վիշենկովի` ցուցմունքներում հիշատակված բոլոր մարդիկ ժամանակին շատ հայտնի են եղել: Նրանց թվում են Սանկտ Պետերբուրգի «գիշերային գուբերնատոր» Վլադիմիր Բարսուկովը (Կումարին) եւ Մոգիլա մականունով պետերբուրգյան մեկ այլ քրեական հեղինակություն` Կոնստանտին Յակովլեւը, որը վերահսկում էր մեդիաբիզնեսն ու գովազդը (2003թ. սպանվել է): Լրագրողների տվյալներով` ցուցմունքներում նշվում է Բորիս Բերեզովսկիի ու Կոստյա-Մոգիլայի հանդիպման մասին, որի ժամանակ էլ, հնարավոր է, պատվիրվել է լրագրողի սպանությունը: Վլադ Լիստեւի սպանության պատճառը, ամենայն հավանականությամբ, հեռուստագովազդի անվերահսկելի շուկայում կարգուկանոն հաստատելու նրա փորձն էր: