Պզոյենց նման

26/10/2010

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի մի քանի թերթերի փոխանցմամբ` հոկտեմբերի 21-ին Հետաքննությունների դաշնային բյուրոյի շուրջ 160 աշխատակիցներ շուրջկալ են իրականացրել American Therapeutic Corporation-ի երկու կլինիկաներում, որը ԱՄՆ-ի հոգեբուժական հիվանդանոցների խոշորագույն ցանցերից մեկն է: Հիվանդանոցի սեփականատերերին ու թոփ-մենեջերներին շուրջ 200 մլն դոլարի մեքենայություններ կատարելու առնչություն ունենալու մեղադրանք է առաջադրվել: Արդարադատության գլխավոր դատախազի օգնական Լենի Բրեյերը հայտարարել է, որ որոշ հիվանդներ նույնիսկ չեն իմացել, թե որտեղ են իրենք գտնվում, եւ ինչ է կատարվում իրենց շուրջը: Հիվանդներն ունակ չեն եղել ինքնուրույն սնվել եւ կառավարել իրենց ֆիզիոլոգիական պահանջմունքները: Ենթադրվող մեքենայության մասշտաբները` 200 մլն դոլար, ակամա հիշեցրել է դրանից շուրջ 10 օր առաջ բացահայտված, այսպես կոչված, «հայկական մաֆիայի» հետ կապված գործը, որտեղ մեքենայություններից ստացված գումարը հասնում էր 163 մլն դոլարի: Ամերիկյան իշխանությունները 163 մլն դոլարի հափշտակությունների գործը համարել էին ամենամեծ խմբակային մեքենայությունը Medicare-ի ոլորտում: ԱՄՆ-ի եւ ողջ աշխարհի լրատվամիջոցները բավական մեծ աղմուկ էին բարձրացրել այդ դեպքի հետ կապված: Նշենք, որ American Therapeutic-ը ոչ միայն Medicare-ի ամենամեծ բաժին ունեցողն է հոգեբուժության ասպարեզում, այլեւ հայտնի է Վաշինգտոնում իր ակտիվ լոբբինգ գործունեությամբ եւ իր կապերով կոնգրեսականների ու այլ քաղաքական գործիչների հետ: Medicare եւ Medicaid Services ասոցիացիաների մեքենայությունների դեմ պայքարի առողջապահության ազգային բյուրոյի գործադիր տնօրենի խոսքով, համակարգում հանցագործների գործողություններից ամենամյա կորուստները կազմում են 65 մլրդ դոլար: