Ի՞նչ էր «հոկտեմբերի 27»-ը՝ «Աստծո պատի՞շ»։ Գուցե «դե՞պք»

26/10/2010 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

– 11 տարի առաջ տեղի ունեցավ «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչությունը: Հետաքրքիր է, ըստ Ձեզ, այս 11 տարիների ընթացքում փորձ արվե՞ց հասկանալ` ինչո՞ւ նման բան եղավ, որպեսզի հնարավոր լինի հասկանալ նաեւ մեկ այլ բան` հնարավո՞ր է դրա կրկնությունը, թե՞ ոչ:

– Փորձեր միգուցե արվել են, սակայն հանրային պահանջի բացակայությունը թույլ չի տալիս հաղթահարել «Հոկտեմբերի 27»-ի բարդույթն ու հետեւանքները:

– Բայց գոնե առաջին մեկ տարում հանրային պահանջ կար:

– Դա ավելի շատ զգացական, հուզմունքային պահանջ էր. կատարվել էր սոսկալի, դաժան մի բան, որը 100-ապատկվեց հեռուստատեսության ազդեցության շնորհիվ: Զենքով, երկար անձրեւանոցներով մարդասպանների, կրակոցների, անշնչացած դիակներին ավտոմատների խզակոթով հարվածների սարսափելի կադրերը հուժկու հարված հասցրեցին մարդկանց հոգեվիճակին: Սակայն ժամանակը, ինչպես տեսնում ենք, հանդարտեցրեց հուզմունքը, որին չեկավ փոխարինելու միասնական պահանջը` գնահատել այդ ողբերգությունն ու, ինչպես ասում են, դասեր քաղել: Կարծում եմ, չէր կարող ներքին խնդիրները լուծելու պահանջ ձեւավորվել մի երկրում, որտեղ միայն արտաքին գործոններն են ինչ-որ չափով կոնսոլիդացնում ազգը: Մենք այսօր չունենք ընդհանրություններ` լեզվի, տարածքի, միմյանց հանդեպ վստահության, ընդհանուր ապագայի տեսլականի, տնտեսա-սոցիալական համակարգի: Ժողովրդին պետք է տասնյակ թելեր կապեն, որոնք թույլ են տալիս ինչ-որ չափով հակազդել կամ դիմակայել նման հարվածներին: Իսկ մենք այսօր ջլատված, իրար հանդեպ անտարբեր ժողովուրդ ենք: Լեզվի մասին ենք խոսում, որը մեզ պահում է 5000 (ոչ, պարզվում է` արդեն 8000) տարի, բայց օտարալեզու դպրոցներ ենք բացում: Ցանկանում ենք «հայկական աշխարհ» ստեղծել, բայց չգիտենք որտեղ` Հայաստանո՞ւմ, թե՞ միացյալ Հայաստան-Արցախում, ոմանց համար՝ նաեւ Ջավախքում, Կարսում ու Արդահանում, ամբողջ Արեւմտյան Հայաստանում, Ծովից ծով կայսրությունում: Վերջերս մի ազնիվ դերասան-մտավորականի հարցազրույց կարդացի, անկեղծ ասում է. «Դե, մի ծտի ծերտի չափ երկիր ունենք, ի՞նչ լավ բան կարող ենք այստեղ անել»: Կա՞ն էլի արդյոք պետություններ, որոնք դեռ չեն կողմնորոշվել` ո՞րն է իրենց քրտինք ու կամք պահանջող Հայրենիքը, որի սահմաններում պարտավոր ես արդար եւ մրցունակ պետություն կառուցել: Եվ այդ ինչպե՞ս է, որ կենսական տարածքներ կորցրած Մեքսիկան ու Կիպրոսը, Գերմանիան ու Վրաստանը, Ճապոնիան ու Սերբիան, այնուամենայնիվ, կառուցում են իրենց ապագան: Միասնական կարծիք չունենք իշխանությունների լեգիտիմության հարցով, չունենք ընդհանուր տեսլական ապագայի մասին` ի՞նչ ենք կառուցում, ի՞նչ երկիր ենք ունենալու: Չունենք նույնիսկ ընդհանուր քաղաքական-տնտեսական համակարգ` Երեւանում օլիգարխիկ կապիտալիզմն է գործում, մարզերում դեռեւս ֆեոդալական համակարգ է: Ու այս տեսակի երկրներում ահաբեկչությունը, որպես զանգվածային ոչնչացման հոգեբանական զենք, շատ հեշտ է հասնում իր հիմնական նպատակին` վախեցնել տասնյակ-հազարավոր, միլիոնավոր մարդկանց:

– Նշեցիք, որ հանցագործության բացահայտման համար հանրային պահանջ չկար: Իսկ իշխանություննե՞րը. ինչո՞ւ նրանց արձագանքն ադեկվատ չեղավ: Ի վերջո, սպանել էին իրենց նմաններին, եւ գոնե տեսակի պահպանման բնազդը պետք է հուշեր` փորձել հասկանալ կատարվածի ողջ ողբերգությունը:

– Իսկ ո՞վ է ասում, թե իշխանությունները հետեւություններ չեն արել. մեծացնում են թիկնազորը, զրահապատ մեքենաների քանակը, բարձրացնում են շենքերի պարիսպները, խստացնում են սեփական անվտանգության համակարգը: Լավ, դա՝ իշխանությունները, իսկ հարյուր-հազարավոր հասարակ քաղաքացիները: Նրա՞նք ինչով պետք է պաշտպանվեն: Ու այստեղ ես ստիպված եմ հետեւյալ «հերետիկ» միտքն արտահայտել: Մենք բնազդաբար մինչեւ այժմ բացարձակ չարիք ենք համարում թուրքական ջարդերը, թուրքի տակ ապրելը, թրքությունն` առհասարակ: Եվ դա տանում է մեզ հավերժ համեմատությունների, որից հետեւում է, որ այդ արհավիրքների, բացարձակ չարիքների դիմաց ցանկացած «մերը», «ազգայինը» (պետություն, իշխանություն, ռեպրեսիվ համակարգ), ավելի լավ է, տանելի, ապահով: Այսինքն` ի՞նչ էր «Հոկտեմբերի 27»-ը Եղեռնի համեմատ, ի՞նչ է «Հոկտեմբերի 27»-ը` մեր հարատեւ եւ տառապալի պատմության համեմատ: Եվ դրանով է բացատրվում, որ թուրքի թափած արյունը մենք համարում ենք որպես մեր ցեղակցի թափված արյուն, մե՛ր ձեռքով թափված մեր ցեղակցի արյունը` ոչ: Կհիշեք, «27»-ի զոհերին ոմանք թուրքերի հետ էին համեմատում, իսկ թուրքին սպանելը միշտ արդարացված է: Հիշեցնեմ նաեւ, որ հարցումներ անցկացվեցին «Հոկտեմբերի 27»-ի սպանդից հետո: Հարցվածների մոտ 25 տոկոսն արդարացնում էր ոճրագործությունը` հղում անելով սոցիալական անտանելի վիճակին, կոռուպցիային եւ այլն: Այսինքն` Հայաստանում հանրային մտածողության մեջ սպանությունը միշտ չէ, որ հանցագործություն է: Դա խանգարեց մեզ ընկալել, թե ինչ հարված, ինչ չարիք էր «Հոկտեմբերի 27»-ը:

– Իրո՛ք, ինքնախաբեության չդիմենք. այսօր շատերը, գուցե 25 տոկոսից էլ ավելին 11 տարիների հեռվից Հունանյանի խմբի համար արդեն արդարացումներ են գտնում. ժամանակն, ամեն դեպքում, փոխում է խնդրի ընկալման սրությունը, ինտերպրետացիան: «Հոկտեմբերի 27»-ը այսօր լուրջ ողբերգություն չի համարվում, քանի որ պետական ինստիտուտներն այնքան անկատար են, կոռումպացված, որ շատերն օրվա մեջ մի քանի անգամ մտովի գնդակահարում են այս կամ այն չինովնիկին:

– «Դու ասացիր»: Ուրեմն, ահաբեկչությունը կարող է կրկնվել ցանկացած պահի:

– Կարծում եք` թե այդ ահաբեկչությունը տեղի ունենար, դիցուք, Մեծ Բրիտանիայում, կբացահայտվե՞ր, կամ հասարակական արձագանքն ա՞յլ կերպ կլիներ:

– Միգուցե չբացահայտվեր, չգիտեմ, բայց ընդհանուր վիշտն ու զայրույթը կոնսոլիդացնում է ազգը, մեծացնում է իշխանությունների պատասխանատվությունը, բերում է շոշափելի փոփոխությունների` հրաժարականների, օրենսդրական դաշտի խստացման, մտածելակերպի, ԶԼՄ-ների քաղաքականության փոփոխության, հանրային բուռն քննարկումների: Մեծ Բրիտանիան այսօր այլ երկիր է, քան 2005թ. ահաբեկչություններից առաջ: Այլ օրինակ բերեմ` Ֆրանսիայում «թոշակային ռեֆորմի» հետ կապված գործադուլներն ու ցույցերը: Եթե Հայաստանում իշխանությունները որոշեին, որ կենսաթոշակային տարիքը 90 կամ 100 տարեկանից է, ի՞նչ արձագանքներ կլինեին: Կասկածում եմ, որ սոցիալական հողի վրա այդպիսի խռովություններ սկսվեին:

– Մի՛ ասեք` այդ ժամանակ հայերս կձգտեինք ապրել այնքան, որ անպատճառ հասնենք կենսաթոշակային տարիքի:

– Ես էլ ասում եմ, որ նորից կանիծեին «կեղեքիչ իշխանավորներին», կսկսեին փող կուտակել, հնարավորության դեպքում ծերությունն ապահովելու համար ավելի շատ կգողանային, իսկ եթե չստացվեր` երկրից կհեռանային: Բայց հանրային բուռն ընդվզում չէր լինի: Քանի որ, կրկնեմ, միակ կոնսոլիդացնող գործոնները մնում են արտաքին կամ պատմա-հոգեբանական իդեաները` Ղարաբաղ, Թուրքիա, Եղեռն, պատմական հայրենիք եւ այլն: Բաներ, որոնք շատ կարեւոր են ազգային ինքնագիտակցության համար, բայց ուղղակիորեն կապված չեն ժողովրդի բարեկեցության, իրավական պետության, արդարության հետ:

– Մարդիկ չեն բողոքում անզորությունից, հուսահատությունից:

– Կամ վախից: Ես չեմ մեղադրում. կան արդարացումներ, բացատրություններ` պատմական, հոգեբանական, սոցիալական: Մենք մի ազգ ենք, որը չի ունեցել անկախ պետականություն եւ այդ պետականության շրջանակներում իր իրավունքները պաշտպանելու փորձ ու ավանդույթ: Եվ որի ընդվզումը, որպես կանոն, վեր է ածվել ազգային-ազատագրական պայքարի` ուղղված այլ պետության, ազգի, ռեժիմի դեմ: Կրկնում եմ, մենք դեռ չգիտենք պաշտպանել մեր շահերը մեր սեփական երկրում: Թուրքական, ցարական լծի տակ ապրելու համեմատ` նման` թող որ անպատիվ կյանքը, շատերի կարծիքով, ավելի ապահով է, հանգիստ: Նաեւ ենթագիտակցաբար վախենում ենք վտանգել մեր իսկ երկիրը: Վտանգն էլ մեր պատկերացմամբ՝ ոչ թե կոռուպցիան է, բռնությունները, ժողովրդավարության բացակայությունը, այլ հակաիշխանական ընդվզումները: Տեսեք, ո՞վ է մեր հերոսը: Հիմնականում` ավազակը, գողը: Որովհետեւ մեզ համար գողն ավելի փոքր չարիք է, քան մարդասպանը:

– Ամեն դեպքում, հասարակության վրա բարդել ողջ մեղքն, այնքան էլ արդար չէ: Եղել է հաղթանակ Ղարաբաղում, ստեղծվել է անկախ պետություն: Սակայն իշխանությունների համար այսօր հերոսը, ճիշտ է, գողն ու ավազակն է, իսկ նրանք, ովքեր հաղթել են Ղարաբաղում եւ չեն հասցրել գեներալի կոչում ստանալ, կա՛մ աղքատության շեմին են, կա՛մ անազատության մեջ, կա՛մ չեն կարողանում ՀՀ քաղաքացիություն ստանալ: Ժամանակին, երբ ձերբակալեցին Ժիրայր Սէֆիլյանին` ահաբեկչական գործողություն կազմակերպելու մտադրության կասկածանքով, Դուք դա համարեցիք արդարացված: Յուրաքանչյուր անցանկալի, բողոքելու ունակ մեկին իշխանությունները հեշտորեն կարող են մեկուսացնել հասարակությունից` հիմնավորելով, թե նա անհնազանդության, ահաբեկչություն կազմակերպելու մտադրություն է ունեցել:

– Այո, Ղարաբաղում հաղթեցինք, եւ պատճառն այն է, ինչպես արդեն ասացի, որ մենք կոնսոլիդացվում ենք արտաքին մարտահրավերների պարագայում: Բայց մարտահրավերի չեզոքացումը միայն մարտական գործողություններով չի պայմանավորվում: «Հետո»-ն է կարեւոր` հետո պիտի ամրապնդես քո հաղթանակի արդյունքները, իսկ դա մեզ մոտ լավ չի ստացվում: Ինչ վերաբերում է Ժիրայր Սէֆիլյանին, հասկանում եմ եւ՛ նրա, եւ՛ իր համախոհների արդար ցասումը, սակայն դեմ եմ այն մեթոդներին, որոնց հակված է մեր հասարակության մի մասը: Անկախ նրանից` նա իշխանության թե ընդդիմության մեջ է, ահաբեկչությունը որպես վեհ նպատակներին հասնելու գործիք, փիլիսոփայություն, չեմ ընդունել եւ չեմ ընդունում: Ընդունում եմ պայքարի քաղաքակիրթ ձեւերը, դեմ եմ բռնությանը:

– Քաղաքակիրթ` այսինքն` պետք է դիմեն իրավապահների՞ն: Դուք էլ գիտեք` իրավապահներից ոմանց հետ շփվելը բերում է կա՛մ ինքնասպանության ցանկության, կա՛մ նրան սպանելու ցանկության:

– Եթե հասարակությունը համախմբվի, կդառնա մի հզոր ուժ: Սակայն մենք նախընտրում ենք անարդարության դեմ պայքարել լոկալ` հարմարվելով դրան կամ անհատական լուծում գտնելով:

– Դուք Ձեզ պաշտպանված զգո՞ւմ եք մեր երկրում:

– Ոչ, եւ ես փորձում եմ ստեղծել իմ փակ, առավել անվտանգ աշխարհը, եւ յուրաքանչյուրը դա անում է իր գիտակցության, միջոցների չափով: Հայը մարդու «փակվող» տեսակ է. տեսեք` ցանկապատված, պարսպապատված են տները, ավտոմեքենաներ` իրենց անթափանցիկ ապակիներով, նույնիսկ գերեզմանները: Մենք իրար չենք սիրում, չենք վստահում, իսկ այդպիսի հասարակությունը միշտ կարելի է խեղճացնել ահաբեկչությամբ, բռնությամբ:

– Հայաստանում ահաբեկչության վտանգ այսօր կա՞, ըստ Ձեզ:

– Ինչո՞ւ վտանգ, բռնությունը մեզ մոտ նորմ է դարձել: Կարծում էինք` այլեւս «Հոկտեմբերի 27» չի կրկնվի, դա պարզապես «Աստծո պատիժ էր», մի ցավալի ակնթարթ՝ «հաղթանակած» մեր երկրում: Բայց, տեսանք, եղավ Մարտի 1-ը, որը եւս ահաբեկչություն էր պետության կողմից կիրառված: Նպատակը վախեցնե՞լն էր, վախեցրեցին, իշխանությունը պահելն էր` պահեցին: Ի վերջո, ի՞նչ է 10 կյանքը մեկուկես միլիոն նահատակների համեմատ, ի՞նչ է այդ 10 կյանքը թուրքի ձեռքից նահատակված Հրանտ Դինքի կյանքի համեմատ: Ուռճացնո՞ւմ եմ: Ո՛չ: Համենայնդեպս, հավաքական հայոց մտավորականությունն իր գործողություններով, ելույթներով, հոդվածներով կարծես հենց դա էր ասում:

– Լուրջ հավակնություններ մեր երկիրը, կարծես, չունի: Մենք մեր ողջ պատմության ընթացքում գործածում ենք «գոյատեւել» եզրը: Գուցե նման հասարակության, նման իշխանությունների «շնորհի՞վ» է (կամ առանց չակերտների), որ ապրելու փոխարեն` դարից դար ենք ձգվում` թող որ մի կերպ գոյատեւելով:

– Ամենեւին չեմ բացառում, որ հենց այսպիսի մեր տեսակն է, որ թույլ է տվել մեզ մնալ աշխարհի քարտեզի վրա եւ որպես ազգ, եւ արդեն որպես պետություն: Փոթորիկների ժամանակ անգամ հսկա ընկուզենիներն են տապալվում, իսկ ճկուն եղեգը մնում է: Գուցե մենք այդ ներքին քամիներին դիմակայող եղե՞գն ենք: Սա էլ է հարատեւման մոդել, սակայն այս դեպքում պետք է համակերպվենք այն մտքին, որ անցյալում մեր հերոսը կշարունակի մնալ նահատակը` Անմեղ Նահատակը, իսկ ներկայում` բանդիտն ու կաշառակերը: Ազգայի՛ն Բանդիտն ու Կաշառակերը: