Միայն հայ բարեկամները

26/10/2010

«Իմ կողքին մնացել են միայն հարազատ հայ բարեկամներս»,- գրել է Մերձդնեստրում անազատության մեջ գտնվող հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանը: Դիմումում, որը տարածվել է իր իսկ խնդրանքով, հայազգի լրագրողը արտահայտում է իր հիասթափությունը Մոլդովայի տեղեկատվության եւ անվտանգության ծառայությունից, Մոլդովայի քաղաքական կուսակցություններից, Մերձդնեստրի լրագրողներից` իրեն աջակցություն չցուցաբերելու համար: «Ինչպես եւ մտածում էի, իմ կողքին մնացել են միայն հարազատ հայ բարեկամներս: Վախենում եմ, որ նրանց ուժերը եւ ժամանակը չեն բավարարի` իրոք օգնելու ինձ,- գրել է Է. Վարդանյանը` հավելելով,- Ո՞վ կօգնի մի իրավիճակում, երբ ես, միամտորեն հավատալով ավելի լավին, տվեցի ինքնախոստովանական ցուցմունքներ` բարեխղճորեն փորելով գերեզմանս: Ո՞վ ինձ կօգնի, եթե ես ամբողջովին կտրված եմ նորմալ կյանքից, անօգնական եմ եւ իրավազուրկ»: Լրագրողը իրեն կարեկցողներին խնդրում է օգնել իր ընտանիքին: Հիշեցնենք, որ ծնունդով գյումրեցի 30-ամյա Է.Վարդանյանը անազատության մեջ է ապրիլի 7-ից: Լրագրողին ներկայացված լրտեսության եւ պետական դավաճանության մեղադրանքը նախատեսում է 12-20 տարվա ազատազրկում: Նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը օրերս երկարաձգվել է եւս կես տարով, եւ գործը ուղարկվել է դատարան: Նշենք, որ «Ժողովրդավարություն հանուն զարգացման» հասարակական կազմակերպությունը նամակով դիմել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, խնդրելով միջնորդել Մեձդնեստրի իշխանություններին` ներում շնորհել հայազգի լրագրող Է. Վարդանյանին: Նամակում մասնավորապես ասվում է. «2010թ. ապրիլի 7-ից Մերձդնեստրյան Հանրապետությունում անազատության մեջ է հայտնվել հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանը, որին այդ հանրապետության իշխանությունները մեղադրում են լրտեսության եւ հայրենիքի դավաճանության մեջ: Վարդանյանի ձերբակալությունը դատապարտել են տարբեր լրագրողական ու իրավապաշտպան կազմակերպություններ, եւ Մերձդնեստրի իշխանություններից պահանջել ազատ արձակել լրագրողին: Է. Վարդանյանն ահազանգել է իր հանդեպ կիրառվող ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումների մասին: Ըստ նրա` ճնշումների եւ արժանապատվության ոտնահարման վտանգի տակ է նաեւ իր կինը եւ ամբողջ ընտանիքը: Հաշվի առնելով Արցախի Հանրապետության բարիդրացիական հարաբերությունները Մերձդնեստրի Հանրապետության հետ` խնդրում ենք Ձեզ միջնորդել հայազգի լրագրողին ներում շնորհելու նպատակով»: