Կպաշտպանեն Թուրքիային

26/10/2010

ԱՄՆ-ի կողմից Թուրքիայում տեղակայվելիք հակահրթիռային պաշտպանության համակարգերի շուրջ իր հրապարակման մեջ թուրքական «Zaman»-ը նշել է, թե դրանք ուղղված չեն լինի Իրանի դեմ եւ չեն էլ պաշտպանի Իսրայելին, ավելին` Իսրայելի հարձակումից կպաշտպանեն Թուրքիային:

Դեռեւս շարունակվող հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայման խոսակցությունների ֆոնին թուրքական կողմը երաշխիքներ է պահանջել ԱՄՆ-ից, որ դրանցում տեղադրված հետախուզական սարքերի միջոցով ստացված տվյալները չեն տրամադրվի Իսրայելին, նաեւ պահանջել է Իրանին հանել վտանգ ներկայացնող երկրների շարքից: ԱՄՆ-ը այս պահանջներին դրական պատասխան է տվել: Հակահրթիռային կայանքների տեղադրումը որոշ շրջանակներ համարում են ԱՄՆ-ի կողմից Իսրայելին պաշտպանելու քայլ, ինչը չի համապատասխանում իրականությանը երկու պատճառով` նախ, Իսրայելը ՆԱՏՕ-ի անդամ չէ: Երկրորդ` Իսրայելը նման կայանքի կարիք չունի, քանի որ ունի սեփական հակահրթիռային համակարգ: Ավելին` ՆԱՏՕ-ի համաձայնագրով, եթե մի երկիր հարձակվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա` այն համարվում է հարձակում ՆԱՏՕ-ի վրա: Ուստի, ԱՄՆ-ը հասկացնում է, որ Թուրքիայում տեղադրվելիք հակահրթիռային կայանքները Թուրքիային կպաշտպանեն Իսրայելի հարձակումներից: