Հեռացրել են

26/10/2010

Facebook սոցիալական ցանցում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հասցեին քննադատական արտահայտություններ արած թուրք ուսուցիչը հեռացվել է աշխատանքից: Թուրքական «Milliyet» օրաթերթի փոխանցմամբ` Չորումում հետաքննություն էր սկսվել ուսուցիչ Բ.Յ.-ի նկատմամբ այն բանից հետո, երբ վերջինը Facebook-ում «ոչ» էր ասել հանրաքվեին եւ քննադատել Թուրքիայի վարչապետին: Հետաքննությունից հետո Չորումի նահանգապետարանը որոշում է կայացրել ուսուցչին աշխատանքից հեռացնելու վերաբերյալ: Թուրքական իշխանությունների նման վարքագծի դեմ իր բողոքի ձայնն է բարձրացրել Թուրքիայի ուսուցիչների արհմիության Չորումի մասնաճյուղի ղեկավար Հալիլ Օզբենթը` հայտարարելով, որ նման քայլը հակասում է ժողովրդավարության նորմերին:

«Նման քայլն անհանդուրժողականության վառ օրինակ է: Մարդիկ այնպիսի վիճակում են հայտնվել, որ ուղղակի վախենում են ինչ-որ բան գրել Facebook-ում կամ խոսել հեռախոսով: Ցանկանում ենք հարցնել, թե այս ամենում ո՞րն է ժողովրդավարությունը»,- հայտարարել է Հալիլ Օզբենթը: