Իրաքի իշխանությունները խստորեն քննադատել են WikiLeaks ինտերնետ կայքի հրապարակումները Իրաքյան պատերազմի մասին: Իրաքի վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ դա փորձ է` խոչընդոտելու նոր կառավարության ձեւավորմանը: Խորհրդարանական ընտրություններից ավելի քան կես տարի անց տարաձայնությունների պատճառով Իրաքի կառավարությունը չի ձեւավորվում: Հիշեցնենք, որ WikiLeaks կայքը հարյուր-հազարավոր գաղտնի փաստաթղթեր է հրապարակել Իրաքի պատերազմի մասին: Ըստ այդ փաստաթղթերի, Իրաքի ոստիկանները, անվտանգության ուժերը խոշտանգել են գերիներին: «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը Իրաքի կառավարությանը կոչ է արել հետաքննել հրապարակված փաստերը: Իսկ Պենտագոնի ներկայացուցիչը հայտարարել է, որ ամերիկացի զինծառայողները կապ չունեն դրանց հետ: